ՀԱԿ-ը սեթևեթում է

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | May 10, 2012 14:24

Մայիսի 8-ին ՀԱԿ-ը հանրահավաք էր կազմակերպել Երևանի Ազատության հրապարակում` իր ընտրողներին շնորհակալություն հայտնելու և ապագա ծրագրերի մասին նրանց տեղյակ պահելու բարի ու անմեղ միտումով: Բայց այն հայտարարություններն ու ելույթները, որոնք հնչեցին հանրահավաքի ժամանակ, «հըմ» անելու տեղիք, այնուամենայնիվ, տալիս են:

Նախ` հանրահավաքի ժամանակ ՀԱԿ-ի անդամ, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը հայտարարեց, որ ՀԱԿ-ը դիմելու է սահմանադրական դատարան` վիճարկելու մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունները և դրանք չեղյալ համարելու:

«ՀԱԿ-ն անելու է բոլոր քայլերը ընտրությունները չեղյալ համարելու համար, ընդհուպ մինչև եվրոպական դատարան»,- հայտարարեց ՀՀՇ վարչության նախագահը: Արամ Մանուկյանը ներկայացրեց ՍԴ դիմելու հիմքերը. 1. Քարոզարշավին Սերժ Սարգսյանի, վարչապետի, տարբեր պետական պաշտոնյաների, գյուղապետերի մասնակցելու փաստը: Կան տվյալներ, որ գյուղապետները գումար են բաժանել իրենց սենյակներում: 2. Ցուցակների ուռճացված լինելու փաստը: ՀԱԿ-ը պահանջում է դրանք մաքրել: 3. ՀԱԿ-ը պահանջելու է հրապարակել ընտրողների ցուցակները: 4. Թանաքների խնդիրը: 5. Վստահված անձանց նկատմամբ բռնություններ, ծեծ, ուղղորդում, ընտրակաշառքներ:

Իսկ ՀԱԿ-ի համակարգող Լևոն Զուրաբյանը, համադրելով ՀԱԿ-ի վստահված անձանց, միասնական շտաբի, ինչպես նաև անկախ դիտորդների և լրագրողների դիտարկումները, արձանագրեց, որ 2012 թ. մայիսի 6-ի ԱԺ ընտրությունները կարելի է համարել հիմնովին կեղծված: Պատճառաբանությունն այն է, որ դրանք անցել են զանգվածային`  պետականորեն կազմակերպված օրինախախտումներով, այդ թվում` բազմակի քվեարկությամբ, վարչական ռեսուրսի օգտագործմամբ, ընտրակաշառքի բաժանմամբ, ընտրողների ապօրինի ուղղորդման լայնածավալ կիրառմամբ: Այս դեպքում հարց է առաջանում` ինչո՞ւ են ՀԱԿ-ում համոզված, որ ՍԴ-ն չեղյալ կհամարի ընտրությունները: Մեկ այլ հարց էլ է ծագում, եթե ընտրություններն ամբողջովին կեղծված են, ուրեմն կեղծված են նաև ՀԱԿ-ի առումով, իսկ այդ դեպքում ինչո՞ւ է ՀԱԿ-ը ընդունում կեղծված ընտրությունների արդյունքները`  վայր չդնելով իր պատգամավորական մանդատները և դրանով, փաստորեն, համաձայնվելով ընտրությունների արդյունքների հետ:

Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, հայտարարեց,  որ ՀԱԿ-ի խմբակցությունը պետք է գնա խորհրդարան և խորհրդարանական ամենօրյա պայքար մղի քաղաքական իրավիճակի փոփոխության համար: Նա նշեց, որ քաղաքացիական հեղափոխությունը, որ շարունակում է լինել ՀԱԿ-ի հիմնական նպատակը, նոր եռանդ, նոր ավյուն, նոր մոտեցումների ու հարթակների կարիք ունի, և խորհրդարանական հնարավորությունները պետք է ծառայեցվեն հեղափոխության նպատակներին: Բայց արդյոք հանրահավաքին հավաքված հազարավոր մարդիկ (իրոք հազարավոր) չհասկացա՞ն, որ 7-8 հոգով խորհրդարանում իրենց «պուպուշ» հերոսները ոչինչ էլ չեն կարողանալու անել, բացի մանդատի օգնությամբ անձեռնմխելիություն ստանալուց: Սա պարզից էլ պարզ էր` չնայած ամպագոռգոռ հայտարարություններին:

