Ինչո՞ւ լռեց գործարար Սիլվա Համբարձումյանը

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | May 13, 2012 7:00

Զրույց, որ պարզաբանում է բոլոր իրադարձությունները

«Անկախ» շաբաթաթերթը և նույնանուն լրատվական՝ www.ankakh.com կայքը բավական ակտիվ լուսաբանել է գործարար Սիլվա Համբարձումյանի հետ տեղի ունեցած աղմկահարույց իրադարձությունները

Հիշեցնենք, որ Սիլվա Համբարձումյանը «երևան» եկավ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ միջադեպից հետո: Այս ընթացքում, ըստ էության, Սիլվա Համբարձումյանը չի լռելԲավական է հիշեցնել «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում տեղի ունեցած սկանդալային դեպքի տեսագրության տարածումը բոլոր լրատվական կայքերումՏեսագրությունը նայելիս  հստակ երևում է, թե ինչպես է Սյունիքի մարզպետ պարոն Խաչատրյանը օրը ցերեկով բոլորի աչքի առաջ նախ աքացիով, հետո  բռունցքով հարվածում գործարար կնոջը:

Այս անգամվա մեր զրույցն էլ Սիլվա Համբարձումյանի հետ հետաքրքիր փաստեր է վեր հանում:

 Դատական համակարգի անօրինական որոշումը

Սիլվա Համբարձումյանը մեզ հետ բացառիկ զրույցի ժամանակ տեղեկացրեց, որ շուտով պատրաստվում է մամուլի ասուլիս հրավիրել ու ցնցել ողջ հանրապետությունը: Այս ընթացքում, ինչ Սյունիքի մարզպետի հետ ընդհարումներից հետո նա դաշտում կարծես թե չի երևացել, պարզվում է՝ զբաղվել է փաստեր հավաքելով, ու երբ դրանք ամբողջական դառնան, պատրաստվում է հրապարակել:

– Նախ ասեմ, որ այս ամբողջ ընթացքում ես համարյա հանրապետությունում չեմ եղել: Արտասահմանում էի, քննարկումների մեջ: Գիտեք, ասուլիս հրավիրելն ինձ համար ինքնանպատակ չէ, պետք է ասելիք լինի: Ես չէի խոսում, որովհետև փաստերս լիարժեք չէին:

Եթե հիշում եք, իմ վերջին ասուլիսի ժամանակ ես ասել եմ «Սիփան-1» ընկերության դատավարության մասին, այսօր արդեն իմ ձեռքին են երեք ատյանների անօրինական որոշումները՝ թե՛ վճռաբեկի և թե՛ մյուս դատարանների վճիռները: Այս պահին արդեն պատրաստ եմ մամլո ասուլիսին: Ես սիրում եմ փաստերով խոսել,- ասում է գործարար Սիլվա Համբարձումյանը:

Նա ասում է, որ դատական համակարգը մի որոշման հիման վրա մի տարի անվավեր է ճանաչում էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հրամանը, մյուսով ասում է, որ իրենք հին վճռի հատվածը թողնում են, բայց ամբողջ հրամանը անվավեր չեն ճանաչում:

– Ով կարդա դա, ծիծաղելու է դատավարական համակարգի վրա:

    Աուդիտորական մաֆիան

 Տիկին Համբարձումյանը նշեց, որ այս պահին Հայաստանի բոլոր գործարարները, այդ թվում՝ ինքը, սարսափելի բարկացած են աուդիտորական խմբերի կապակցությամբ:

-Ես ներդրում եմ միայն անում, ինձ պարտադրում են աուդիտ անել, բայց ինչո՞ւ, ինչի՞ համար: Մարդ, որ ներդրում է անում, պիտի աուդի՞տ  էլ անի: Եթե մարդն աշխատի, ինքն իր հոժար կամքով աուդիտ կանի, դա իր համար շատ հարմար կլինի: Անգամ աուդիտորներն են ասում, որ սա պարտադիր բան չէ: Ո՞նց անենք, հիմա մաֆիա-մաֆիա՞ խաղանք: Իրենք թելադրում են խաղի կանոններ, ստիպում գործարարներին ենթարկվել այդ խաղի կանոններին: Մենակ ես չեմ, ամբողջ գործարար միջավայրը միանալու է դրա դեմ: Ո՞նց կարելի է ներդրող մարդուն ասել՝ աուդիտ արա, լրացուցիչ փող տուր… Երբ գործարանները աշխատեն, երբ վերջացնեն, թող գան անեն, բայց ոչ թե ներդրողին ասեն, պարտադրեն՝ արի, դու պարտավոր ես աուդիտ անել, փող տաս, այն էլ ո՞ւմ, մաֆիայի՞ն,- նեղսրտած ասում է գործարար Համբարձումյանը:

Երկու գործարանն ու Սիլվայի երազանքը

Ներկայումս Սիլվա Համբարձումյանն ուզում է ավարտել իր երկու գործարանների կառուցումը և Հայաստանում մի նոր ծրագիր իրականացնել: Նա ասում է, որ նոր ծրագիրն իր երազանքներից մեկն է: Պարզվում է՝ գործարար կինը վաղուց է այս երազանքը պահել, ու հիմա կամաց-կամաց իրականացնում է:

– Ուզում եմ բացել ախտորոշման կենտրոն. աղքատների համար՝ անվճար, հարուստների համար՝ 5 անգամ թանկ: Հայաստանում ամեն ինչ ունենք, ունենք լավ հիվանդանոցներ, բայց չունենք ախտորոշման լավ կենտրոն,- ասում է Համբարձումյանը:

«Անկախ»-ի այն հարցին, թե Երիցյանների ընկերությունը գնելով՝ չի՞ զղջացել, գո՞հ է արդյունքներից,  նա պատասխանեց, որ գոհ է այնքանով, որ աշխատողներին պահել է.

– Ես շահույթ չունեմ, ամեն ամիս ներդրում եմ անում, դեռ ներդրումները չեմ ավարտել, բայց չազատեցի մարդկանց` 117 հոգուն: Ես գոհ եմ, որ մարդկանց չազատեցի և անեծքի  առարկա չդարձա: Հիմա էլ գնել եմ Մոնումենտում գտնվող Երիցյանների տունը, շարունակելու եմ գնել Երիցյանների խանութը, գրասենյակը, բիզնեսը,- ասում է Սիլվա Համբարձումյանը:

Լուրեր էին շրջանառվում, որ Ալբերտ Երիցյանն ուզում է Հայաստանից հեռանալ, դրա համար է վաճառում իր բիզնեսը: Սիլվա Համբարձումյանը վստահեցրեց, որ Երիցյանն ուզում է նոր բիզնեսով հանդես գալ Հայաստանում:

– Ասում են՝ փախչում է, բայց Երիցյանը Հայաստանից չի փախչում, նա շատ մեծ հայրենասեր է, և կուզենամ` նրա նման հայրենասերներ մեր քաղաքում շատ լինեն,-նշում է նա:

Ինչո՞ւ Համբարձումյանը չդրեց իր թեկնածությունը

Ս. Համբարձումյանը չհերքեց, խորհրդարանական ընտրություններին չառաջադրվելով հանդերձ նախագահական ընտրություններին մասնակցելու հավանականությունը:

– Այս պահին ոչինչ էլ չեմ կարող բացառել,- ասում է նա:

«Անկախը» հետաքրքրվեց՝  ընտրազանգված ունի՞: Նա վստահեցրեց, որ իր ընտրազանգվածը շատ մեծ է, իրեն անընդհատ զանգում են ու պահանջում մտնել քաղաքականություն.

– Ես շուտով կսկսեմ իմ ընտրազանգվածի հետ շփվել, տեսնել` իրենք ինչի՞ կարիք ունեն, ինչո՞վ կարող եմ օգնել: Ես, օրինակ, մի քանի կնոջ համար վճարում եմ արել, որ վիրահատվեն, չեմ էլ ճանաչում, որ գան այստեղ կանգնեն, չեմ իմանա: Զանգահարել են, թե երեխային չեն թողնում քննությանը մասնակցի վարձի համար, վճարումն արել եմ` չեմ էլ ճանաչում: Ես ուզում եմ` մարդիկ հավատան, չհուսախաբվեն, որ իմ ընտրազանգվածն են,- նշում է Համբարձումյանը:

Նախընտրական քարոզարշավին հետևելով` Սիլվա Համբարձումյանը եկել է այս եզրակացության.

– Անգամ Սյունիքում, որտեղ Սուրեն Խաչատրյանը դպրոցների դռները փակել էր, հիվանդանոցների դռները փակել էր, «Բարգավաճին» այնքան մարդ էր հավաքվել, որ ինքը զարմացել էր, չէր պատկերացնի, որ այդքան մարդ կհավաքվի թե՛ Գորիսում, թե՛ Սիսիանում, թե՛ Ղափանում,- նշում է նա:

Սիլվա Համբարձումյանն ամսի 6-ին կատարեց իր քաղաքացիական պարտքը  Ավան համայնքում: Հիշեցնենք, որ այնտեղ թիվ 1 ընտրատարածքում առաջադրված էին Ռուբեն Հայրապետյանը, Գայանե Առուստամյանը, Ստյոպա Սաֆարյանը…

Նա ասաց, որ ձայնը տվել է հանուն արդարության:

Զրուցեց

Վահրամ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Դիտվել է 1780 անգամ:
Print Friendly

Leave a Reply