«Մատչելի բնակարան» ծրագրով ապրիլի 30-ի դրությամբ վերաֆինանսավորվել է 738 վարկ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 12, 2012 12:05

«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում 2012թ ապրիլի 30-ի դրությամբ վերաֆինանսավորվել է 738 վարկ` 5,532.4 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր պայմանագրային գումարով: Ինչպես տեղեկացնում են «Բնակարան երիտասարդներին» ունիվերսալ վարկային կազմակերպությունից, 383 վարկ` 3,478.1 մլրդ դրամի չափով տրամադրվել է Երևանում, իսկ 355 վարկ՝ 2,054.3 մլրդ դրամի չափով՝ ՀՀ մարզերում:

Նշենք, որ ծրագրից օգտվելու չափորոշիչներում կատարված փոփոխությունների համաձայն՝ նախկին 2 տոկոսի փոխարեն, ՀՀ մարզերում տրամադրված հիփոթեքային վարկերի համար պետությունը սուբսիդավորում է 4 տոկոսը. այսինքն` մարզերում վարկառուի համար վարկի տոկոսը ստացվում է 6.5-7 տոկոս: Նախկին 30 տոկոսի փոխարեն, մարզերում տրամադրված հիփոթեքային վարկերի կանխավճարը կարող է կազմել ձեռք բերվող բնակելի տան կամ բնակարանի արժեքի առնվազն 10 տոկոսը, եթե վարկառուի կողմից, բացի տրամադրված վարկերի ապահովման միջոց հանդիսացող ձեռք բերվող բնակելի տան կամ բնակարանի գրավից, գրավադրվում է նաեւ այլ բնակելի անշարժ գույք: Ընդ որում` այս պայմանի առկայության դեպքում,տրամադրվող հիփոթեքային վարկի գումարը չի կարող գերազանցել գրավադրված բոլոր բնակելի անշարժ գույքերի արժեքի 70 տոկոսը, սակայն ոչ ավելի քան 11 մլն 200 հազար դրամը` անկախ գրավադրված բոլոր բնակելի անշարժ գույքերի արժեքից:

Ծրագրի շահառու կարող են լինել այն երիտասարդ ընտանիքները, որտեղ ամուսիններից առնվազն մեկը երիտասարդ է, իսկ մյուսի տարիքը չի գերազանցում 35-ը (ներառյալ), և ամուսինների գումարային տարիքը չի գերազանցում 60-ը, կամ երեխա ունեցող երիտասարդ միայնակ ծնող: Շահառուները պետք է ունենան եկամտի բավարար մակարդակ ստանձնած վարկային պարտավորությունները կատարելու համար:

Դիտվել է 765 անգամ:
Print Friendly

Leave a Reply