Քաղաքաշինությունն ու նոր կառավարությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | May 14, 2012 7:48

Հաշվի առնելով քաղաքաշինության և առհասարակ մարդածին միջավայրում (built environment) տեղի ունեցող փոփոխությունների վերաբերյալ հասարակության վերջին տարիների դժգոհությունները, ինչպես նաև նախընտրական շրջանում ԱԺ-ում շոշափելի մասնակցության շանսեր ունեցող ուժերի խոստումները ոլորտում առկա խնդիրների լուծման վերաբերյալ, որոշեցի ներկայացնել մի շարք առաջարկություններ, որոնք կարող են էականորեն փոխել իրավիճակը նշված ոլորտում։ Բնականաբար, դրա համար նախ և առաջ անհրաժեշտ է քաղաքական կամք, որից հետո բազմաթիվ տրամաբանական ու իրատեսական լուծումներ կարելի է գտնել դրանց իրականացման համար։

Մինչ դրանց անցնելը պետք է նշել, որ այսօր էլ թե՛ ՀՀ-ում գործող օրենքներն ու ենթաօրենսդրական ակտերը, թե՛ ՀՀ կառավարության ստորաբաժանումներում վարչական պարտականությունների բաշխումը հնարավորություն են տալիս, ցանկության, կրկնում եմ` ցանկության դեպքում ապահովել ոլորտի որակյալ ու խելամիտ կառավարում։ Սակայն երբեմն ցանկության բացակայության կամ այլ պատճառներով ոլորտի խրթին կառավարման պայմաններում հնարավոր է լինում պատասխանատվության վերահասցեագրման ու «լղոզման» միջոցով խուսափել խնդիրների լուծումից։

Մարդածին միջավայրում կատարվող փոփոխությունները (այսուհետ՝ քաղաքաշինական գործունեություն) իրականացնելու համար տարբեր մակարդակներում ու տարբեր դեպքերում ՀՀ-ի տարածքում պատասխանատու են քաղաքաշինության, մշակույթի և բնապահպանության նախարարությունները։ Կցանկանայի նշել նաև էկոնոմիկայի նախարարության ենթակայության տակ գտնվող տուրիզմի ոլորտը կարգավորող վարչությունը, որը, ինչպես կտեսնեք, ունի կամ ավելի ճիշտ, պետք է սերտ կապ ունենա վերոնշյալ ոլորտներում իրականացվող ծրագրային զարգացման հետ։

Այսօր քաղաքաշինության նախարարությունը հիմնականում իրականացնում է շինարարության նախարարության պարտականությունները։ Վերջին տարիներին բազմաթիվ վիճահարույց խնդիրների վերաբերյալ նրա կրավորական կեցվածքը ցույց է տալիս, որ հստակ գիտակցում չկա, թե ինչպիսի լայն ընդգրկում պետք է ունենա նախարարությունը՝ երկրի ողջ տարածքում տեղի ունեցող կառուցողական ու զարգացման գործընթացների  առնչությամբ։ Նախարարությունն այսօր քաղաքաշինական քաղաքականության մասով հիմնականում կատարում է բնակավայրերի համար քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և հաստատման հետ կապված ընթացիկ գործեր, ինչպես նաև` ոլորտին վերաբերող մի շարք միջազգային պարտավորությունների շրջանակում «պարտադրված» օրենսդրական ու ենթաօրենսդրական փաստաթղթերի մշակում։

Թե՛ առաջինը, թե՛ երկրորդը գրեթե զրոյական ազդեցություն են ունենում երկրում ավելի բարվոք միջավայրեր ունենալու գործում, քանի որ նշված փաստաթղթերը և՛ մշակման մակարդակով, և՛ տեղեկավտության թափանցիկ տարածման առումով հեռու են անհրաժեշտ որակական ու տեխնիկական պահանջները բավարարելուց։ Դրանցում ոչ միայն պատշաճ չեն ներկայացված դրանց բուն էությունն ու իրացման փաստական ու կիրառական լուծումները, այլև նույնիսկ առկա վիճակով հասու չեն ոչ միայն քաղաքացուն, այլև մասնագետներին։

Տեսականորեն այսքանով չպետք է ավարտվեն  նախարարության լիազորությունները, սակայն այսօր, ցավոք, նախարարությանը մերձ մասնագիտական շրջանակներում պատկերացումները քաղաքաշինական գործունեության հիմնական բաղադրիչների վերաբերյալ սահմանափակվում են այսքանով։

