Ադրբեջան. արյունալի «մաքրումներ»`Եվրատեսիլի նախօրեին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | May 11, 2012 12:47

Երգի համաեվրոպական մրցույթին նախապատրաստվող Ադրբեջանի իշխանությունները որոշել են մաքրել մայրաքաղաք Բաքուն թափառող շներից`իրականացվող «միջոցառումների» ընթացքում խախտելով կենդանիների իրավունքները:

Մինչ Ադրբեջանը պատրաստվում է «Եվրատեսիլ 2012» երգի մրցույթին, Բաքվի իշխանությունները ոչնչացնում են թափառող շներին`մայրաքաղաքը մաքրելու նպատակով:
Մայիսի 22-ին`Ադրբեջանում կայանալիք երգի համաեվրոպական մրցույթի առաջին կիսաեզրափակչի նախօրեին, Բաքվում հին շենքերի բարեկարգման եւ ճանապարհների վերանորոգման լայնամասշտաբ ծրագիր է իրականացվում:
Միեւնույն ժամանակ, քաղաքապետարանի հիգիենայի եւ կոմունալ ծառայությունների վարչությունը իր ուշադրությունը սեւեռել է Բաքվում ապրող հազարավոր թափառող շների վրա`որոշելով վերացնել նրանց քաղաքից:
Շների զանգվածային ոչնչացումը պարզապես ապշեցրել է մայրաքաղաքի բնակիչներին:
«Այն տան բակում, որտեղ ես աշխատում էի, մի քանի շներ կային, եւ մենք կերակրում էինք նրանց: Այնուհետեւ մի բեռնատար եկավ, եւ երկու մարդ հայտնվեցին. նրանցից մեկի ձեռքին հրացան կար: Առանց մեզ վրա որեւէ ուշադրություն դարձնելու, նա սկսեց կրակել շներին: Շներից մեկին հաջողվեց թաքնվել, բայց նրանք սպանեցին մյուսներին, մեքենան բեռնեցին կենդանիների դիակներով ու հեռացան: Ես 42 տարեկան եմ, բայց նույնիսկ ինձ համար էր այդ տեսարանը սարսափազդու», – ասում է մասնագիտությամբ շինարար Ահմեդ Դադաշովը:
Բաքվի իշխանությունները ժխտում են, որ մայրաքաղաքում թափառող շների զանգվածային սպանդ է կազմակերպվել եւ պնդում են, որ շներին ոչնչացնում են միայն այն դեպքում, եթե նրանց որեւէ այլ կերպ հնարավոր չէ կառավարել: Սակայն իրավապաշտպան կազմակերպությունները բազում հեռախոսազանգեր են արձանագրել կատարվածով անհանգստացած մայրաքաղաքի բնակիչներից:
«Թոռնիկիս դպրոց էի տանում առավոտյան, երբ սարսափելի տեսարանի ականատես դարձանք: Սոցիալական ծառայությունների աշխատակիցները շներին էին կրակելով սպանում: Կատարվածը մղձավանջ էր հիշեցնում: Չնայած փորձեցի հնարավորինս արագ թոռանս տանել այնտեղից, իմ ականջներում դեռ հնչում է այն վիրավոր շան ոռնոցը», – պատմում է թոշակառու Գյուլնարա Ախունդովան`հավելելով, որ նրա թոռան համար տեսածը հոգեկան խորը հարված էր:
«Մենք երկար ժամանակ ջանում էինք նրան համոզել, որ շներին չէին սպանել, այլ պարզապես ավելի լավ տեղ էին տարել: Իմ կարծիքով`դա սարսափելի է: Չեմ հասկանում, թե ինչպես են նման ահասարսուռ երեւույթներ տեղի ունենում քաղաքակիրթ երկրում», – ասում է նա:
Կենդանիների պաշտպանությամբ զբաղվող «Friends» բարեգործական կազմակերպության ղեկավար Վալերի Գարբերը նշում է, որ իր աշխատակիցները Բաքվի բնակիչներից թափառող շների ոչնչացման վերաբերյալ բազում հեռախոսազանգեր են ստանում:
