Հայկական խաչքարի բացման արարողություն Իտալիայի Պավիա քաղաքում

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | May 12, 2012 14:10

Մայիսի 9-ին Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանը գտնվել է Պավիայում` Հաղթանակի օրվա, Շուշիի ազատագրման և ԼՂ պաշտպանության բանակի 20-ամյակի կապակցությամբ Պավիայի պատմական Վիսկոնտեո ամրոցում հայկական խաչքարի  բացման արարողությանը մասնակցելու նպատակով:

Արարողությանը ներկա են գտվել Պավիայի քաղաքային իշխանությունների, հասարակության ու իտալահայ համայնքի ներկայացուցիչները:

Միջոցառման սկզբում ելույթներով հանդես են եկել Պավիայի քաղաքապետ Ա.Կատտանեոն և Իտալիայում ՀՀ դեսպան Ռ.Կարապետյանը:  Քաղաքապետն իր խոսքում անդրադարձել է հայ ժողովրդի բացառիկ պատմությանն ու մշակույթին` նշելով, որ «Պավիան հարստացավ հայկական խաչքարի տեղադրմամբ, որը շոշափելի հավելում է մեր քաղաքի պատմամշակութային ժառանգությանը»:

Իտալիայում ՀՀ դեսպանն իր հերթին ասել է, որ 14-րդ դարի իտալական այս ամրոցի գրադարանում ստեղծագործել է հանրահայտ գրող Ֆ.Պետրարկան, նրա սրահների մանրանկարները ստեղծվել են Լեոնարդո դա Վինչիի կողմից, ուստի ամրոցի մուտքի մոտ տեղադրված «հայկական խաչքարը գտել է իր արժանավայել տեղը ու իր նպատակին համապատասխան էլ ավելի կսրբացնի այս պատմական վայրը»:

Դեսպան Կարապետյանը կարևորել է մայիսի 9-ին խաչքարի տեղադրման փաստը, ինչպես նաև անդրադարձել եռատոնի խորհուրդին ու նշանակությանը հայ ժողովրդի համար` ընդգծելով, որ «ինչպես հաղթանակը Երկրորդ աշխարհամարտում, այնպես էլ Շուշիի ազատագրումն ու հաղթանակն Ադրբեջանի կողմից արցախցիներին պարտադրված պատերազմում պարզ ռազմական հաղթանակ չէր, այլ պատմական արդարության հաստատման, հայ ժողովրդի կողմից անկախության և ազատության համար մղված հերոսական պայքարի արդյունք: Այս խաչքարն էլ հավերժ կխորհրդանշի ոչ միայն մայիսի 9-ին հայ ժողովրդի արձանագրած հաղթանակները, այլև հայ-իտալական բազմադարյա բարեկամությունը»:

Այնուհետև խաչքարը, որը նվիրաբերվել էր քույր քաղաք Պավիային Գյումրիի քաղաքապետարանի կողմից, օծել են Պավիայի Կաթոլիկ ու Իտալիայի Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդները:  Միջոցառումն ավարտվել է Իտալիայի, ՀՀ-ի և ԼՂ-ի պետական օրհներգերի կատարմամբ:

Դիտվել է 933 անգամ:
Print Friendly

Leave a Reply