Մայիսի 9-ը հաղթանակների օր է. Կեցցե՜ հայոց հաղթանակած բանակը /զորահանդեսի լուսանկարներ,տեսանյութ/

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | May 9, 2012 16:14

Այսօր Մայիսի 9-ն է:  Աշխարհի տարբեր ծայրերում գուցե հասարակ մի օր, բայց Հայաստանում տոն է, այն էլ` եռատոն: Արդեն 20 տարի շարունակ այս օրը հայ ժողովուրդը, մի պահ մոռանալով իր   հոգսերն ու ցավերը, սոցիալ-տնտեսական խնդիրներն ու այս տարի նաև հետընտրական քննարկումները, համախմբվում է մեկ ընդհանուր վառ հիշողության` արցախյան հերոսամարտում տարած փառավոր հաղթանակի շուրջ: Ուղիղ 20 տարի առաջ այս օրը` 1992-ի մայիսի 9-ի առավոտյան հայկական ջոկատները հաջողությամբ ավարտին հասցրին «Հարսանիք լեռներում» օպերացիան, որի անվանումն իր յուրօրինակ իմաստն ուներ: Այն կապված է այն ժամանակվա պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի հետ, որը անիրագործելի է համարել Կոմանդոսի և Սամվել Բաբայանի ներկայացրած Շուշիի ազատագրման մարտական պլանը, սակայն, ի պատասխան պնդումների, խոստացել է Շուշին գրավելուց հետո անպայման ամուսնանալ: Այսպես օպերացիան ստացել է «Հարսանիք լեռներում» պայմանական անվանումը:

Ազատագրական գործողություններն իրականացվել են 4 ուղղությամբ միաժամանակյա հարձակումներով: Մայիսի  8-ի գիշերը` ժամը 2.30-ին, Քիրսի ռազմական դիրքերը գրավելուց և Լաչին-Շուշի ճանապարհը հսկողության տակ վերցնելուց հետո հայկական զորքը մտնում է Շուշի, և մայիսյան հերթական լուսաբացին բերդաքաղաքի Սբ Ղազանչեցոց եկեղեցու ավերված գմբեթին արդեն ծածանվում էր հայոց հաղթական եռագույնը: Դա նորանկախ Հայատանի պատմության ամենափառավոր էջերից է, որը հնարավորություն տվեց տարիներ շարունակ մեծ հպարտությամբ թերթել ու հիշել հայ ազգի ու հայոց պետության այդ դժվարին, բայց լուսավոր ու հաղթական պահերը:

Սակայն մայիսի 9-ի տոնական կերպարը հայերիս միայն արցախյան հերոսամարտով չի ամբողջանում: Մայիսի 9-ը հաղթանակի օր է նաև Սովետական Հայաստանի համար: 1945 թվականին ճիշտ այս օրը Խորհրդային բանակը մտավ Բեռլին և այդ օրով նշանավորեց իր պատմական հաղթանակը Ֆաշիստական Գերմանիայի դեմ: Դա համընդհանուր ու մեծ իրադարձություն էր, բոլոր խորհրդային ազգերի ու հայերի միասնական հաղթանակը, որում մեծ ավանդ են ունեցել  հայերը:

Հայրենական պատերազմի տարբեր ռազմաճակատներում կռվել ու հաղթանակում իրենց ավանդն են ունեցել 600 հազար հայորդիներ: Հայ ազգը Հայրենիքին  տվել է 4 մարշալ՝ Բաղրամյան, Բաբաջանյան, Խուդյակով (Խամփերյանց), Աղանով և ԽՍՀՄ-ի մեկ ծովակալ՝ Իսակով։ 70 հազար հայ մարտիկներ պարգևատրվել են մարտական շքանշաններով ու մեդալներով, 27 շարքային զինվոր դարձել է փառքի շքանշանակիր, 104 մարդ արժանացել է ԽՄ հերոսի կոչման: Խորհրդային Միության կրկնակի հերոսի կոչման է արժանացել օդաչու Նելսոն Ստեփանյանը:

Սակայն այսօր եռատոն է, քանզի նշվում է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի` հայոց հաղթանակած բանակի ստեղծման հերթական տարեդարձը: Ի վերջո,  այսպիսի փառավոր էջերը չէին գրվի երբեք առանց հզոր բանակի, որը, դեռ նոր կազմավորված, կարողացավ հիշեցնել ադրբեջանական հրոսակներին, որ հայ ազգն ի զորու է, թեկուզ փոքրաթիվ զորքով, բայց հաղթական ու մարտնչող ոգով պաշտպանել հայոց սահմանները:

Ամեն տարի մայիսի 9-ին մենք եռակի ենք փառավորվում և ոգեշնչվում մեր խորհրդային ու հետխորհրդային հերոսների տարած հաղթանակներով, քանզի ունենք բանակ, որն իր մեջ կրում է այս պատմական հաղթանակների հերոսական ոգին` պատրաստ անհրաժեշտության դեպքում թշնամուն հիշեցնելու իր անզիջում պայքարի ու հերոսական մարտերի մասին:


Դիտվել է 8379 անգամ:
Print Friendly

Leave a Reply