Լ.Ալավերդյան. «Ժառանգությունը» շատ ավելին կարող էր հաղթանակել, եթե շարունակեր այն մարդկանց հետ, ում սովորել էր հասարակությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 9, 2012 13:57

Panorama.am-ի հարցազրույցը ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանի հետ:

-Տիկին Ալավերդյան, մինչ հարցերին անցնելը չեմ կարող դիտարկում չանել` ժամանակին կանխատեսեցիք այն, ինչ եղավ ու սահմանազատեցիք Ձեզ այդ ամենից…
-Ես շատ ցավում եմ, որ այդքան լավ կանխատեսող դուրս եկա:

-Բայց իսկապե՞ս սպասում էիք, որ հենց սա է տեղի ունենալու:
-Եթե խոսքը «Ժառանգության» մասին է, ապա այո, ես համոզված էի, որ այն հասարակական սպասումը, որը ձևավորել է «Ժառանգության» 2007թ-ի թիմը բոլորովին այլ էր, քան այն սկզբունքը, որ որդեգրվեց 2012թ-ի «Ժառանգության» և «Ազատ դեմոկրատների» կազմման մեջ: Իմ անհամաձայնությունն ի սկզբանե եղել է սկզբունքային: Էլ չեմ խոսում նրա մասին, որ չեն ընտրվել իմ երիտասարդ գործընկերները:
Կարծում եմ հասարակության համար այդ քայլը շատ անսպասելի էր:

-Խոսքը «Ազատ դեմոկրատների» հետ միասնական ցուցակով հանդես գալու մասի՞ն է:
-Ընդհանրապես` որևէ կուսակցության հետ, այն էլ այս ժամկետներում միավորվելը անսպասելի էր հասարակության համար: Եվ հասարակությունը, որքան էլ մենք ինչ ասենք, բոլոր դեպքերում ժամանակի խնդիր ունի վստահելու համար, անգամ եթե մարդկային, կադրային առումով այդ որոշումը ճիշտ էր: Հասարակությանը ժամանակ է պետք ընկալելի դառնալու համար:
Հատկապես ընտրությունների նախաշեմին, ըստ իս, «Ժառանգությունը» պետք է մնար իր որդեգրած քաղաքականության ու այն անձանց հետ, որոնց հետ հինգ տարի եղել էր: Որովհետև իրապես «Ժառանգության» անդամներն այն մարդիկ էին, որ հինգ տարի եղել են հասարակության մեջ, մարդկանց կողքին:

-Իսկ այսօր այդ քաղաքական ուժի կորիզը, ի դեմս նաև Ձեզ, քաղաքական պայքարից ու նաև հասարակության կողքին լինելուց դուրս է մնացել:
-Ոչ թե դուրս ենք մնացել, այլ այս քաղաքական տեխնոլոգիաները ինձ համար խորթ են ու ես, ըստ էության, այդպիսի տեխնոլոգիաների մեջ չկամ:

-Տիկին Ալավերդյան, Դուք ձեր որոշումից հետո հանդիպել կամ զրուցե՞լ եք Րաֆֆի Հովհաննիսյանի հետ:
-Ոչ: Որովհետև շատ սկզբունքային է հարցը…. Ես այն կարծիքին եմ, որ ներկայիս «Ժառանգությունը» շատ ավելին կարող էր հաղթանակել, եթե շարունակեր իր քաղաքականությունը …

-Այսինքն այն, ինչին սովորե՞լ էր հասարակությունը:
-Այո:

-Ու նաև այն դեմքերին, ում սովորե՞լ էր ժողովուրդը:
-Դա շատ կարևոր է: Ինչքան էլ խոսենք պրագմատիզմի մասին, փորձը ցույց տվեց, որ ռացիոնալ պետք է լինես, այսինքն խելացի: Իսկ պրագմատիզմը շատ հեղհեղուկ կատեգորիա է, անհասկանալի է, թե ո՞րն էր այդտեղ պրագմատիզմը:

-Դուք ինչ-որ կերպ կարող եք արդարացնել կուսակցապետի …
-Ճիշտն ասած ի տարբերություն շատ շատերի ես չեմ տեսնում այստեղ զուտ Րաֆֆիի գործոնը: Նախևառաջ ես, որպես երկար տարիներ ղեկավար պաշտոնում եղած, միշտ ինձ վերաբերվել եմ հետևյալ ձևով. Եթե հաղթանակ է, ապա թիմի հաղթանակն է: Եթե ինչ-որ բացթողումներ կամ պարտություն է, ապա մեղավորը ղեկավարն է: Բայց այդպես ես ինձ եմ վերաբերվում: Տվյալ դեպքում քաղաքական ուժը հնարավորություն ուներ իր երկու մարմիններով ավելի մանրամասն և խորը դիտարկեր այդ առաջարկությունը, որը արել էր կուսակցության ղեկավարը: Այսինքն` տվյալ դեպքում կոլեգիալ քննարկումները երևի թե պետք է ավելի բարձր մակարդակի լինեին և այստեղ ամեն մեկը պետք է իր «կողմ»-ն ու «դեմ»-ն արտահայտեր ու նաև պատասխանատվությունը կրեր:

-Ես, ամեն դեպքում, ավարտեմ հարցս` Դուք ինչ-որ կերպ կարո՞ղ եք արդարացնել Րաֆֆի Հովհաննիսյանին, ով Անահիտ Բախշյանին, Արմեն Մարտիրոսյանին ու Ստյոպա Սաֆարյանին ցուցակում ներառեց այնպիսի հորիզոնականներում, որոնք անցողիկ չեն ու ուղորդեց դեպի մեծամասնական, անհավասար պայմաններով մրցակցային դաշտ: Չե՞ք կարծում, որ կուսակցապետը շատ լավ գիտակցում էր, որ միայն մեծամասնական ճանապարհով նրանք խորհրդարանում այլևս չեն հայտնվի:
-Այդ հարցին պատասխանելու համար ես այն պետք է հասկանամ: Ցավոք սրտի ես առնվազն անհաղորդ մնացի, թե ինչո՞վ է բացատրվում քաղաքական այդ քայլը: Այնպես որ ես վերին աստիճանի ձեռնպահ կմնամ որևէ կոշտ արտահայտություններից…
Բայց ես շատ եմ ափսոսում, իսկապես: Իմ մեջ գերակա է ափսոսանքի զգացումը. եթե դա սխալ է, ես ափսոսում եմ սխալի համար, իսկ եթե դա հաշվարկ է, ապա առավել ևս ես ափսոսում եմ այդ հաշվարկի համար:

-Այսինքն ` նշված անձինք սխալի ու հաշվարկի զոհը չպե՞տք է դառնային:
-Այո… այստեղ մի այդպիսի բան եմ տեսնում ես… բայց կրկնում եմ` ես բազմիցս ասել եմ, որ թեև ես փորձառու եմ, բայց ես իմ գործընկերներից սովորելու շատ բան ունեմ: Ու շատ լավ բաներ եմ սովորել նրանցից:

-Տիկին Ալավերդյան, բայց Դուք կուզենայի՞ք, այդուհանդերձ, լինել խորհրդարանում: Այն պառլամենտը, որ մենք ձևավորեցինք, Դուք այնտեղ տեղ ունեի՞ք:
-Իհարկե ոչ: Եվ երբ ես ասում եմ ոչ, դա ոչ թե մերժողական վերաբերմունք է, այլ իմ պրոակտիվ դիրքորոշումն է: Ես գտնում եմ, որ այլևս պետք է հրաժարվել քաղաքացիական հասարակության կողմից ցանկացած ոչ պրոֆեսիոնալ քայլից: Իհարկե, քանակական առումով մենք առաջընթաց ունենք, քանի որ տաս ըտարի առաջ այդչափ շատ դիտորդներ Հայաստանում չէին լուսաբանում ընտրությունները, բայց պետք է ասեմ, որ հմտանում է մոլորության մեջ գցող խավը, և ես մեղմ արտահայտություն եմ այս պարագայում օգտագործում, բայց այն չի զարգացնում իր ունակությունները: Եվ դիտորդները այսօր պետք է հստակեցնեին, որ ընտրությունների օրը չի ստեղծվել այն անհրաժեշտ փաստարկների շտեմարանը, որը հիմք կծառայեր իրավական հետևություններ անելու համար: Ամեն ինչը մնում է զուտ բանասիրական, որակական հայտարարությունների ու գնահատականների մակարդակում:

Աղբյուր` Panorama.am

Հեղինակ` Լիա Խոջոյան

Դիտվել է 1416 անգամ:
Print Friendly

Leave a Reply