Մաշտոցի պուրակի բնապահպաններ. «Այգին այգի չէր, բայց…»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 11, 2012 16:15

2012 Մաշտոցի պուրակում ծավալված հանրային տարածքի ու հանրային սեփականության համար ծավալված 90-օրյա քաղաքացիական պայքարը վերջապես ավարտվեց և ավարտվեց հաջողությամբ: Բնապահպանները կարողացան հասնել կրպակների ապամոնտաժմանը, սակայն հաղթանակը հեշտ ու էժան գնով չէր ձեռք բերված: Եղել են բազմաթիվ խոչընդոտոներ ու արգելքներ քաղաքային իշխանությունների ու ոստիկանության կողմից:

Այս հարցերի ու իրենց հաղթանակի մասին այսօր մամուլի ակումբ խոսելու էին եկել  Մաշտոցի պուրակի բնապահպան ակտիվիստները, ովքեր նշեցին, որ մեղավորներն անպայման պատժվելու են: «Այստեղ իրավունքի ու պատասխանատվության խնդիր կա: Եթե տեղի են ունենում իրավախախտումներ, օրենքի խախտումներ և մարդու իրավունքների խախտումներ, և դրանց համար ոչ ոք չի պատժվում, ապա դրանք կարող են կրկնվել: Հետևաբար մեզ համար կարևոր է ոչ միայն բուտիկների ապամոնտաժման, այլ նաև օրինականության վերականգնման հարցը, քանզի այդ խախտում անողները անընդհատ կարող են նույնը կրկնել»,-հայտարարեց ասուլիսին ներկա ակտիվիստներից  Գայանե Մելքումյանը:

Իսկ խախտում անողների ու մեղավորների թվում ակտիվիստները նշեցին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի, Երևանի ոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների անունները ու պնդեցին, որ բոլոր մեղավորները պետք է պարտադիր պատասխանատվության ենթարկվեն:

Բնապահպաններից էլ Եղիան, համաձայնելով լրագրողներից մեկի կողմից հնչեցված այն մտքին, թե «այգին այգի չէր», այդուհանդերձ, նշեց. «Ճիշտ է, այգին այգի չէր, բայց թեկուզ չեղած այգին արդեն տանում էին, և դու պետք է պայքարես այն ամենի համար, ինչը քոնն է»:

Վերջում բնապահպան ակտիվիստները կիրակի օրը` ժամը 17-ին, բոլորին հրավիրեցին Մաշտոցի պուրակ` պաշտոնապես տոնելու իրենց հաղթանակը:

 

Վահե Մակարյան

Դիտվել է 860 անգամ:
Print Friendly

Leave a Reply