Արամ Զավենիչը վայր է դնում մանդատը և հնարավոր է դուրս գա ՀԱԿ-ից (լրացված)

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 11, 2012 12:39


Հայ Ազգային կոնգրեսի մաս կազմող «Հանրապետություն» կուսակցությունը, չի բացառվում, որ առաջիկայում դուրս գա ՀԱԿ-ից, իսկ մինչ այդ ՀԱԿ դաշինքի համամասնական ցուցակի 3-րդ հորիզոնականը զբաղեցնող Արամ Զավենի Սարգսյանը վայր է դնում պատգամավորական մանդատը: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց կուսակցության առաջնորդ Արամ Զավենի Սարգսյանը: Նա հաջողություն մաղթեց ՀԱԿ-ին առաջիկա խորհրդարանական աշխատանքներում:

Ներկայացնում ենք Արամ Զավենիչի հայտարարությունն ամբողջությամբ.

«Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ հրավերն արձագանքելու համար: Ինչպես գիտեք, ես ասել էի, որ ՀԱԿ-ի խորհրդարան անցնելուց հետո հրաժարվելու եմ մանդատից և հիմա պաշտոնապես հայտարարում եմ, որ վայր եմ դնում պատգամավորի իմ մանդատը և հաջողություն մաղթում ՀԱԿ-ին առաջիկա խորհրդարանական գործունեության մեջ:
Կանխելով ձեր հարցադրումները հայտարարում եմ նաև, որ առաջիկայում կուսակցության ակտիվի հետ քննարկվելու է ՀԱԿ-ի հետ մեր հետագա համագործակցության ձևաչափը:

Չի բացառվում նաև ՀԱԿ-ից դուրս գալու հեռանկարը:
Անցած ժամանակահատվածում մենք ունեցել ենք տարաձայնություններ ԱՀԿ-ի գործունեության վեկտորների, ներքին քաղաքական զարգացումների, արտաքին քաղաքական դիրքորոշումների շուրջ, որոնց մասին ազատորեն բարձրաձայնել եմ իմ կարծիքը:

Լինելով թիմային գործունեության մարդ, չկարևորելով սեփական հավակնությունների հաստատումը, ես արել եմ հնարավորը ընդհանրական հաջողության համար:

Խորապես համոզված եմ, որ մենք բոլորս արժանի ենք բոլորովին այլ Հայաստանի, քան ունենք:
Կուսակցության անդամների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, շահագրգիռ անձանց հետ քննարկումներից հետո Հանրապետություն կուսակցության առաջիկա համագումարում ծրագրային ելույթով կներկայացնեմ մեր պատկերացումենրը նոր Հայաստանի ու մեր անցնելիք ճանապարհի մասին»:

Panorama.am

Դիտվել է 1346 անգամ:
Print Friendly

Leave a Reply