Այրվածքներ, բուժօգնություն

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | May 12, 2012 7:00

Այրվածքը բարձր ջերմության, ագրեսիվ քիմիական նյութերի, էլեկտրական հոսանքի, իոնային ճառագայթման ազդեցությամբ հյուսվածքի վնասումն է: Տարածված է համարվում այն այրվածքը, որը զբաղեցնում է մարմնի ավելի քան 10-15%-ն  ու օրգանիզմում հանգեցնում է  փոփոխությունների առաջացման, որը կոչվում է «այրվածքային հիվանդություն»:

Այրվածքից մի քանի ժամ հետո  կարող է այրվածքային շոկ առաջանալ: Դրա հիմքում կենսական կարևորություն ունեցող օրգաններում արյան շրջանառության խանգարումն է` պայմանավորված արյան թանձրացման հետևանքով արյան ծավալի նվազմամբ: Այրվածքային շոկը կարող է տևել 48 ժամ:

Տարբերում են մակերեսային  այրվածքներ, որոնք ինքնուրույն են լավանում և խորը, որոնց դեպքում պահանջվում է անգամ  փոխպատվաստում  կատարել մարմնի այլ հատվածներից վերցված մաշկով:

Ըստ ստացած վերքերի խորության` տարբերում են 4 աստիճանի այրվածքներ:

Առաջին աստիճանի այրվածք. մակերեսային այրվածքներն են, որոնց հետևանքով մաշկն ընդամենը կարմրում է: Ամենատարածվածն արևային այրվածքն է: Առաջին աստիճանի այրվածքը կարող է շատ ցավոտ լինել, սակայն ոչ վտանգավոր, եթե նույնիսկ մեծ մակերես է զբաղեցնում: Դա հազվադեպ է հանգեցնում երկարատև բարդությունների ու մասնագիտական օգնության պահանջի:

Երկրորդ աստիճանի այրվածք. հանգեցնում է մաշկի վերին շերտի շերտատման ու ջրաբշտերի առաջացման: Սովորաբար դրանք առաջանում են եռման ջրով շոգեհարման կամ էլ շատ խիստ արևահարման հետևանքով: Այս այրվածքները ևս շատ ցավոտ են և հաճախ ընդհանուր խանգարումների պատճառ են դառնում: Սովորաբար այս այրվածքների հետևանքով սպիներ չեն առաջանում, և բարդություններ նույնպես հազվադեպ են պատահում:

Երրորդ ու չորրորդ աստիճանի այրվածքների դեպքում վնասվում են մաշկի բոլոր շերտերը, և այրվածքը թափանցում  է ավելի խոր հյուսվածքների մեջ: Հնարավոր է, որ  վնասված հատվածում ածխացում առաջանա: Այդ հատվածում ցավի զգացումը կարող է բացակայել, քանի որ  նյարդային վերջույթները մեռնում են: Այրվածքը կարող է ցավոտ չլինել, սակայն հարայրվածքային մակերեսը  ցավոտ է: Նման այրվածքները հանգեցնում են սպիների առաջացման, հաճախ վարակ է ներթափանցում  վերքի մեջ, իսկ  լայնատարած այրվածքների դեպքում շատ հեղուկի  կորուստ է լինում:

