Ստեփան Սաֆարյան. «Սերժ Սարգսյանը պատերազմ է հայտարարել Սփյուռքին»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 15, 2009 13:24

mhm44373-copyԱԺ «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի կարծիքով՝ ստորագրված Արձանագրությունների բովանդակության հետ Թուրքիան խնդիրներ չունի, որևէ կետ նրա շահերը չի վտանգում.  «Հայաստանն է, որ պետք է մտահոգ լինի այս ամենով»:

Սաֆարյանն այսօր ասուլիսին մեջբերեց նաև թուրքական «Անադոլու» գործակալության՝ երեկ նախագահ Գյուլի հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանի արած հայտարարությունը, «թե սփյուռք էր գնացել`՝ ոչ թե սփյուռքից թույլտվություն հարցնելու, այլ նրանց հասցնելու ՀՀ կառավարության որոշումը»: Այսպիսով, Սաֆարյանի խոսքով՝«Սերժ Սարգսյանը պատերազմ է հայտարարել Սփյուռքին»:

Սաֆարյանի խոսքով՝ նմանատիպ հայտարարություններից հետո Հայաստանի և Սփյուռքի հարաբերությունները հարթ չեն լինելու. «ստորագրված Արձանագրությունների քայլի բացասական հատևանքներն ի հայտ են գալիս ամեն օր և արդեն անթաքույց»:

Նախագահի մամուլի խոսնակ Սամվել Ֆարմանյանը, սակայն,  հերքել է  թուրքական լրատվամիջոցների տարածած  տեղեկատվությունը` նշելով, որ Թուրքիա այցելության ընթացքում Սերժ Սարգսյանի կողմից որևէ հայտարարություն չի հնչել: «ժամանակագրությունը համեմատելով` ակնհայտ է, որ Արձանագրությունների ստորագրման մասին որոշումը կայացվել է նախատեսված վեցշաբաթյա հանրային քննարկումների ավարտի, նախագահի համահայկական ուղևորության և օրակարգային համապատասխան հարցով Ազգային Անվտանգության Խորհրդի նիստից հետո միայն»,- ասել է Ֆարմանյանը:

Ըստ Սաֆարյանի` ինքը ֆուտբոլի Հայաստանի թիմից մեծ սպասելիքներ չի ունեցել, չնայած միշտ ուզել է, որ հաղթենք. «Ֆուտբոլում ամեն բան կարելի է նորից սկսել, իսկ քաղաքականությունում` ոչ: Երեկվա ֆուտբոլը ևս գալիս է ապացուցելու,  որ Հայաստանի քաղաքականությունը Թուրքիայի հետ հարաբերություններում բացառապես լինելու է պաշտպանողական, իսկ Թուրքիան ունի հարձակողական մարտավարություն»:

Խոսելով ներքաղաքական կյանքում հնարավոր ազդեցությունների մասին՝ Սաֆարյանն ասաց, որ ընդդիմության պառակտվածությունը բխում է իշխանության շահերից:

«Ստորագրելով այս Արձանագրությունները` Սարգսյանը հասունացրել է իր հրաժարականի պահանջը»,-ասաց Սաֆարյանը՝ հավելելով, որ «Ժառանգությունը» կմեկտեղի իր ջանքերը Դաշնակցության հետ, որ ԱԺ-ում կասեցնեն Արձանագրությունների վավերացումը:

Արմեն Մարտիրոսյան«Ժառանգության» վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանի կարծիքով էլ՝ «հերթական անգամ արձանագրվեց, որ ֆուտբոլային դիվանագիտությունը կոչված էր պարտվողական լինելուն: «Մեր երկրում այդպես էլ չի ստացվում ֆուտբոլ խաղալ, քաղաքական առումով ևս պարտություններ ենք արձանագրում»:

Ըստ նրա՝ կես քայլ է մնում ԼՂ խնդրի հանգուցալուծմանը, որը, ըստ էության, լինելու է բացառապես հայկական կողմի միակողմանի զիջումների հաշվին, որոնք ներառում են Մարդրիդյան սկզբունքները:

Մարտիրոսյանի խոսքով՝ ձևավորված իշխանությունը չունի ներքին լեգիտիմություն, ինչի պատճառով էլ փնտրեց արտաքին լեգիտիմություն:

Դիտվել է 1179 անգամ:
Print Friendly

Leave a Reply