Հացադուլավոր. “Ընդդիմությունը խորհրդարանում ընդամենը բղավողի կարգավիճակում է”,տեսանյութ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | May 10, 2012 17:21

Արդեն 7-րդ օրն է` ԿԸՀ-ի շենքի դիմաց հացադուլ է հայտարարել մի տղամարդ, ով ներկայացավ որպես Արտավազդ Վարդանյան, և իր մասին նշեց, որ ապրում է Մուսալեռ գյուղում, մասնագիտությամբ մաթեմատիկ է և ժամանակին եղել է նաև գյուղապետ: Հացադուլավորի պահանջը, ըստ նրա, կեղծ ընտրությունների դեմ է.  “Կա մարդ, որ մտածում է` Հայաստանում էս տիպի կեղծ ընտրություններով հնարավոր է բան փոխել: Ես կարծում եմ` չկա: Մեր խնդիրը պետք է լինի ոչ թե այս անօրինականությունը լեգիտիմացնել, այլ ոչ ասել, բոյկոտել”: Վարդանյանի կարծիքով իր բողոքը նոր-նոր սկսել է տեղ հասնել, և ինքն այս դեպքում ակնկալում է որոշակի մտածող, սրտացավ մարդկանց մոտ այս հարցով քննարկում:

Այս 7 օրերի ընթացքում հացադուլավորին այցելել են միայն իր ընկերները, բնապահպան-ակտիվիստներն ու Մարդու իրավունքների պաշտպանը: Իսկ պետական մարմիններից ու կառավարությունից որևէ մեկը չի այցելել նրան: Մեր այն հարցին, թե ընդդիմության ներկայացուցիչների կողմից որևէ արձագանք կամ այցելություն եղել է իրեն, նախկին գյուղապետը պատասխանեց. “Ընդդիմությունից ոչ մի արձագանք չի եղել, որովհետև ընդդիմությունը շատ լավ գիտի` ինքը խորհրդարանում ընդամենը բղավողի կարգավիճակում է լինելու, իշխանությունն ինչ օրինագիծ ուզի անցկացնելու է: Էդ Թռչկանի երեխեքը շատ ավելի մեծ գործ են անում, քան ընդդիմությունը: Էդ պատգամավորական մանդատները, ի վերջո, ծառայելու են իրենց, իրենց հարազատներին, լավագույն դեպքում` մի քանի տասնյակ մարդու: Բայց Հայաստանի Հանրապետության քաղաքացուն դրանք չեն օգնելու”:

Այսքանով հանդերձ, սակայն, Արտավազդը հստակ չնշեց, թե, ի վերջո, որն է նրա բուն պահանջն ու նպատակը: “Իմ  պահանջն ավելի շատ հասարակությանն է ուղղված, քան թե իշխանություններին, ես ուզում եմ, որ հասարակությունը ուշադրություն դարձնի այս խնդրին, մտավորականությունը առաջարկի տարբերակներ, իսկ հասարակությունն էլ համախմբվի ու անցկացնի օրինական ընտրություններ”:

Անդրադառնալով ոստիկանության գործողություններին`հացադուլավորը միայն նշեց, որ իրավապահ մարմինները միայն խոչընդոտել են վրանի տեղադրման հարցում, որը, սակայն, Կարեն Անդրեասյանը որոշել է լուծել:

 

 

Վահե Մակարյան

Դիտվել է 991 անգամ:
Print Friendly

Leave a Reply