Հայաստան վերադառնալու ակնկալիքով

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | May 11, 2012 16:52

Կրթության և գիտության ոլորտում ներդրած մեծագույն ավանդի և Հայաստանում Ֆրանսիական համալսարանի զարգացման գործում ունեցած ավանդի համար “Հայաստանում Ֆրանսիական համալսարան” հիմնադամի ռեկտոր, իրավաբանական գիտությունների դոկտոր Ժոել Լը Մորզելեկն այսօր պարգևատրվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևով` “Ոսկե հուշամեդալով”, որը հանձնել է նախարար Արմեն Աշոտյանը:

Նշելով, որ ավարտվում է տիկին Լը Մորզելեկի աշխատանքային գործունեության ժամկետը Ֆրանսիական համալսարանի ռեկտորի պաշտոնում` նախարարը շնորհակալություն է հայտնել արդյունավետ աշխատանքի համար և ընդգծել ռեկտորի անձնական նվիրումը: “Ֆրանսիական համալսարանը տիկին ժոել Լը Մորզելեկի ղեկավարման օրոք նույնպես ապրել է Հայաստանի հետ միասին` Հայաստանի կրթական համակարգին օգնելով և կիսելով նույն խնդիրները: Այս ընթացքում իրականացվել են մի շարք լավ ծրագրեր, և շարունակելով համալսարանի լավագույն ավանդույթները` բուհը թևակոխել է զարգացման նոր փուլ”-նշել է Ա. Աշոտյանը` հույս հայտնելով, որ տիկին Լը Մորզելեկը Հայաստանից հեռանում է լավագույն հիշողություններով և վերադառնալու ակնկալիքով:
Տիկին ռեկտորը շնորհակալություն է հայտնել հուշամեդալի համար` նշելով. “Ինձ համար որպես անձ մեծ պատիվ է նման պարգևի արժանանալ, քանի որ աշխատելով Հայաստանում` ես բացահայտել եմ Հայաստանի ողջ մշակույթը և  հեռանում եմ մեծ հիշողություններով: Հայաստանն այն երկիրն է, որտեղ մեկ անգամ ոտք ես դնում, այլևս չես կարող չվերադառնալ: Որպես ռեկտոր` ես փորձել եմ միշտ ի կատար ածել, հարգել, պաշտպանել ՀՀ օրենսդրության պահանջները”: Տիկին Լը Մորզելեկը շնորհակալություն է հայտնել նաև Ֆրանսիական համալսարանի կոլեկտիվին` նշելով, որ թիմային աշխատանքը հաջողության գրավականներից մեկն է:
Միջոցառմանը ներկա է գտնվել նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն:

Դիտվել է 1380 անգամ:
Print Friendly

Leave a Reply