Արցախյան մշակույթի ներկայացում Շուշիում

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | May 10, 2012 11:15

Մայիսի 9-ին Շուշիի «Հին այգում» (Շուշիի բերդի հարակից տարածքում) Շուշիի ազատագրման 20-ամյակին նվիրված Ժողովրդական տոնախմբություն է կազմակերպվել: ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից կազմակերպված տոնախմբությունը ուղեկցվում էր հայկական երգ ու պարով: Առանձին տաղավարներում ներկայացված էր արցախյան մշակույթը:

Առանձին տաղավար ուներ նաեւ  «Նարեկացի» արվեստի Միության Շուշիի կենտրոնը, որտեղ ներկայացվել էին  «Նարեկացի» արվեստի Միության Շուշիի կենտրոնի սաների աշխատանքները:  Իրենց աշխատանքներն էին ներկայացրել կենտրոնի գեղանկարչության, մանրանկարչության, արտթերապիայի, ասեղնագործության, փայտագործության ու լուսանկարչության խմբակների սաները:

Ներկաները բոլորն էլ տպավորված էին թե ՆԱՄ կենտրոնի սաների աշխատանքներով, թե մյուս տաղավարներով:

Միջոցառման ընթացքում հորդ անձրեւ սկսվեց, ինչը, սակայն,  չփչացրեց  հարյուրավոր մարդկանց տոնական տրամադրությունը, եւ միջոցառումն ընթացավ իր բնականոն հունով:

«Նարեկացի» արվեստի միության /ՆԱՄ/ Շուշիի մասնաճյուղը գործում է  2006թ. սեպտեմբերից:
Արդեն ավելի քան 5 տարի է` Նարեկ Հարությունյանի ջանքերով կենտրոնում գործում են գեղանկարչության, մանրանկարչության, լուսանկարչության, ձեռագործության, ասմունքի, պարի, թատերական, փայտի փորագրության եւ այլ խմբակներ, որոնց դասընթացներին հաճախում է ավելի քան 135 երեխա։ ՆԱՄ-ի Շուշիի կենտրոնում ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները հաշմանդամություն ունեցող մարդկանց ազատ տեղաշարժման համար, ինչի շնորհիվ հաշմանդամ արվեստագետներն ու արվեստասերները հնարավորություն ունեն մասնակցելու բոլոր միջոցառումներին։ Իրականացվում են մի շարք ծրագրեր, միջոցառումներ թե’ կենտրոն հաճախող երեխաների, թե’ ՀՀ-ից եւ արտերկրից ժամանած արվեստագետների մասնակցությամբ։
«Նարեկացի» արվեստի միության Շուշիի մասնաճյուղը իր կարևորագույն դերն է կատարում շուշեցի երեխաների առօրյայում` մեծ ներդրում ունենալով նաեւ ողջ Արցախի հանրապետության մշակութային կյանքի զարգացման գործում:

Դիտվել է 1393 անգամ:
Print Friendly

Leave a Reply