«Հաճախ կենդանիներին պարզապես վիրավորում են եւ թողնում արնաքամ լինել: Այս ամենի ականատեսները հոգեկան խորը ապրումներ են ունենում: Մարդիկ փորձում են պաշտպանել իրենց բակերում ապաստան գտած շներին, որոնց նրանք սիրում եւ կերակրում են, սակայն հրացաններով զինված մարդկանց հետ հնարավոր չէ լեզու գտնել: Այս կապակցությամբ նույնիսկ քաշքշուկների դեպքեր են եղել: Մի անգամ մեզ մի ծեր կին էր դիմել, ով ապտակել էր քաղաքապետարանի աշխատակիցներից մեկին», – պատմում է Գարբերը:
Ադրբեջանի կենդանիների պաշտպանության միության նախագահ Ազեր Գարաեւը նշում է, որ շների զանգվածային ոչնչացումը ճիշտ հակառակ հետեւանքների է բերելու: Նրա խոսքերով`Բաքուն Եվրատեսիլի նախօրեին ավելի բարեկարգ դարձնելու փոխարեն իրականացվող այս միջոցառումները ստվեր են նետում երկրի հեղինակության վրա:
«Չնայած Ադրբեջանը նախկին Խորհրդային երկրներից առաջինն էր, որ միացել է «Տնային կենդանիների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիային, միեւնույն է`կենդանիների հետ ծայրահեղ դաժան վարմունքի դեպքեր դեռ լինում են: Կոնվենցիայի պահանջներին չեն հետեւում: Այս կոնվենցիայի դրույթների համաձայն`անտուն կենդանիների խմբաքանակը կարգավորելու համար պետք է հումանիստական մեթոդների դիմել, մասնավորապես`կատարել ստերիլիզացիա (ամորձատում) կամ նրանց հատուկ ապաստաններ փոխադրել», – հավելում է նա:
«Alliance» բնապահպանական կազմակերպության ղեկավար Մանսուրա Ռասուլզադեն նշում է, որ 2009-ին Բաքվի իշխանությունները կրակելով սպանել են 23 000 շուն, իսկ 2010-ին` եւս 53 հազար: Նա պնդում է, որ առավել արդյունավետ կլիներ շներին ստերիլիզացիայի ենթարկելը`նրանց բազմացումը կանխելու նպատակով:
Բաքվի քաղաքապետարանի`թափառող շների խնդիրներով զբաղվող վարչության պետ Ահմեդ Մամեդովը նույնպես ժխտում է, որ քաղաքում անտուն շների զանգվածային ոչնչացման միջոցառումներ են ընթանում: Նրա պնդմամբ`միայն հիվանդ կենդանիներին են սպանում:
Այս միջոցառումների հակառակորդները նշում են, որ Մամեդովը ժամանակին հայտարարել էր, որ թափառող շների կաշին կարելի է օգտագործել հագուստի արտադրության մեջ, եւ որ իրականում նրան ընդհանրապես չեն հուզում կենդանիների շահերը:
«Մենք հաճախ ենք բանակցություններ ունեցել պաշտոնյաների հետ, սակայն մեր բոլոր առաջարկները կամ շփոթմունք կամ ծիծաղ են առաջացրել: Սա միայն ապացուցում է, որ շներին կրակելով սպանողները չեն գիտակցում կենդանիների նկատմամբ հումանիստական վերաբերմունք ցուցաբերելու անհրաժեշտությունը», – ասում է Ռասուլզադեն:

Նիգյար Մուսաեւա, Կովկաս
Կովկասյան լրատու # 640
4-ը մայիսի, 2012թ.

Նիգյար Մուսաեւան լրագրող է, IWPR-ի «Հարեւաններ» նախագծի մասնակից:

Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից (www.iwpr.net):

Դիտվել է 1413 անգամ:
Print Friendly

Leave a Reply