«Ժողովուրդն իրեն «շատ էժան ծախեց»»,- Ռիչարդ Կիրակոսյան
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | May 11, 2012 16:02
«Այս ընտրությունները Հայաստանի կառավարության համար մարտահրավեր էին«,-այսօր Peoplemeter ակումբում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը: «Մարտահրավերն այն էր, որ շատ բարձր մակարդակի ակնկալիքներ կային, որ կանցկացվեին բարելավված, թափանցիկ և արդար ընտրություններ: Սա հնարավորություն էր Սարգսյանի կառավարության համար, հնարավորություն, որպեսզի սկսեին լուծել 2008 թ. Մարտի 1-ի խնդիրները»:
Կիրակոսյանը նշեց, որ, որքանով այս ընտրությունները քննություն էին Հայաստանի իշխանությունների համար, այնքանով նմանատիպ մի քննություն էին նաև միջազգային հանրության համար. «Ես պետք է ասեմ, որ միջազգային հանրության գնահատականը այս ընտրությունների վերաբերյալ, թե’ դրական, թե’ բացասական առումով, եղել է արդարացի: Սակայն, իմ տեսակետն այն է, որ այս ընտրությունները բարելավված էին, բայց ոչ բավավար»:
Կիրակոսյանի կարծիքով կա նաև ընտրությունների ավելի մտահոգող արդյունքը. դա, ըստ բանախոսի, մականունավորների և օլիգարխների վերադարձն է խորհրդարան. «Սա մտահոգիչ է, մեծ վնաս է հասցնում խորհրդարանական ինստիտուտին ու նաև անմիջական սպառնալիք է պետության համար»:
Քաղաքագետը, սակայն, համարեց, որ թեպետ իշխանությունները հանձնեցին քննությունն այս ընտրություններում, բայց կառավարությունը, և, հատկապես հայ ժողովուրդը բաց թողեց մի շատ կարևոր հնարավորություն. «Այլ բառերով ասած` ժողովուրդն իրեն «շատ էժան ծախեց» և չօգտվեց այն հնարավորություններից, որ իրեն ընձեռված էր»:
Ռիչարդ Կիրակոսյանն այս ընտրությունների ամենամեծ դրական քայլը համարեց, այն, որ Հայ Ազգային Կոնգրեսն անցավ խորհրդարան. «Այս ընտրություններում կարևոր քայլ էր, որ ՀԱԿ-ն անցավ խորհրդարան, և հիմա նրանք ներկայացնում են ամենադինամիկ և ամենահատվածական ընդդիմադիր ուժը»: Կիրակոսյանը դրական համարեց նաև Հրանտ Բագրատյանի և Վարդան Օսկանյանի խորհրդարան անցնելու հանգամանքը:
Խոսելով իշխանական մյուս կուսակցությունների ցուցաբերած արդյունքների մասին` բանախոսը հավելեց. «Անկախ նրանից` մարդիկ ուզում են, թե չեն ուզում, բայց, իմ կարծիքով, Բարգավաճ Հայաստանը կմիանա այդ ֆորմալ կոալիցիային, բայց նույնիսկ այդ «ամուսնությունը» չի լուծի ՀՀԿ-ԲՀԿ միջև եղած կոնֆլիկտը:
Իսկ ՕԵԿ-ի մասով քաղաքագետը, ներողություն հայտնելով, պատասխանեց. ««Օրինաց երկիր» կուսակցությունը արժանի չէր այդքան ձայն հավաքելու և արժանի չէր անցնելու խորհրդարան»:
Անդրադառնալով «Անկախ»-ի այն հարցին, թե արդյոք ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչայնանն ունեցել է անդրկուլիսյան մասնակցություն այս ընտրություններին և որքանով է հնարավոր նրա վերադարձը քաղաքական ասպարեզ` Ռիչարդ Կիրակոսյանը մեծ մասով հերքեց. «Ես չեմ ակնկալում, որ Ռոբերտ Քոչարյանը անմիջական կերպով կվերադառնա քաղաքականություն: Օր-օրի նախկին նախագահն ավելի է դառնում «նախկին նախագահ»: Ռոբերտ Քոչարյանն ուղղակի հայկական քաղաքականության «գլխավոր հերոսն է»» :
Վահե Մակարյան






Facebook
Tweet This
Email This Post
