ԼՂՀ-ում Մինսկի խմբի համանախագահների այցից խաղաղության եւ կայունության պահպանում են ակնկալում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 11, 2012 15:13

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեի (ԱՄՆ), Ժակ Ֆորի՝ (Ֆրանսիա) և Իգոր Պոպովի (ՌԴ) տարածաշրջանային այցի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն նախատեսված այցը հետաձգվել է եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը նշեց, որ մայիսի 10-ից Արցախում տեղում է հորդառատ անձրև, առկա է մառախուղ: «Համանախագահները պետք է Արցախ ժամանեին ուղղաթիռով, իսկ վատ եղանակը թույլ չտվեց իրականացնել այցելությունը»,- ասաց Բաբայանը:

Խոսելով համանախագահների տարածաշրջան այցից սպասելիքների մասին՝ Բաբայանը նշեց. «Սա նրանց հերթական այցն է, և մենք որևէ արտառոց բան այդ այցելությունից չենք սպասում: Պարզապես, նման այցելությունները նպաստում են կայունության և խաղաղության պահպանմանը»:

Համանախագահները Երևան պետք է ժամանեն մայիսի 11-ին: Նախատեսվում են հանդիպումներ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Երևանից համանախագահները կուղևորվեն Բաքու, որտեղ կհանդիպեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովին:

Դիտվել է 1055 անգամ:
Print Friendly

Leave a Reply