Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղի հաշիվը՝ 0:2. Սարգսյանը շնորհավորեց Գյուլին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 15, 2009 11:07

hayastan-turkiaԹուրքիայի Բուրսա քաղաքում երեկ կայացած Աշխարհի 2010 թվականի ընտրական փուլի 5-րդ խմբի ԹուրքիաՀայաստան մրցավեճում մեր թիմը պարտություն կրեց 0:2 հաշվով:

Հանդիպմանը ներկա էին Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը եւ վերջինիս հրավերով Թուրքիա այցելած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, երկու երկրների արտգործնախարարները, ՈՒԵՖԱի նախագահ Միշել Պլատինին, Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիաների ղեկավարները և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Նախագահներն «Աթաթուրքի» անվան մարզադաշտ եկան միասին` նույն մեքենայով:

Թեև ի վերջո Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան թույլատրել էր ադրբեջանական դրոշներ մտցնել խաղադաշտ, սակայն խաղի սկզբից մի քանի ժամ առաջ FIFA-ն արգելեց դա:

Հանդիպման 17-րդ րոպեին Հայաստանի հավաքականի դարպասը գրավեց Ալթինթոփը: Խաղի 30-րդ րոպեին երկրորդ գոլի հեղինակ դարձավ Սերվեթ Չեթինը:

Առաջին գոլից հետո Սարգսյանը ձեռքսեղմումով շնորհավորեց Գյուլին:

35-րդ րոպեին կանոները Մխիթարյանի հետ պայքարում խախտեց Գյուլսելամը եւ ստանալով եւս մեկ դեղին քարտ` հեռացվեց խաղադաշտից` իր թիմին թողնելով 10 ֆուտբոլիստներով: Այս միջադեպից հետո ՀՀ ընտրանու կողմից խաղարկված տուգանային հարվածը շատ վտանգավոր ստացվեց. հետեւեց փոխանցում մրցակցի տուգանային հրապարակ, Հրայր Մկոյանը գլխի հարված կատարեց, սակայն այն մի փոքր շեղ ստացվեց: Մինչ առաջին կեսի ավարտը մեր տղաները փորձեցին գրոհներ կազմակերպել, սակայն դրանք արդյունավետ կերպով եզրափակել չկարողացան:

Հանդիպման երկրորդ կեսն անցավ հավասար պայքարում: Ամենառեալ գոլային պահը մեր ընտրանու ֆուտբոլիստներն ստեղծեցին անկյունայինի խաղարկումից հետո, երբ փոխարինման դուրս եկած Մարկոսի հարվածից հետո գնդակը դարպասային գծից հեռացրեցին Թուրքիայի ընտրանու պաշտպանները:

Նախորդ տարվա սեպտեմբերի 6-ին Երեւանում կայացած խաղում եւս 2:0 հաշվով հաղթանակ էին տարել Թուրքիայի հավաքականի ֆուտբոլիստները:

Դիտվել է 1111 անգամ:
Print Friendly

Leave a Reply