2012 թ. խորհրդարանական ընտրությունների ամփոփ պատկերը

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | May 9, 2012 13:40

Մայիսի 6-ին Հայաստանում տեղի ունեցան 5-րդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները: Ընթացիկ խորհրդարանական ընտրություններին մասնակցեցին 8 քաղաքական կուսակցություններ` Հայաստանի Հանրապետական կուսակցություն, «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր», «Ժառանգություն», Հայաստանի կոմունիստական կուսակցություն, Հայ հեղափոխական դաշնակցություն, Հայաստանի դեմոկրատական կուսակցություն, «Միավորված հայեր» և 1 բլոկ` Հայ ազգային կոնգրես:

Մայիսի 7-ին ԿԸՀ-ն  ներկայացրեց բոլոր 1892 ընտրատեղամասերում քվեարկությունների նախնական արդյունքները: Վավեր քվեաթերթիկներով ձայները բաշխվեցին հետևյալ կերպ.

1.         Հայաստանի հանրապետական կուսակցություն` 663,066 կամ 44.05%

2.         «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն` 454, 684 կամ 30.20%

3.         «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինք` 106,910 կամ 7.10%

4.         «Ժառանգություն» կուսակցություն` 87,095 կամ 5.79%

5.         Հայ հեղափոխական դաշնակցություն` 86,296 կամ 5.73%

6.         «Օրինաց երկիր» կուսակցություն` 82,690 կամ 5.49%:

7.         Հայաստանի կոմունիստական կուսակցություն` 15,933 կամ 1.06%

8.         Հայաստանի դեմոկրատական կուսակցություն` 5933 կամ 0.20%

9.         «Միավորված հայեր»` 3080 կամ 0.21%:

Փաստորեն, պատգամավորական մանդատների համար պայքարող 9 քաղաքական ուժերից խորհրդարանում ներկայացված կլինեն 6-ը:

Ինչ վերաբերում է մեծամասնական ընտրակարգի արդյունքներին, ապա 29 հոգի պատգամավոր է դարձել  Հանրապետական կուսակցության կողմից, 8-ը` ԲՀԿ-ից, մեկական` ՕԵԿ-ից և ՀՅԴ-ից, 2-ը` անկախ պատգամավորներ:

5-րդ գումարման Ազգային Ժողովն իր անդրանիկ նիստը, ամենայն հավանականությամբ, կգումարի մայիսի 31-ին: Խորհրդարանի առաջին նիստը, ըստ ավանդույթի, կվարի տարիքով ամենամեծ պատգամավորը: Այս պահին դեռ հստակ չէ, թե ով է նա: Առաջին նիստում Ազգային Ժողովը նաև փակ գաղտնի քվեարկությամբ նոր նախագահ կընտրի:

Նշենք, որ խորհրդարանում կա 131 պատգամավոր, օրենսդիր մարմինը ձևավորվում է խառը ընտրական համակարգով` 90 մանդատ համամասնական ցուցակով, 41` մեծամասնական:

Եվրոպացի դիտորդները` Հայաստանում կայացած ընտրությունների մասին

Քվեարկության մոնիթորինգն անցկացրել են 31 418 դիտորդներ 53 տեղական կազմակերպություններից, 647 ներկայացուցիչ Հայաստանում հավատարմագրված 11 տարբեր միջազգային կազմակերպություններից և դեսպանություններից:

Հայաստանի ընտրությունները եղել են մրցակցային, մեծ մասամբ` խաղաղ քարոզարշավի դրսևորմամբ և հիմնականում լրատվամիջոցների հավասարակշռված լուսաբանմամբ: Այս մասին ասվել է ԵԱՀԿ ԽՎ-ի, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, ԵԽԽՎ-ի և Եվրախորհրդարանի դիտորդների համատեղ հայտարարության մեջ: Միաժամանակ դիտորդները  նկատել են, որ որոշ դեպքերում քվեարկողների վրա գործադրված ճնշումը, ինչպես նաև բողոքների քննարկման անկատար գործընթացը ստեղծել են անհավասար մրցակցային դաշտ:

Դիտորդներն արձանագրել են, որ հանրահավաքների և խոսքի ազատությունները հիմնականում հարգվել են, և թեկնածուները շատ դեպքերում ազատ քարոզելու հնարավորություն են ունեցել: «Հայաստանն արժանի է գնահատվելու ընտրական ոլորտում իր բարեփոխումների, ինչպես նաև խաղաղ քարոզարշավ իրականացնելու համար, սակայն այս մրցավազքում շահագրգիռ որոշ կողմեր շատ հաճախ ձախողել են օրենքին համապատասխանելու գործելաոճը, ընտրական հանձնաժողովները շատ հաճախ չեն կիրառել օրենքները»,- նշել է ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության հատուկ համակարգող ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության ղեկավար Ֆրանսուա-Խավիեր դե Դոննեան,- արդյունքում այն միջազգային պարտավորությունները, որոնք Հայաստանը ազատորեն ստանձնել է, ոչ միշտ են հարգվել»:

Դիտորդները տպավորված են ընտրողների 60 տոկոսից ավելի բարձր մասնակցությունից, տարբեր տարիքային խմբերին պատկանող քվեարկողների ներգրավումից, ինչպես նաև երիտասարդների և տարեցների` ընտրական գործընթացների հստակ ընկալումից, սակայն մտահոգված են քվեարկության ամբողջ օրվա ընթացքում ընտրատեղամասերի կառավարման, քվեարկողների շարժի և քվեների տեղավորման ուղղությամբ որոշ քաղաքական կուսակցությունների լայնածավալ միջամտությունների առումով: «Ընտրարշավը բաց էր և ապահովում էր հիմնարար ազատությունները,  լրատվամիջոցները իրականացրել են պաշտոնական քարոզարշավի ժամանակահատվածի լայնածավալ և հավասարակշռված լուսաբանում»,- նշել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար Ռադմիլա Շեկերինսկան,- բայց, ցավոք, ընտրացուցակների ճշգրտության և ընտրական օրենսգրքի անհավասար մրցակցային դաշտ ստեղծող խախտումների վերաբերյալ մտահոգությունները ստվեր են գցել այս ամենի վրա»:

Նախընտրական շրջանում տեղի ունեցած խախտումներից առանձնացվել է 2 երևույթ՝ ընտրողներին 500 տրակտոր նվիրելը և վարչական ռեսուրսների չարաշահումը: Դիտորդները չեն նշել անուններ, սակայն հայտնի է, որ տրակտորներ բաժանել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, իսկ վարչական ռեսուրսները չարաշահել է իշխող ու ընտրություններում հաղթած Հայաստանի հանրապետական կուսակցությունը:

Ամեն դեպքում միջազգային դիտորդները կարծում են, որ նմանատիպ խախտումներն ու ընտրությունների օրն արձանագրած խախտումները զգալի կերպով չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա: Նրանք պարզապես նշում են և պահանջում ուշադրություն դարձնել մի քանի մտահոգությունների վրա, որոնք նկատել են այս ընթացքում:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի թեժ գծով 310 ահազանգ է գրանցվել

Մարդու իրավունքների պաշտպանի «116» թեժ գիծը նախընտրական շրջանում և ընտրությունների օրը գործել է շուրջօրյա: Ընդհանուր առմամբ, պաշտպանը ընտրական իրավունքների իրացման վերաբերյալ ստացել է 310 ահազանգ: Նախընտրական քարոզչության ընթացքում ստացվել է 106 ահազանգ. 64` Երևանից, 42` մարզերից: Ընտրության օրը ստացվել է 204 ահազանգ. 114` Երևանից, 90` մարզերից: Ստացված ահազանգերով պաշտպանի արագ արձագանքման խմբերը 119 դեպքերում տեղում տրամադրել են իրավական աջակցություն:

Ոստիկանությունը 3 քրեական գործ է հարուցել

Մայիսի 6-ին՝ ժամը 8:00-ից մինչև մայիսի 7-ի ժամը 6:00-ը ՀՀ ոստիկանության օպերատիվ շտաբում ԱԺ ընտրությունների վերաբերյալ 129 տեղեկություն է ստացվել, որոնք վերաբերել են ընտրատարածքների մոտ մարդկանց կուտակումներին, խուլիգանական գործողություններին, ընտրացուցակների անճշտություններին, քվեաթերթիկների պակասին, ԶԼՄ ներկայացուցիչների աշխատանքը խոչընդոտելուն, կրկնակի ընտրության փորձերին, ընտրակաշառքին, հակաքարոզչությանը և այլ խախտումների:

