Հետընտրական Հայաստանը որոշ շանսեր ունի

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | May 10, 2012 11:50

Մեր երկրում արդեն իսկ կայացած ԱԺ ընտրություններում մի քանի հետաքրքիր փաստեր արձանագրվեցին: Նախ` իրականում մրցակցությունը ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջև էր և ՀԱԿ-ի ու «Ժառանգության» միջև: Բայց նրանք պայքարում էին միևնույն ընտրազանգվածի համար, ոչ թե ընդդիմությունը` կոալիցիայի դեմ: Համենայն դեպս, այդպես էր` դատելով նրանց քայլերից ու հռետորաբանությունից: Իսկ ՀՅԴ-ն փորձում էր ծրագրերով հավաքել իրեն անհրաժեշտ քվեների քանակը:  Սակայն այս ընտրությունները, ինչպես մի անգամ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, անցկացվեցին` հենվելով ոչ թե գաղափարների և գաղափարախոսության, այլ տեխնոլոգիաների վրա: Ընտրողներին հիմնականում ոչ թե գաղափարներով գրավելու ճանապարհով էին «բերում» ընտրատեղամաս, այլ ամենատարբեր մեթոդների միջոցով` սկսած ադմինիստրատիվ ռեսուրսներից մինչև «նվերները»: Արդյունքում այն կուսակցությունները, որոնք իրենց խաղադրույքն արել էին գաղափարախոսական պայքարի, կողմնորոշումների  համար,  պարտվեցին, իսկ նրանք, ովքեր դրույք արեցին տեխնոլոգիական պայքարի համար, հաղթեցին:

Ու քանի որ արդեն ընտրություններն ավարտվել են, արդեն այնքան էլ կարևոր չէ, թե ինչպես դրանք անցկացվեցին,  և ինչպես  դա կանդրադառնա ներքաղաքական իրավիճակի, մթնոլորտի և առհասարակ երկրի ներքին կյանքի վրա:

Մի բան ակնհայտ է` 5-րդ գումարման Աժ-ն կլինի բազմակուսակցական: Ինչ վերաբերում է օլիգարխների, մեծահարուստների և գործարարների ներկայությանը խորհրդարանում, ապա այս առումով վերջին ընտրություններն առանձնապես բան չփոխեցին` չնայած քաղաքական մեծամասնության հավաստիացումներին, թե համամասնական ցուցակում օլիգարխներն ու մականունավորները տեղ չեն զբաղեցնի:

Այս ընտրությունները մի բան էլ արձանագրեցին, որ մարդկանց մի որոշակի խումբ պատրաստ է բողոքել, դուրս գալ ցույցերի, պատրաստ է ասել, թե ինչ իրեն դուր չի գալիս քաղաքական համակարգում, բայց դրա հետ մեկտեղ պատրաստ է նաև վերցնել ընտրակաշառք:

«Ամբողջ աշխարհում էլ այնպես չէ, որ ազգաբնակչությունն ամբողջությամբ քաղաքականությամբ հետաքրքրվի: Միշտ էլ այնպես է լինում, որ մարդկանց, այդ թվում` քաղաքականապես անտարբեր կամ ընդդիմադիր կեցվածք ունեցող մարդկանց   տանում են դեպի ընտրություններ տարբեր եղանակներով: Ու այս առումով` այս ընտրությունների հիմնական, ամենակարևոր  դասը, որ կարելի է քաղել, իմ կարծիքով, հետևյալն է. քո ձայնը նշանակություն ունի, և եթե դու քո այդ ձայնը վաճառում ես, ուրեմն մասնակցում ես այն ամենին, ինչ տեղի է ունենում: Սա որոշակի քայլ է, և այս գիտակցումը բերում է քաղաքական իրադրության որոշակի փոփոխության»,- լրագրողներին ասել էր քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Իսկ երկրում քաղաքական իրավիճակի փոփոխության մասին նա արձանագրել էր, որ այժմ բոլոր կուսակցություններում ընթանում են քաղաքական կոնսուլտացիաներ: Մայիսի 6-ի երեկոյան այնպիսի իրավիճակ էր ստեղծվել, որ յուրաքանչյուրը մտածում էր ուտել որքան հնարավոր է, վերցնել այն, ինչ հնարավոր է, հետո կերևա: Արդյունքում նրանք հավաքեցին որոշակի պարկ կամ տոպրակ  հնարավորություններ և որոշակի խաղաքարտեր: Այժմ նրանք պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ այն խաղաքարտերով, որ հաջողվել է հավաքել: «Նստել սեղանի շուրջ կարելի է տարբեր եղանակներով` ճնշումը շարունակել միտինգներով, հայտարարություններ անելով, համաձայնություններ կնքելով: Երևում է, որ ընթանում է համաձայնություններ կնքելու գործընթացը»,- ասաց Ալ. Իսկանդարյանը:

Բայց այս ամենով հանդերձ, հեղաշրջում կամ լուրջ ցնցումներ չեն լինի: Նախ` ընտրական գործընթացներն առերևույթ ընթացել են հանգիստ` առանց խիստ կոշտ հռետորաբանության, ավելի քիչ իրար սևացնելով: Իսկ ժողովուրդն էլ առանձնապես չի հավատում, թե դաշտում երևացող այս կամ այն քաղաքական ուժը կգա ու իրեն կփրկի բոլոր պատուհասներից:

Ընտրությունների արդյունքում մի նախադրյալ ևս կա, որ ակնհայտ է. ԲՀԿ-ի տեղաշարժը դեպի առաջ: Իսկ այդ հանգամանքը, համաձայն քաղաքագետ Լևոն Շիրինյանի անձնական դիտարկումների, Հայաստանը կարող է տանել դեպի երկկուսակցական քաղաքական համակարգ: «Եթե ճիշտ քաղաքականություն վարվի, շատ հաջող բան կարող է լինել: Ես դա համարում եմ ամերիկյան մոդել: Ժողովրդավարության առումով շատ բան կախված է  այն հանգամանքից` ԲՀԿ-ն ինքն իրեն որպես լիարժեք քաղաքական ուժ կտեսնի՞, թե՞ ոչ: Պարզվեց, որ ժողովրդի մեջ վստահություն ունի: Այդ վստահությունը պետք է աշխատի շատ արագ ռեալիզացնել: Շատ բան կախված է ՀԱԿ-ի գործունեության տրամաբանությունից, որովհետև նա է լինելու խորհրդարանական ընդդիմության կորիզը, ուզի-չուզի: Իսկ դա իսկական պառլամենտարիզմի ճանապարհ է»,- ասաց Լևոն Շիրինյանը:

Բայց այստեղ կա մի հանգամանք` արդյոք Հայաստանի քաղաքական էլիտայի հասունությունը և  քաղաքականապես դաստիարակված ու կրթված լինելու աստիճանը բավարարո՞ւմ են այս իրողությունը հասկանալու և դրան համապատասխան գործելու համար:

Իսկ եթե ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն, այնուամենայնիվ, միավորվեն, դա ԲՀԿ-ի վերջը կլինի: Լևոն Շիրինյանն էլ համոզված է, որ դա ոչ միայն ԲՀԿ-ի վերջը կլինի, այլև դեմոկրատական զարգացումը հեռանկար չի ունենա Հայաստանում: «Որովհետև այն իշխանական մոնոլիտ բուրգը, որ ճաքեց, կվերածնվի: Սա Արթուր Բաղդասարյանի` ՕԵԿ-ի ճանապարհն է: Հնարավոր է, որ հետո ԱԺ-ում տեղ ունենա, բայց որպես քաղաքական կազմակերպություն` կդադարի ` գոնե հեռանկարի իմաստով»,- պարզաբանեց Լևոն Շիրինյանը:

Իսկ մնացած 4 կուսակցությունները, որոնք սահմանային քվեներ են ստացել ընտրություններում, կարող են շատ լավ սոցիալիստական կամ մի քիչ ծայրահեղ ընդդիմադիր քաղաքականություն վարել ու դրանով իսկ իրական հակակշիռներ ու ակտիվ հասարակական-քաղաքական եռուզեռ ու բանավեճ ստեղծել հայկական քաղաքական թատերաբեմում:

Դիտվել է 871 անգամ:
Print Friendly

Leave a Reply