Համաշխարհային փորձից ելնելով ու մեր ներկա իրողության պայմաններում նախարարությունը քաղաքաշինական քաղաքականության իրականացման շրջանակում պետք է մշակեր նաև նորմատիվային ու ենթաօրենսրդական բազմաթիվ փաստաթղթեր՝ ստեղծելով ազգային պլատֆորմ և, որ ամենակարևորն է, հետևեր դրանց կիրարկմանը։ Այսօր թե՛ քաղաքաշինության, թե՛ մշակույթի նախարարությունները խոշոր քաղաքներում որպես պետական լիազոր մարմին հանդես գալու և օրենքով իրենց վերապահված լիազորություններն իրականացնելու գրեթե լծակներ չունեն (մասնավորապես` Երևանում):  Դրա  հետևանքով  նրանց մնում է միջին ու փոքր բնակավայրերի խնդիրներով զբաղվելը, որն էլ ունի իր ռիսկերը, քանի որ դրանք պահանջում են ուրույն մոտեցումներ` կախված բնակավայրի զարգացման պատմական անցյալից ու ներկա իրավիճակից,  սակայն դրանց համապատասխան անհատական մոտեցում ցույց տալու կարողություններ գրեթե չկան։

Օրինակ` քաղաքաշինության նախարարությունը վերջին տարիներին արդեն երկու անգամ մշակել է տիպային բնակելի տների օրինակների ալբոմ, որոնց կառուցման դեպքում թույլտվություն չի պահանջվում ։ Ինչպես խորհրդային տարիներին Ռուսաստանի Սիբիրի, Ղազախստանի ու միաժամանակ Երևանի համար մշակված բնակելի տների տիպային նախագծերը։ Նույն նախարարությունը, որն իրավասու է Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայի դրույթների իրականացման համար, մշակելով նման նախագծեր, զարկ է տալիս հակալանդշաֆտային գործողությունների։ Այս մոտեցումներն արդեն մոտ 20-30 տարի է, ինչ համաշխարհային մասնագիտական շրջանակների կողմից մշտապես դրվատանքի են արժանանում։

Մշակույթի նախարարության հատկապես պատմության և մշակույթի հուշարձանների բաժանմունքը նույնպես, մոռանալով իր հիմնական խնդիրները, ոչ միայն  լիովին չի կատարում պետության կողմից պահպանվող ու պետական սեփականություն հանդիսացող հուշարձանների պահպանության հետ կապված աշխատանքները, այլև ավելի անփույթ   է իրականացնում մասնավորի ենթակայության տակ գտնվող հուշարձանների պահպանության գոնե ֆորմալ կողմը։ Դրա  վառ  օրինակը Մաշտոցի պողոտայի Ծածկած շուկան է կամ Երևանի կենտրոնում տեղի ունեցող բազմաթիվ մեծ ու փոքր նախագծեր։

Լավ պատկերացում կազմելու համար, թե ինչպիսին է այս վերաբերումունքը հուշարձանների վերականգնման ոլորտին, տեղեկացնեմ, որ ՀՀ պետական բյուջեն 2012 թ. համար նախատեսել է ընդամենը 215 միլիոն դրամ հուշարձանների վերականգնման համար։ Այն հազիվ թե բավարարի մեկ միջին չափի հուշարձանի որակյալ վերականգնման համար։ Նախկինում ևս այս իրավիճակի ներկայացման ժամանակ հարց է հնչել, թե պետությունը որտեղի՞ց տրամադրի սրանից ավելի գումար։ Պատասխանը տալիս է նույն բյուջեի նույն նախարարությանը տրամադրվող գումարների դիտարկումը: 2012-ին պետական բյուջեն ծրագրել է ծախսել 673 միլիոն դրամ (մոտ 3 անգամ ավելի գումար) օպերայի և բալետի ներկայացումների համար, ավելին, նախատեսվում է 1 միլիարդից (4.5 անգամ ավելի) ավելի գումար ծախսել հայ գրատպության 500-ամյակի կապակցությամբ (որի մեջ չեն մտնում այս կապակցությամբ մարզային և այլ գրադարանների համար ծախսվող գումարները)։

Նման վերաբերմունքի պատճառը, ենթադրում եմ, ժառանգության իրական արժեքի ու դրա պահպանությունից բխող ավելացված արժեքի մասին պատկերացում չունենալն է։ Քանի որ մեզ մոտ ցավալի կերպով գումարների բաշխման տրամաբանությունը կախված է դրանց ետ վերադարձելիության հավանականությունից, պետք է կատարվեն գլոբալ կառուցվածքային փոփոխություններ։

