ԲՀԿ-ՀՀԿ նոր կոալիցիա կազմելու բանակցությունների վերաբերյալ լուրերը ո՛չ հերքվում են, ո՛չ հաստատվում
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | May 12, 2012 11:58
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին խորհրդարանական խմբակցության անդամ Արամ Սաֆարյանը տեղյակ չէ՝ իրականությանը համապատասխանու՞մ են լուրերը, թե՞ Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանին հայտնել է, որ նոր կոալիցիա կկազմվի, եթե իրականություն դառնա 4+2 ձևաչափը: Այսինքն՝ ԲՀԿ-ի նախկին 4 նախարարական պորտֆելները համալրվեն ևս երկուսով:
Ի պատասխան Արամ Սաֆարյանն ասել է, թե ինքը, մայիսի 7-ից սկսած, ոչ մի տեղեկություն չունի ոչ մի հարցի մասին: «Ոչ կարող եմ հաստատել, ոչ հերքել»,- Tert.am-ին ասել է Արամ Սաֆարյանը:
Արամ Սաֆարյանը նաև հերքել է տեղեկատվությունը, որ ինքը, Ռուբեն Գևորգյանը, Առողջապահության և քաղաքաշինության նախարարներ Հարություն Քուշկյանը և Վարդան Վարդանյանն իրենց մադատները վայր են դրել:
«Ոչ, էդպիսի բան դեռ չկա»,-ասել է նա:
Հարցին, թե նման բան հնարավոր համարո՞ւմ է, Արամ Սաֆարյանը պատասխանել է. «Կիմանաք` հնարավոր է, թե անհնար»:
Ի դեպ, քաղաքական շրջանակներում տևական ժամանակ է` շրջանառվում է, որ Արամ Սաֆարյանը պատրաստվում է կրկին վերադառնալ դիվանագիտական աշխատանքի` դեսպան նշանակվելով եվրոպական երկրներից մեկում:
ԲՀԿ նախընտրական շտաբի պետ, Քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանն էլ Tert.am-ին ասել է, որ այս մասին առաջին անգամ Tert.am-ից է լսում:
Նշենք, որ կայքերից մեկը, հղում անելով անանուն աղբյուրներին, նույն հարցին անդրադառնալով, գրել էր.«Մեզ հայտնի է դարձել, որ արդեն սակարկվել է ԲՀԿ-ի՝ ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմել-չկազմելու հարցը»:
Կայքը նշում է, թե հատկապես Կրթության և գիտության նախարարության հարցն է առաջնային քննարկման թեմա դարձել : Հավելվել էր, որ «Բարգավաճում» ցանկանում են ԱԺ փոխնախագահի պաշտոնում տեսնել Նաիրա Զոհրաբյանին:
Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ևս հայտնել է, որ պաշտոնապես կուսակցության ո՛չ գործադիր մարմնում և ո՛չ խորհրդի նիստում նման հարց չի քննարկվել»:
Էդուարդ Շարմազանովը նաև նշել է, որ չի պատրաստվում մեկնաբանել «անանուն լուրերը»:






Facebook
Tweet This
Email This Post
