Բնապահպանական ցուցահանդեսում կցուցադրվեն վերամշակված թղթից բացիկներ

Օրվա լուր | | October 14, 2009 20:03

«Արևորդի» 2-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում հոկտեմբերի 26-ից 28-ը առաջին անգամ Հայաստանում տեղի կունենա բնապահպանական ԷկոԷքսպո ցուցահանդես:

Հայաստանի տարբեր մարզերում գործող «Արևորդի» էկոակումբների սաներն առանձին տաղավարներով կներկայացնեն իրենց աշխատանքները` վերամշակված թղթից պատրաստված բացիկներ, ինչպես նաև կցուցադրեն թղթի վերամշակման իրենց տեխնոլոգիաները:

Ներկաները հնարավորություն կունենան տեսնել, թե ինչպես է աշխատում արևային էներգիա կլանող սարքը, որը պատրաստել են օգտագործված մետաղե տարաներից: Էկոակումբների սաների պատրաստած գրքույկները և թռուցիկները տեղեկություններ կտան Հայաստանի կենդանական ու բուսական աշխարհի, բնության պահպանության բնապահպանական ապրելակերպի մասին:

Էկոցուցահանդեսին առանձին տաղավարներով հանդես կգան նաև միջազգային բնապահպանական կազմակերպություններ, պետական կառույցներ, կրթական հաստատություններ և գործարար հատվածի ներկայացուցիչներ:

Ծրագրի իրականացմանն աջակցում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակը:

Ցուցահանդեսը կանցկացվի հոկտեմբերի 26, 27, 28-ին` ժամը 12:00-ից մինչև 17:00-ը` ՆՓԱԿ-ում (Նորարար փորձառական արվեստի կենտրոն):

«Արևորդի» 2-րդ միջազգային բնապահպանական փառատոնի գլխավոր գործընկերն է ՎիվաՍելՄՏՍ ընկերությունը:

«Արևորդի» բնապահպանական փառատոնն իրականացվում է ՀՀ վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) նախաձեռնությամբ, որը  գործում է 2001թ.-ից: Կազմակերպության գործունեությունն ուղղված է բնապահպանական խնդիրների շուրջ հասարակության տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը, Հայաստանում և ողջ հարավկովկասյան տարածաշրջանում բնապահպանական խնդիրների այլընտրանքային լուծումների համար բաց ֆորումի ստեղծմանը:

Դիտվել է 1845 անգամ:
Print Friendly

Leave a Reply