«Ոսկե ծիրան» 9-րդ երևանյան միջազգային կինոփառատոնը այս տարի ևս հարուստ ու հետաքրքիր ծրագրեր կունենա
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | May 11, 2012 15:18
Այսօր` մայիսի 11-ին, ՀՀ Մշակույթի նախարարությունում կայացավ համատեղ մամուլի ասուլիս` նվիրված «Ոսկե Ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնին: Մամուլի ասուլիսի բանախոսներն էին ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՎիվաՍել–ՄՏՍ–ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, «Ոսկե Ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը, փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը և փառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը:
«Ոսկե ծիրան» 9-րդ երևանյան միջազգային կինոփառատոնը տեղի կունենա 2012թ. Հուլիսի 8-15-ը: Այս տարի ևս փառատոնի կողքին են գլխավոր հովանավոր ու հավատարիմ գործընկեր ՎիվաՍել–ՄՏՍ ընկերությունը և ՀՀ մշակույթի նախարարությունը:
Այս տարի փառատոնն ստացել է 1120 հայտ (անցյալ տարի` մոտ 700 հայտ) աշխարհի շուրջ 70 երկրից, ինչը վկայում է «Ոսկե ծիրան»-ի հանդեպ տարեցտարի աճող հետաքրքրության մասին:
Այս տարի փառատոնի ժյուրիի նախագահը իսպանացի հայտնի կինոռեժիսոր, 2010թ. Կաննի կինոփառատոնի գլխավոր ժյուրիի անդամ Վիկտոր Էրիսեն է: Երևանի` գրքի համաշխարհային մայրաքաղաքի հռչակման առիթով «Ոսկե ծիրան» կ/փ-ը 2012թ-ին կներկայացնի նոր ծրագիր` «Գիրք և կինո» խորագրով: Ծրագրում ընգրկվելու են հայ և համաշխարհային դասական ստեղծագործությունների էկրանավորումները:
Մրցութային ծրագիրը 2012թ-ին կպահպանի 4 մրցույթները` «Միջազգային խաղարկային», «Միջազգային վավերագրական», «Հայկական համայնապատկեր» և «Կորիզ». վերջինս մեկնարկել է 2011թ-ին և անդրադառնում է երիտասարդ կինոռեժիսորների կարճամետրաժ ֆիլմերին: Հարուստ ֆիլմացանկով կներկայանան «Երևանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ» և «Հարգանքի տուրք» ծրագրերը, որոնցում սպասվում են մի շարք անակնկալներ համաշխարհային կինոյի վարպետներից: Մասնավորապես՝ «Հարգանքի տուրք» ծրագրի շրջանակներում կիրականացվեն Յուրի Երզնկյանի 90-ամյակին («Յուրի Երզնկյանը և իր աշակերտները») և Ֆրունզե Դովլաթյանի 85-ամյակին նվիրված ցուցադրություններ: Հատուկ կարևորությամբ կնշվի Անդրեյ Տարկովսկու 80-ամյակը:
Փառատոնի շրջանակներում արդեն 6-րդ անգամ կկազմակերպվի «Ռեժիսորներ առանց սահմանների» համատեղ արտադրության ֆորումը, որը հանդիսանում է «Ռեժիսորներ առանց սահմանների» Արևելյան գործընկերության ծրագրի մի մաս և իրագործվում է Եվրամիության աջացությամբ:
Մինչև փառատոնի սկսվելը ծրագրվում է իրականացնել նաև «Կինոլրագրություն առանց սահմանների» խորագրով դասընթաց միջազգային բարձրակարգ մասնագետների և Արևելյան գործընկերության երկրներից ժամանած երիտասարդ կինոգետների, կինոքննադատների մասնակցությամբ: Վերջիններիս համատեղ ուժերով փառատոնի օրերին կտպագրվի «Ոսկե ծիրան» ամենօրյա պարբերականը:






Facebook
Tweet This
Email This Post