Այրվածքների դեպքում առաջին օգնությունը

  1. Առաջին աստիճանի այրվածքների ու երկրորդ աստիճանի ոչ մեծ  այրվածքների դեպքում պետք է անմիջապես սառը ջուր լցնել կամ էլ պոլիէթիլենային տոպրակի մեջ փաթաթված  սառույց դնել: Դա կնվազեցնի ցավն ու անգամ այրվածքի աստիճանը: Սառը պետք է դնել ցավը մեղմացնելու նպատակով:
  2. Եթե այրվածքը բոցից է, ուրեմն առաջին հերթին պետք է  հեռացնել կրակի օջախը, այրվող հագուստը, իսկ կրակը հանգցնել հաստ կտորով:
  3. Առաջին աստիճանի այրվածքի դեպքում այրվածքի տեղը պետք է սպիրտով կամ թույլ մանգանաթթվի լուծույթով խոնավեցնել, վերքի վրա չոր ախտազերծված անձեռոցներ դնել:
  4.  Ցավը մեղմելու համար կարելի է ցավազրկող խմել (անալգին,պարացետամոլ):
  5. Եթե այրվածքի տեղում  ջրաբուշտ է առաջացել, ապա մի փորձեք ծակել այն. հաճախ դրանք  ինքնուրույն են պայթում, այդ դեպքում էլ մի փորձեք «կափարիչը» հեռացնել, կտրել, քանի որ այն յուրօրինակ վիրակապ է, որը խոչընդոտում է մանրէների ներթափանցումը:
  6. Ցավը կարելի է մեղմել ցավազրկող մանրէազերծող, ախտահանիչ քսուքներով, նովոկայինի թրջոցներով, աերոզոլներով, սակայն, որոշ բժիշկներ կարծում են, որ նման միջոցառումները դանդաղեցնում են ապաքինումը: Իսկ երբեմն էլ կիրառվող քսուքներն ու դեղամիջոցներն ալերգիաների պատճառ են դառնում:
  7. Չի կարելի  կարագ, վազելին կամ այլ քսուքներ օգտագործել, քանի որ դրանք իրականում դանդաղեցնում են վերականգնման  ընթացքն ու  մեծացնում  վարակի հավանականությունը:
  8. Արագ ու արդյունավետ  ապաքինման համար խորհուրդ է տրվում  ջրային հիմքով դեղամիջոցներ կիրառել, ասենք` սոլկոսերիլի գել:
  9.  Աչքի քիմիական այրվածքի ժամանակ հարկավոր է անմիջապես սառը ջրով լվանալ, ապա դիմել բժշկի:
  10. Երկրորդ աստիճանի այրվածքի դեպքում տան պայմաններում կարելի է վերքը բուժել այն դեպքում, եթե այրվածքն ափի չափսի է: Հակառակ դեպքում` դիմել բժշկի: Բժշկական միջամտություն  պահանջվում  է այն դեպքում, եթե վնասվել են  դեմքը կամ ձեռքի դաստակները, քանի որ նման այրվածքները շատ ցավոտ են:
  11. Երրորդ ու չորրորդ աստիճանի այրվածքների դեպքում անպայման հարկավոր է  դիմել բժշկի:
  12. Եվ, վերջապես, հիշեք, ցանկացած այրվածքի դեպքում, եթե ցավը 48 ժամից ավելի է տևում, ուրեմն հարկ է բժշկի դիմել:

Ժողովրդական միջոցներ այրվածքների դեմ (կրակով, շիկացած մետաղով, գոլորշիով, ջրով և այլն)

-Մարմնի այրված մասը հարկավոր է անհապաղ պահել սառը ջրի տակ ու վրան առատորեն խմելու սոդա լցնել:

Շատ տարիներ առաջ Գերմանիայում մի բժիշկ` Գ.Ֆ. Վոթերս, հրապարակայնորեն ցուցադրում է այրվածքների բուժումը կերակրի սոդայով: Նա այրում է ձեռքը եռման ջրով, ապա վրան առատորեն սոդա լցնում ու վիրակապում: Մեկ օրից հետո այրվածքի տեղը լրիվ լավանում է ու մնում է միայն թեթև կարմրություն, որը նույնպես շուտով անցնում է:

-Եթե այրվել է կոկորդը, ապա հարկավոր է յուղային` փափկացնող հեղուկներ խմել, ասենք` ձեթ կամ ջրի հետ խառնած հում ձվի սպիտակուց:

-Իսկ խոր անցյալում այրվածքները բուժում էին այսպես. հավի թարմ ձուն արագ հարում ու քսում էին այրված տեղերին:


Դիտվել է 12078 անգամ:
Print Friendly

Leave a Reply