Հարուցվել է 3 քրեական գործ. 2-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 1542-րդ հոդվածով (Ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը), 1-ը` 316-րդ հոդվածի 1-ին մասով (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը):

Երևանի մամուլի ակումբը` ԶԼՄ-ների կողմից ընտրությունների լուսաբանման մասին

Ամփոփելով նախընտրական քարոզարշավի լուսաբանումը՝ Երևանի մամուլի ակումբն արձանագրել է, որ հեռարձակող լրատվամիջոցները գործել են հավասարակշռված և քաղաքական ուժերին իրենց ծրագրերն ու դիրքորոշումը ընտրազանգվածին ներկայացնելու հնարավորություն են տվել: Սա չեն ժխտում նաև կուսակցությունները:

Մոնիթորինգն իրականացվել է մարտ ամսից: Դիտարկվել են Հանրային հեռուստատեսության առաջին ալիքը, «Արմենիա», «Երկիր մեդիա», «Կենտրոն», Հ2, «Շանթ», «Շողակաթ», «Արմնյուզ» հեռուստաալիքները և Հայաստանի հանրային ռադիոն: Նախընտրական քարոզչության շրջանում քաղաքական ուժերի նկատմամբ առավել հետաքրքրություն է դրսևորել «Արմնյուզը», լուսաբանման ծավալով երկրորդ և երրորդ տեղերում են «Կենտրոնը»և «Երկիր մեդիան»: Ընտրարշավն ամենաքիչը լուսաբանել են Հ1-ը, «Արմենիան» և «Շանթը»: Հետազոտված բոլոր հեռարձակողների հանրագումարված ցուցանիշներով` ՀՀԿ-ն առաջատար է դարձել անդրադարձների հաճախականությամբ և ծավալով: «Կենտրոնում» այս ցուցանիշով առաջատարն է ԲՀԿ-ն, «Երկիր Մեդիայում»` ՀՅԴ-ն, իսկ «Արմենիայում»` ՀԱԿ-ը:

«Խորհրդարանական ընտրություններ 2012» իրավական նախաձեռնության շրջանակներում «Անկախի» լրագրողներն այցելել են 49 ընտրատեղամաս:

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ»ՀԿ-ի կողմից իրականացվող «Խորհրդարանական ընտրություններ 2012» իրավական նախաձեռնության շրջանակներում մայիսի 6-ին 30 իրավական շտապ օգնության մեքենաները` յուրաքանչյուրում մեկական իրավաբան, լրագրող և դիտորդ, շրջել են Երևանի և մարզերի շուրջ 400 ընտրատեղամասերում, որտեղ դիտորդներն արձանագրել են ընտրախախտումները, լրագրողները լուսաբանել են, իրավաբաններն էլ հարկ եղած դեպքում իրավական աջակցություն են տրամադրել:

Ընդհանրացնելու համար ընտրատեղամասերի հիմնական խնդիրները, առաջին հերթին  պետք է արձանագրենք ընտրատեղամասերի շրջակայքում մարդկային կուտակումները` հատկապես Հանրապետական և «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններին հարող երիտասարդության ներկայացուցիչների կողմից, քվեարկելու եկած քաղաքացիների հերթերը, ընտրատեղամասում մեկից ավելի վստահված անձանց առկայությունը, քվեախցիկների ոչ ճիշտ դիրքը, կուսակցական դրոշներով «զարդարված» մեքենաներով ընտրողներին զանգվածաբար ընտրատեղամասեր բերելը, մի քանի հոգով քվեախուց մտնելու փորձերը, կազմակերպչական խնդիրները` ընտրատեղամասում «կերուխումի» անցկացումը, վստահված անձանց կողմից վկայականները չկրելը, փոխարենը դրանք գրպաններում պահելը, վստահված անձանց կողմից անհարկի միջամտությունները քվեարկության գործընթացին և այլն:

«Խորհրդարանական ընտրություններ 2012» իրավական նախաձեռնության թեժ գծով ստացված ահազանգերը 140-ն են եղել: Նախաձեռնության վերջնական արդյունքները կամփոփվեն ավելի ուշ:

Դիտվել է 1414 անգամ:
Print Friendly

Leave a Reply