Որո՞նք են տրանսպորտային միջոցի երթևեկությունն արգելելու հիմքերը

ԻՐԱՎՈՒՆՔ, Շաբաթվա լուր | | May 17, 2012 7:00

Համաձայն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 18-րդ կետի` տրանսպորտային միջոցի երթևեկությունն արգելվում է, եթե`

ա) վարորդը տրանսպորտային միջոցը վարում է ոչ սթափ վիճակում,

բ) վարորդը զրկված է տրանսպորտային միջոցը վարելու իրավունքից,

գ) վարորդը տրանսպորտային միջոցը վարում է առանց տվյալ կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունքի,

դ) վարորդը տրանսպորտային միջոցը վարում է` իր մոտ չունենալով վարորդական իրավունքի վկայական,

ե) վարորդը տրանսպորտային միջոցը վարում է կեղծ կամ ուժը կորցրած վարորդական իրավունքի վկայականով,

զ) վարորդը տրանսպորտային միջոցը վարում է առանց վարորդական վկայականում նշված փաստաթղթերի կամ պարագաների,

է) վարորդը տրանսպորտային միջոցը վարում է կեղծ հաշվառման վկայագրով կամ առանց հաշվառման վկայագրի,

ը) վարորդը տրանսպորտային միջոցը վարում է կեղծ, փոխված կամ ստանդարտին չհամապատասխանող հաշվառման համարանիշներով (ժամանակավոր համարանիշների դեպքում` նաև ժամկետանց համարանիշներով) կամ առանց հաշվառման համարանիշների,

թ) վարորդը տրանսպորտային միջոցը վարում է առանց օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերի,

ժ) տրանսպորտային միջոցը կամ տրանսպորտային միջոցի ներսում գտնվող անձը գտնվում է հետախուզման մեջ, կամ կան հիմնավոր կասկածներ, որ տրանսպորտային միջոցով կատարվել է հանցագործություն, կամ դրա մեջ գտնվում են հանցագործություն նախապատրաստող, կատարող կամ կատարած անձինք,

ժա) տրանսպորտային միջոցն օրենքով սահմանված ժամկետում չի անցել տեխնիկական զննություն, կամ սահմանված կարգով փակցված չէ տվյալ տարվա տեխնիկական զննության կամ հաշվառման կտրոնը.

ժբ) տրանսպորտային միջոցն անօրինական վերասարքավորված է,

ժգ) տրանսպորտային միջոցը պատճառ է դարձել այնպիսի ճանապարհատրանսպորտային պատահարի առաջացման համար, որի հետևանքով մարդու կյանքին կամ առողջությանը պատճառվել է վնաս, կամ այդպիսի պատահարի մասնակիցն է,

ժդ) սահմանված կարգով մուծված չէ այլ պետություններում հաշվառված, ինչպես նաև ծանրաքաշ և (կամ) մեծ եզրաչափերով (բեռով կամ առանց բեռի) տրանսպորտային միջոցներով ՀՀ ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար նախատեսված ճանապարհային վճարը,

ժե) տրանսպորտային միջոցն առանց համապատասխան թույլտվության կահավորված է առկայծող փարոսիկներով և (կամ) հատուկ ձայնային ազդանշաններով, կամ տրանսպորտային միջոցի թափքի արտաքին մակերևույթի վրա առանց համապատասխան թույլտվության փակցված են գունագծապատկերներ, գրառումներ և այլ նշումներ, կամ դրանք չեն համապատասխանում օրենսդրության կամ ստանդարտների պահանջներին,

ժզ) տրանսպորտային միջոցը կահավորված է կեղծված, փոփոխված (ջնջված) համարներ ունեցող ագրեգատներով կամ հանգույցներով,

ժէ) բացակայում են վարորդի աչքը կամ վերին կամ ստորին վերջույթը, դաստակը կամ ոտնաթաթը, կամ առկա են շարժումները սահմանափակող` դաստակի կամ ոտնաթաթի ձևախախտում, ինչպես նաև ձեռքերի մատների կամ ֆալանգների ձևախախտումներ և արատներ, որոնք հանգեցնում են վերջույթի ֆունկցիաների խիստ խանգարման, բացառությամբ տվյալ անձի հնարավորություններին հարմարեցված տրանսպորտային միջոցներ վարելու դեպքերի:

Շահագործումն արգելվում է նաև այն ավտոմոբիլների, ավտոբուսների, ավտոգնացքների, կցորդների, մոտոցիկլերի, մոպեդների, մոտոսայլակների, տրակտորների և այլ ինքնագնաց մեքենաների, որոնց տեխնիկական վիճակը և կահավորվածությունը չեն համապատասխանում ՀՀ կառավարության սահմանած՝ տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկին:

Երթևեկության մասնակիցների համար խոչընդոտ ստեղծող կամ կայանումն արգելված տեղերում կանգնած տրանսպորտային միջոցները տեղափոխվում են հատուկ տարածք, եթե վարորդը տեղում չէ կամ հրաժարվում է վերացնել խոչընդոտը կամ կայանման կաննոնների խախտումը:

 

Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է 1179 անգամ:
Print Friendly

Leave a Reply