Մասնավորապես, եթե տուրիզմը հռչակվել է որպես տնտեսության զարգացման գերակա ճյուղ, կարելի է կիրառել եվրոպական բազմաթիվ երկրներնի փորձը, որտեղ տուրիզմը դիտարկվում է մշակութային ժառանգության մի մասը։ Այսինքն, եթե այսօր էկոնոմիկայի նախարարության կազմում գործող տուրիզմի զարգացման ուղղությամբ աշխատող (և 2012-ին հուշարձանների վերականգնման գումարի քառորդ մասի չափով՝ 50 միլիոն դրամ ծախսել ցանկացող) մարմինը համատեղվի հուշարձանների վերականգնման համար պատասխանատու լիազոր մարմնի հետ, ապա հուշարձանի վերականգնումն ու պահպանումն արդեն կդիտարկվի որպես բիզնես ծրագիր։ Չնայած նրան, որ ոչ միշտ է նպատակահարմար ժառանգության պահպանությունը դիտարկել առաջարկ-պահանջարկ տրամաբանությամբ, այս խնդիրների դիտարկումը մեկ մարմնում կարող է էականորեն փոխել իրավիճակը ու տարբեր աղբյուրներից ստացվող գումարների ճիշտ կառավարումը։

Բնապահպանության նախարարությունը անտառների և բնական պաշարների կառավարման ֆունկցիաներից ազատվելուց հետո զգալիորեն կորցրել է իր դերակատարությունը։ Այն վերածվել է հիմնականում շրջակա միջավայրի համար վնասակար որոշումներ դակող, երբեմն չդակող մի մարմնի, որի համար անհրաժեշտ է միայն վերհսկիչ ֆունկցիաներ։

Վերոնշվածներով ամենևին չեմ հավակնում տալ տվյալ նախարարությունների բոլոր կանոնադրային ու կառուցվածքային բաղադրիչները, սակայն կարծում եմ`  ստորև բերվող առաջարկությունների համար մատնանշված խնդիրների  վերհանումը կարող է էականորեն նպաստել ոլորտում առկա անբավարարվածությունը։ Ելնելով այս ամենից` առաջարկում եմ.

Ա) Ստեղծել ՀՀ կառավարությանն առընթեր կայուն զարգացման (կամ քաղաքաշինական գործունեության) պետական կոմիտե, որին վստահել քաղաքաշինության նախարարության միայն քաղաքաշինական քաղաքականության վերահսկման և բնապահպանության նախարարության վերահսկողական ֆունկցիաները։ Այդ կոմիտեն պետք է ունենա գրեթե այն ֆունկիցիաները, որոնք տրված են եղել խորհրդային տարիներին Պետշին կոչվող հիմնարկությանը։ Այն պետք է կոշտ վերահսկողություն իրականացնի մարդկային կենսագործունեության բոլոր ոլորտներում, եթե դրանք ենթադրում են փոփոխություններ քաղաքացիների ապրելու միջավայրում ։ Նրանում պետք է հստակ մեխանիզմներ մշակվեն հանրային սեկտորի ներազդման, ինչպես նաև մասնագիտական տեղական ու արտերկրյա միավորների ներգրավման համար։

Բ) Ստեղծել մշակույթի և տուրիզմի նախարարություն (կամ ժառանգության և տուրիզմի), որին վերապահել խոշոր զարգացման ծրագրեր մշակելու և իրականացնելու իրավունք` պարտավորվելով դրանք համաձայնեցնել վերոնշյալ կայուն զարգացման նախարարության հետ։

Այս մոտեցման հաջողության գրավականը պետք է լինի նախ և առաջ կադրային նոր քաղաքականությունը։ Քաղաքաշինության և հուշարձանների վերականգնման ոլորտում ներգրավված անձինք (բացառությամբ մի քանիսի) վերջին տասնամյակում ունեցել են տարբեր  բնույթի մասնակցություն այդ ոլորտների քաղաքականության մշակման և իրականացման գործում։ Այդ քաղաքականության տապալման արդյունքում, ցավոք, այդ նույն անձինք ի վիճակի չեն լինելու իրականացնել նշված բարեփոխումները, սակայն նրանց փորձը կարող է և պետք է օգտագործել ապագա ծրագրերում։ Անհրաժեշտ է խոշոր մասշտաբով նոր կադրեր ներգրավել այս ոլորտներում, որոնք թե՛ արդի մասնագիտական կարողություններ, թե՛ կազմակերպչական (հանրային կառավարման), թե՛ քաղաքացիական գիտակցության առկայության պայմաններում որակապես նոր հարթության վրա կդնեն մեր երկրի մարդածին միջավայրը։

 

Սարհատ ՊԵՏՐՈՍՅԱՆ,

ՈւրբանԼաբ Երևան – Քաղաքաշինության ժողովրդավարացման ինստիտուտ

Դիտվել է 1925 անգամ:
Print Friendly

Leave a Reply