Ստուգվել են «Ժամանակ» օրաթերթում հրապարակված հոդվածում մատնանշված հանգամանքները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 11, 2012 18:07

ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժնում ստուգվել են «Ժամանակ» օրաթերթում հրապարակված «Կարբիում ընտրակաշառք են բաժանել» վերնագրով հոդվածում մատնանշված հանգամանքները:

Մասնավորապես` Արագածոտնի մարզի դատախազությունը հանձնարարել էր ստուգել 2012թ. մայիսի 4-ին «Ժամանակ» օրաթերթում լույս տեսած «Կարբիում ընտրակաշառք են բաժանել» վերնագրով հոդվածում մատնանշված հանգամանքները:  «Ժամանակ» օրաթերթի սեփական աղբյուրների տեղեկացմամբ 03.05.2012թ. Արագածոտնի մարզի թիվ 14 ընտրատարածքի Կարբի գյուղում ընտրակաշառք են բաժանել ՀՀԿ-ի համար, դպրոցի աշակերտներին ստիպողաբար տարել են ՀՀԿ-ի հանրահավաքին, իսկ  03.05.2012թ. տեղի ունեցած ԲՀԿ հանրահավաքի մեկնարկից առաջ դպրոցի տնօրինությունը փակել է դպրոցի դռները, որպեսզի ոչ ոք չմասնակցի ԲՀԿ-ի հանրահավաքին:

Ըստ լրատվամիջոցի` հավաստի տեղեկությունների համաձայն` գյուղացիները ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի կողմնակիցներն են, ուստի դպրոցի տնօրենը եւ համայնքի ղեկավարը երեկ սկսել են 10 հազարական դրամ բաժանել դպրոցում: Ընտրակաշառք չեն ստացել գյուղի գրանցում չունեցող ուսուցիչները, ովքեր դժգոհություն են հայտնել իրենց եւս գումար չտրամադրելու վերաբերյալ:

Հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժնում նախապատրաստվել են նյութեր, որի արդյունքում պարզվել է, որ Արագածոտնի մարզի Կարբի համայնքում «Վահան Թեքեյանի» անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Արսեն Օհանյանը եւ նույն համայնքի ղեկավար Ֆրունզիկ Նազարեթյանը ուսուցիչներին ընտրակաշառքներ չեն բաժանել, դպրոցի տնօրինությունը աշակերտներին ստիպողաբար ՀՀԿ-ի հանրահավաքին չի տարել, իսկ ԲՀԿ-ի կազմակերպած հանրահավաքն Արագածոտնի մարզի Կարբի գյուղում տեղի է ունեցել ոչ թե 03.05.2012թ., այլ 2012թ. մայիսի 2-ին` ժամը 12:30-ին, որի ընթացքում դպրոցի դռները չեն փակել  եւ չեն խոչընդոտել ընտրողների կամքի ազատ իրականացմանը, դպրոցի աշակերտները եւ ուսուցիչները հանրահավաքին չեն մասնակցել, քանի որ նույն ժամանակահատվածում մասնակցել են իրենց դասերին:

Վերոգրյալը հիմնավորվել է Արագածոտնի մարզի Կարբիի համայնքապետարանի ղեկավար Ֆրունզիկ Նազարեթյանի, գլխավոր հաշվապահ Գրիգոր Գրիգորյանի, հարկահավաք Հրաչյա Արշակյանի,  Կարբիի «Վահան Թեքեյանի» անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Արսեն Օհանյանի, փոխտնօրեն Լուսիկ Հովհաննիսյանի,  պահակ Ժորա Կարապետյանի, ինչպես նաեւ թվով 4 ուսուցիչների եւ թվով 16 աշակերտների նույնաբովանդակ բացատրություններով այն մասին, որ Արագածոտնի մարզի Կարբի համայնքի ղեկավարի եւ «Վահան Թեքեյանի» անվան միջնակարգ դպրոցի տնօրենի կողմից դպրոցի ուսուցիչներին ընտրակաշառքներ չեն բաժանվել, դպրոցի դռները չեն փակել եւ չեն խոչընդոտել ընտրողների կամքի ազատ իրականացմանը:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հիշյալ հրապարակման մեջ մատնանշված հանգամանքները հիմնավորող որեւէ փաստ չի հայտնաբերվել:

Նկատի ունենալով, որ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել եւ հիմնավորվել է, որ «Ժամանակ» օրաթերթի վերոհիշյալ հոդվածում մատնանշված հանգամանքներն իրականությանը չեն համապատասխանում: Ուստի` որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին` հանցադեպի բացակայության պատճառաբանությամբ:

Դիտվել է 1543 անգամ:
Print Friendly

Leave a Reply