ԱԺ նախագահն ու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարը քննարկել են ընտրությունները

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 12, 2012 13:19

Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը մայիսի 12-ին  ընդունել է  ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար  Ռադմիլա Շեկերինսկային:

Ինչպես տեղեկացնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից,  պարոն Նիկոյանը շնորհակալություն է հայտնել մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններում աշխույժ դիտորդական առաքելություն իրականացնելու համար: Նրա խոսքով` իշխանությունները նպատակ են հետապնդել ապահովել ընտրությունների` արդար եւ օրենքի պահանջին  համապասխան անցկացումը, եւ հասարակության ու միջազգային հանրության կողմից   դրանց համարժեք ընկալումը:

Խորհրդարանի ղեկավարը ներկայացրել է այն աշխատանքները, որոնք իրականացվել են ԱԺ նախագահին կից ստեղծված մոնիթորինգային խմբի կողմից: Ներկայացուցչական այս յուրահատուկ հարթակը, որտեղ համատեղ, իրավահավասար հիմունքներով  քննարկումներ էին անցկացնում ընտրական գործընթացում ներգրավված ինչպես քաղաքական ուժերի, այնպես էլ հասարակական ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, հնարավորություն է տվել դիտարկելու եւ կանխարգելելու թե օպերատիվ լուծում պահանջող խնդիրներ, թե հարցեր, որոնք կապված էին Ընտրական օրենսգրքի կիրարկման հետ:

Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ հետագայում աշխատանքներ կտարվեն  արձանագրված  թերացումների վերացման համար, որոնք, այդուհանդերձ, ընտրությունների արդյունքների վրա էական ազդեցություն չեն ունեցել:

Ռադմիլա Շեկերինսկան վստահություն  է հայտնել, որ այդ համագործակցությունը կշարունակվի` իր նպաստը բերելով Հայաստանում ժողովրդավարության հետագա խորացմանը:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարի խոսքով` Ազգային ժողովը պետք է պարծենա այն արդյունքներով, որոնք տեսանելի են իրենց զեկույցներում: Դրանցում մասնավորապես նշվել է, որ Ընտրական օրենսգիրքն իրոք կայուն հիմքեր է ապահովում միջազգային չափանիշներին համապատասխան ընտրությունների կազմակերպման համար: Կան նաեւ զարգացման ենթակա ուղղություններ, սակայն այդ հարցում, նրա խոսքով, շտապողականություն ցուցաբերելու կարիք չկա:

Տիկին Շեկերինսկան ճիշտ որոշում է  որակել ԱԺ նախագահին կից մոնիթորինգային խմբի ստեղծումն ու կարեւորել այն աշխատանքը, որ տարվել է միասնաբար` բոլոր կողմերին ապահովելով մասնակցության հավասար հնարավորություններ: Խմբի աշխատանքներին ներկա են եղել նաեւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչները, եւ եզրահանգումն այպիսին է, որ նախադեպը չունեցող այս ձեւաչափը կարելի է կիրառել նաեւ հետագայում:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարը տեղեկացրել է, որ երկու ամիս անց կներկայացնեն իրենց վերջնական զեկույցը, որում կներառվեն նաեւ հետընտրական որոշ դիտարկումներ, ինչպես նաեւ առաջարկներ:

Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի եւս:

Դիտվել է 817 անգամ:
Print Friendly

Leave a Reply