ՀՌԱՀ-ը տուգանեց «Կենտրոն» հեռուստաընկերությանը

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 11, 2012 13:17

Հայաստանի Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը մայիսի 11-ին հրավիրված նիստում «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` «Կենտրոն» հեռուստաընկերությանը վարչական պատասխանատվության ենթարկեց: Հանձնաժողովի անդամների միաձայն որոշմամբ` «Կենտրոն» հեռուստաընկերությունը տուգանվեց 1 մլն ՀՀ դրամի չափով: Որոշումը կարելի է բողոքարկել ՀՀ Վարչական դատարանում` այն ուժի մեջ մտնելու պահից` 15-օրյա ժամկետում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը նշեց, որ «Մուլտիմեդիա-Կենտրոն Թիվի» ՓԲԸ-ն տուգանքի է ենթարկվում քարոզարշավի համար արգելված ժամանակահատվածում քարոզչական բնույթի հաղորդում հեռարձակելու համար:

Հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Էպիկենտրոն» հաղորդման ժամանակ` մայիսի 6-ին` 16:50-17:00-ն ընկած հատվածում, ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը հանդես է եկել կոչով` գնալ եւ մասնակցել ընտրություններին եւ որեւէ դեպքում ձայն չտալ Հայաստանի հանրապետական կուսակցությանը:

«Մուլտիմեդիա-Կենտրոն Թիվի» ՓԲԸ ներկայացուցիչը` իրավաբան Արա Սաղումյանը, ներկայացրեց առարկություններ` ՀՌԱՀ որոշման դեմ: Նրա խոսքով` հեռուստաընկերությունն ուղիղ եթերով հեռարձակել է մամլո ասուլիսը, որի ընթացքում հնչել է Զուրաբյանի խոսքը: «Ուղիղ եթեր» բառը երեւացել է, եւ որեւէ մեկը պատասխանատու չէ դրա համար. ուղիղ հեռարձակում ապահովելն արգելված չէ օրենքով:

ՀՌԱՀ նախագահը նկատեց, որ անգամ ուղիղ եթերի դեպքում հյուր բանախոսները պետք է տեղեկացվեին, որ օրենսդրական պահանջներ կան` քարոզչական բնույթի տեղեկատվություն չտարածելու: Հանձնաժողովի անդամների պնդմամբ` ուղիղ եթերի ժամանակ հատկապես նախընտրական շրջանում, հարկավոր է անչափ զգույշ լինել, եւ «ուղիղ եթեր» արտահայտությունից կառչել չի կարելի: Դա կարող է լինել մեղմացուցիչ հանգամանք: «Մենք գործում ենք բացառապես մեր իրավասության շրջանակներում»,- նշեց Ամալյանը:

Դիտվել է 978 անգամ:
Print Friendly

Leave a Reply