“Իդեալական էլեկտրամոբիլ”` գերմանացի ուսանողների մշակմամբ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 9, 2012 16:14

Մյունխենյան Տեխնիկական ինստիտուտի ուսանողները մտադրվել են ստեղծել “իդեալական էլեկտրամոբիլ”:  Այս հարցում ուսանողներին օգնելու են գերմանական երկու խոշոր ավտոհսկաները`BMW և Daimler կոնցեռնները: Էլեկտրամեքենայի նախագիծը` որպես կոնցեպտ, որ կրում է Vision M անվանումը, ուսանողները ներկայացրել էին դեռ անցյալ տարվա Ֆրանկֆուրտի ավտոսրահում: Նախագծում, որպես հիմնական առավելություններ, նշվել են թեթև քաշը (մոտ 500 կգ) և գերժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած լինելը` ակտիվ կախոցներ, հատուկ մշակված կուրսային կայունության համակարգ և այլն: Կոնցեպտի հեղինակների կարծիքով մեքենայի բարձր քաշն ինքնին ենթադրում է առավել տարողունակ մարտկոցների անհրաժեշտություն, հետևաբար` ինքնարժեքի բարձրացում և դինամիկական ցուցանիշների նվազում: Այդ պատճառով, ուսանողներն այժմ աշխատում են մեքենայի` առանց այդ էլ բավականին ցածր քաշի էլ ավելի նվազեցման վրա` ձգտելով հասցնել մինչև 400 կգ-ի: Նորահայտ էլեկտրամոբիլի շարժիչի հզորությունը, նախնական տվյալներով, կկազմի մոտ 20 ձիաուժ, որը, ճիշտ է, դինամիկական լուրջ ցուցանիշներ չի կարող ապահովել մեքենայի համար, բայց, մասնագետների հավաստմամբ, կլինի չափազանց տնտեսող:  “Իդեալական քաղաքային էլեկտրամոբիլի” նախագիծն արդեն հավանության է արժանացել Գերմանիայի կրթության նախարարության կողմից, որը Vision M-ի ստեղծագործական խմբին տրամադրել է մոտ 10 մլն եվրոյի չափով գրանտ: Բացի այդ, նախագծի սերիական արտադրության հարցում նյութերով և տեխնոլոգիաներով օժանդակելու պատրաստակամություն են հայտնել գերմանական հայտնի արտադրող ընկերությունները, որոնց թվում են, BMW-ից ու Dailmler-ից բացի, նաև TUV-ն և Siemens-ը:

 

Վահե Մակարյան

Դիտվել է 1630 անգամ:
Print Friendly

Leave a Reply