Օսկանյանը բացառել է, որ կառաջադրվի նախագահական ընտրություններում
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | May 10, 2012 20:21
Հայաստանի նախկին արտգործնախարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վարդան Օսկանյանը Հայաստան այցելած մի խումբ թուրք լրագրողներին տված հարցազրույցում ասել է, որ «եթե լինեին մաքուր ընտրություններ, Բարգավաճ Հայաստանը ապագա խորհրդարանում կունենար մեծ թվով պատգամավորներ»:
««Բարգավաճ Հայաստան»-ը կրկնապատկել է իր տեղերը խորհրդարանում: Եթե չլինեին որոշակի ճնշումներ, ես կարծում եմ, որ մենք կունենայինք ավելի լավ արդյունքներ: Բայց դեռևս վաղ է գնահատականներ տալը», -ասել է Օսկանյանը, գրում է թուրքական «Todays Zaman»-ը:
Ըստ աղբյուրի, նա նաև բացառել է 2013-ին Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններում իր թեկնածության առաջադրման հավանականությունը:
Նախկին արտգործնախարարը խոսել է նաև Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերություններից ու ասել. «Հայաստանի կառավարությունը ցանկանում է նորմալացնել Թուրքիայի հետ հարաբերությունները, բայց խնդիրն այն է, թե ինչպես անել դա: Արձանագրությունների ողջ գործընթացը յուրաքանչյուրին հստակորեն ցույց տվեց, որ այդ ճանապարհին խոչընդոտներ կան: Հարցն այն է, որ երկու կողմերը պետք է հաղթահարեն այդ խոչընդոտները: Հիմնական արգելքը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն է: Քանի դեռ այդ խնդիրը լուծված չէ, կամ ինչ-որ կերպ լուծված չէ, ես իսկապես չեմ հասկանում, թե մենք ինչպես կարող ենք առաջ գնալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում»:
Թուրքական աղբյուրը նշում է, որ թուրք լրատվամիջոցները Հայաստան են ժամանել Հրանտ Դինք և Հենրիխ Բյոլ հիմնադրամների օժանդակությամբ:
panorama.am






Facebook
Tweet This
Email This Post