Հանրահավաքում արդեն հաստատապես պարզ դարձավ նաև, որ ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը վայր է դնելու իր պատգամավորական մանդատը, իսկ ԱԺ ՀԱԿ-ի խմբակցությունում ՀԱԿ-ի առաջնորդին կփոխարինի Հրանտ Բագրատյանը: Լևոն Տեր-Պետրոսյանն իր այս որոշումը պարզաբանեց այսպես. «Իմ ներկայությունը խորհրդարանում իմաստ կունենար, եթե ՀԱԿ-ը ԱԺ-ում միայնակ կամ այլ ընդդիմադիր ուժերի հետ միասին  մեծամասնություն կազմեր, կամ էլ, եթե ՀՀԿ-ն կորցներ մեծամասնությունը: Բացի այդ, քաղաքակիրթ աշխարհում հաստատված ավանդույթների համաձայն` նախկին նախագահներին չի պատշաճում տեղ զբաղեցնել խորհրդարանում»: Այսինքն` ՀԱԿ-ում կա գոնե մեկը, որը ժողովրդին պարզ ասաց, որ «մի թիքա» խմբակցությունով հեղափոխություն անելն այնքան էլ իրատեսական չէ, մեղմ ասած, և որ չարժե զբաղվել քաղաքական գլուխգովանությամբ: Բայց դա չի նշանակում, թե ՀԱԿ-ի առաջնորդը սրբերի սուրբն է, քանի որ նույն հանրահավաքի ժամանակ հայտարարեց, թե «Հայաստանում յուրաքանչյուր հաջորդ ընտրություն նախորդից ավելի վատն է լինում»: Հավանաբար նա մոռացավ ավելացնել «սկսած 1995 թվականից» մասը, կամ կարծում է, թե մենք ենք մոռացել 1996 թվականի նախագահական ընտրությունները, երբ սկիզբ դրվեց այն ընտրական խայտառակությանը, որ այսօր առավել մոդեռնացված ներկայանում է հայ ժողովրդին և միջազգային հանրությանը: Ու հետաքրքիրն այն է, որ Լևոն Տեր-Պետրոսյանն իր քաղաքացիական պարտքը  ժողովրդի հանդեպ համարում է կատարված, սակայն նշում է, որ կմնա քաղաքական  ասպարեզում և կպայքարի այնքան ժամանակ, ինչքան կբավարարեն ֆիզիկական ուժերը, և ինչքան կպահանջի ժողովուրդը: Ու նաև հետաքրքիր է, որ նա կպայքարի «հանցագործ ռեժիմի» դեմ: Երևի ՀԱԿ-ի առաջնորդը բացառում է, որ այն ժամանակ, երբ այդ նույն «հանցավոր ռեժիմի պարագլուխը» իր իշխանությունում զբաղեցնում էր ազգային անվտանգության նախարարի պաշտոնը,  ուշի-ուշով սովորում էր իր կնքահորից և այդ ժամանակվա գերագույն գլխավոր հրամանատարից ընտրակեղծիքներ անելն ու ընտրությունների արդյունքները գլխիվայր շրջելը:

Մի հետաքրքիր հանգամանք էլ երևակվեց մայիսի 8-ի ՀԱԿ-ի հանրահավաքում. Հրանտ Բագրատյանը ոգևորված բացականչում էր, որ Հայաստանում միայն ՀԱԿ-ն է ընդդիմություն, չնայած նրա բացականչություններից հետո նույն ՀԱԿ-ի առաջնորդը, երբ ասում էր, որ ՀԱԿ-ի պայքարը շարունակվելու է, նշում էր նաև, որ բոլոր մյուս ընդդիմադիր ուժերը կարող են միանալ իրենց, կամ իրենք կարող են միանալ մեկ այլ ընդդիմադիր ուժի, եթե նրա պայքարն ավելի արդյունավետ լինի: Երևի հանրահավաքից առաջ ՀԱԿ-ի առաջնորդը «ինստրուկտաժ» չէր արել Հրանտ Բագրատյանին, որ այլ ընդդիմադիր ուժեր ևս կան, ու գոնե ինքը նրանց մասին գիտի, կամ պատրաստվում է հրավիրել համատեղ պայքարի:

Այնուամենայնիվ, երբ հանրահավաքում ելույթ ունեցավ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանը, արդեն պարզ դարձավ, որ մայիսի 8-ից ՀԱԿ-ը սկսեց գալիք նախագահական ընտրությունների իր նախընտրական քարոզարշավը` «էլ ի՞նչ Մստո, ի՞նչ Ֆստան»…

Դիտվել է 1478 անգամ:
Print Friendly

Leave a Reply