Սամվել Խաչատրյան. «Ներկայումս չկա մի այնպիսի մարզիկ, որը 100 տոկոսով իր համար տեղ ապահոված լինի հավաքականում»

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | May 15, 2012 7:00

Հայաստանի ծանրամարտի հավաքականի գերխնդիրն է հաջող մասնակցել այս տարվա ամռանը Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերին: Ամբողջ նախապատրաստությունն այդ ուղղությամբ է ընթանում: Այդ է պատճառը, որ մերոնք ոչ մարտական կազմով, սակավաթիվ մասնակիցներով` երեք մարզիկով էին ներկայացել Թուրքիայի Անթալիա քաղաքի մարզապալատում կայացած Եվրոպայի առաջնությանը և տիրացան մեկ մեդալի:

Մեր մարզիկների մրցելույթներին անդրադառնալով` Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ, Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Սամվել Խաչատրյանը հայտնեց, որ  երկամարտում 6-րդ տեղը գրաված գերծանրքաշային Հայկ Հակոբյանի մրցելույթից գոհ է` 415 (195+220) կգ: Երիտասարդ ծանրորդը պոկում վարժությունում արժանացել է արծաթե մեդալի: 21-ամյա մարզիկը բարելավել է իր անձնական ցուցանիշները` պոկում վարժությունում 9 կգ-ով ավելի հաղթահարելով, քան դա արել է նախկինում, 5 կգ-ով էլ հրում վարժությունում է առաջընթաց ունեցել: Կարևորվեց այն աճը, որը մարզիկն ունեցել է կարճ ժամանակահատվածում և դարձել 2016-ի օլիմպիական խաղերի Հայաստանի հավաքականի հույսերից մեկը: 69 կգ քաշային Վանիկ  Ավետիսյանը ևս մոտ է եղել մրցանակակիր դառնալուն և, ի վերջո, բավարարվել է 4-րդ տեղով` 316 (144+172) կգ: Նա էլ մարզումների ժամանակ ցույց տված իր արդյունքները գերազանցել է:

Իսկ ահա, նույն քաշային կարգում հայտավորված Սամվել Գրիգորյանի մրցելույթից ֆեդերացիայի նախագահը դժգոհ էր և հայտնեց, որ Հայաստանի հավաքականի դռները նրա առջև փակված կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ չի բարելավի իր ցուցանիշները: Իսկ դրա համար, մասնագետի կարծիքով, Գրիգորյանը պետք է տեղափոխվի 77 կգ քաշային կարգ: Ի դեպ, Ավետիսյանն ընդգրկվել է Հայաստանի օլիմպիական հավաքականում և նախապատրաստվում է Լոնդոնում կայանալիք ստուգատեսին: Եթե նա բարձր կիլոգրամներ բարձրացնի, ապա կընդգրկվի թիմի կազմում:

Եվ քանի որ Հայաստանի  ծանրամարտի օլիմպիական հավաքականում ընդգրկվելու համար մրցակցությունը մեծ է, ընդ որում, պայքարողների թվում են նաև օլիմպիական խաղերի չեմպիոններ Յուրիկ Վարդանյանի, Օգսեն Միրզոյանի որդիները, և նրանց հայրերը քանիցս հայտարարել են, որ իրենց որդիներից մեծ սպասելիքներ ունեն, ֆեդերացիայի նախագահից հետաքրքրվեցինք, թե կարելի՞ է մտածել, որ երկուսն էլ արդեն ապահովել են իրենց տեղը Հայաստանի հավաքականում: Ի դեպ, տեղերն ընդամենը  չորսն են:

«Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայում կողմնակալ ոչ մի վերաբերմունք չի կարող լինել: Երկուսն էլ մեր անվանի ծանրորդներն են, հարգանք են վայելում, բայց այդ ամենը թիմի կազմավորման հետ կապ չունի: Օրինակ` Վարդանյանի որդուն` Նորայրին, նրա հորը հարգելու համար չենք ընդգրկել նախապատրաստվող օլիմպիական թիմում, այլ այն բանի, որ  ծանրորդը բարձր կիլոգրամներ է հաղթահարում: Օգսեն Միրզոյանի որդին` Առաքելը, պարապմունքների ընթացքում լավ արդյունքներ է  ցույց տալիս և պետք է փորձի հաստատել, որ արժանի է մասնակցելու օլիմպիական խաղերին: Նույնը կարելի է ասել նաև Օգսենի եղբոր որդու` Արայիկի մասին: Ներկայումս չկա մի այնպիսի մարզիկ, որը 100 տոկոսով իր համար ապահովել է տեղը հավաքականում: Պաշտոնապես հայտարարում եմ, որ օլիմպիական խաղերի մայրաքաղաք կուղևորվեն այն ծանրորդները, որոնք պատրաստ կլինեն բարձր արդյունքներ ցույց տալ և կհավակնեն մեդալի: Այն մարզիկը, որն իր արդյունքով մոտավորապես մոտիկ կլինի հաջողությանը, նա չի մասնակցի օլիմպիական խաղերին: Անգամ գերծանրքաշային Ռուբեն Ալեքսանյանը, որը Հայաստանում մրցակցությունից դուրս է, չի կարող ասել, թե ուղեգրերից մեկն իրենն է: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան հունիսի 15-ից հետո փորձամրցում է կազմակերպելու և դրա արդյունքով հրապարակելու է օլիմպիական հավաքականի կազմը»,- պարզաբանեց  Խաչատրյանը:

Հայտնվեց, որ հնարավորություն կա մեկ քաշային կարգում 2 ծանրորդ հայտավորել, իսկ 7 բարձրակարգ մարզիկներ ունենք, որոնք նախապատրաստվում են օլիմպիական խաղերին. 69 կգ քաշայիններ Վանիկ Ավետիսյանը, 77 կգ քաշային Տիգրան Մարտիրոսյանը, Առաքել Միրզոյանը,  85 կգ քաշայիններ Արայիկ Միրզոյանը, Արա Խաչատրյանը, 94 կգ քաշային Նորայր Վարդանյանը, գերծանրքաշային Ռուբեն Ալեքսանյանը: Մարզուհիներից նախապատրաստվում են Հռիփսիմե Խուրշուդյանը  (+75 կգ) և Մելինե Դալուզյանը (69 կգ):

Ի դեպ, մեր ծանրորդները հանգստանալու ժամանակ չունեն: Մայիսի 10-16-ը Գվատեմալայում կայանալու է աշխարհի երիտասարդական առաջնությունը, որին Հայաստանից մասնակցելու են 69 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը և գերծանրքաշային Գոռ Մինասյանը: Խաչատրյանը հայտնեց, որ սկզբում նախատեսվել է մրցավայր ուղարկել 4 մարզիկ, սակայն միայն  ինքնաթիռի տոմսի արժեքը 1800 եվրո է, և այդ է պատճառը, որ միայն երկու պատվիրակ է մրցավայրում: Նշվեց նաև, որ մեդալների ակնկալիք կա: Մինչև 20 տարեկանների նախորդ առաջնությունում, որն անցկացվել է Մալայզիայում, Հայաստանը երկու մասնակից է ունեցել, և պատանեկան տարիք ունեցող Գոռ Մինասյանը պոկում վարժությունում դարձել է ոսկե մեդալակիր: Ի դեպ, Գոռը 18, Անդրանիկը 17 տարեկան են և իրենց մրցակիցներից տարիքով ավելի փոքր:

 

Դիտվել է 1677 անգամ:
Print Friendly

Leave a Reply