Քննարկվում է Հակամենաշնորհային կարգավորման մասին օրենքի նախագիծը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | October 15, 2009 14:20

Անդրանիկ ԹևանյանԱյսօր «Պոլիտէկոնոմիա» ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանն ու ԱԺ  «Դաշնակցություն» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը հանրային քննարկմանն էին ներկայացրել իրենց հեղինակած «Հակամենաշնորհային կարգավորման» մասին օրենքի նախագիծը, որը միտված է ՀՀ ազատ տնտեսական գործունեության, ապրանքների ազատ տեղաշարժի, մրցակցության պաշտպանության, սպառողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար անհրաժեշտ միջավայրի ու պայմանների ստեղծմանը:

«Ճգնաժամային իրավիճակում  ներկա տնտեսական իրականության պատճառը ոչ միայն արտաքին է, այլև ներքին,-ասաց Թևանյանը,-մենաշնորհների առկայությունը, իշխանությունների և բիզնեսի սերտաճումը, ազատ գնագոյացման բացակայումը խանգարում են տնտեսության զարգացմանը Հայաստանում»:

Թևանյանն ասում է, որ օրենքը չի հանգեցնի իրավիճակի կտրուկ փոփոխության, «բայց սա մի քայլ է, որը կնպաստի իրավիճակի փոփոխությանը»:

Օրենքի նախագիծը երկու անգամ արդեն դրվել է քննարկման, և առաջարկված փոփոխություններն արդեն տեղ են գտել այսօր ներկայացված տարբերակում:

«Երբ ոլորտում մենաշնորհ ունեցող սուբյեկտը, չարաշահելով իր դիրքը, շուկայից դուրս է մղում փոքր սուբյեկտին, հետո նրա համար դժվար է լինում նորից մուտք գործել շուկա»,-ասաց նախագծի համահեղինակ Մինասյանը:Արծվիկ Մինասյան

Թևանյանն էլ նշում է, որ թե ԱԺ -ում ներկայացված բոլոր կուսակցությունները և թե այլ ֆրակցիաներ իրենց նախընտրական ծրագրերում ընդգրկել են հակամենաշնորհային դրույթներ: «Եվ վերջերս Աժ-ում ներկայացված քննարկման ժամանակ էլ ոչ ոք դեմ չէր խոսում նախագծին»,- ընդգծում է Թևանյանը:

Մինասյանն ասում է, որ նախագծով սահմանված կլինեն, օրինակ,  պետական (օրինակ փող տպելը) կամ բնական մենաշնորհները (էներգետիկա, երկաթուղի ), որոնք հասկանալի պատճառներով չեն կարող հասանելի լինել այլ սուբյեկտների:

Թևանյանի խոսքով՝ օրենքի նախագծի իրականացումը ենթադրում է այլ օրենքների փոփոխություններ, որը, վերջին հաշվով, կբերի համակարգային փոփոխությունների: «Այսինքն՝ նախագիծը դեռ վերջնական չի, մենք նպատակ ունենք այն դարձնել փաթեթ, որը հավակնում է դառնալ հակամենաշհնորհային օրենսդրություն»,- ասում է նա:

Այս նստաշրջանում Արծվիկ Մինասյանն օրենքի նախագիծը կներկայացնի  կներկայացնի ԱԺ:

Դիտվել է 1237 անգամ:
Print Friendly

Leave a Reply