Արդի հայ գրողների ստեղծագործությունները թարգմանվել են պարսկերեն
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | May 9, 2012 13:10
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղաիյանին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարությունից, դեսպան Սեյեդ Ալի Սաղաիյանը շնորհակալություն է հայտնել նախարար Հասմիկ Պողոսյանին արդյունավետ ու համակողմանի համագործակցության համար: Նա իր խոսքում նշել է, որ հայ-իրանական հարաբերությունները բացառիկ են որպես երկու քաղաքակրթությունների ու երկու մեծ կրոնների երկխոսության լավագույն օրինակ: Դեսպանի համոզմամբ, հայ հնագույն մշակույթի իրողության հավաստումն է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը գրքի 2012 թ. համաշխարհային մայրաքաղաքի հռչակումը, հայ գրատպության 500-ամյակի մեծամասշտաբ նշումը, որին մասնակցել է իրանական պատվիրակությունը ևս:
Ի պատասխան` նախարար Հասմիկ Պողոսյանն իր գոհունակությունն է հայտնել Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաքի պաշտոնական բացմանը Իրանի պատվիրակության մասնակցության համար: Նախարարը իր խոսքում կարևորել է հայ-իրանական մշակութային համագործակցությունը, որը հաստատուն քայլերով առաջ է ընթանում թե’ կինոարվեստի, թե’ հուշարձանների պահպանության, և’ թե գրահրատարակության ու մշակութային փախանակությունների ուղղությամբ, տեղեկացրել է, որ բոլորովին վերջերս հայկական պատվիրակությունը վերադարձել է Թեհրանի գրքի ցուցահանդեսից, փաստել է երկու երկրների գրողների միությունների ակտիվ համագործակցությունը գրական-թարգմանական նախագծերի իրականացման ուղղությամբ: Նա նշել է նաև Իրանում գործող և տարածաշրջանային թարգմանական նախագծեր իրականացնող «ԱՖՐԱԶ» և Հայաստանի «ԱՊՈԼՈՆ» հրատարակչությունների համագործակցության արդյունքում թարգմանված և հրատարակման նախապատրաստվող «Արդի հայ պոեզիա» ժողովածուն, որում ներառված են 12 հայ ժամանակակից գրողների ստեղծագործությունները:
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հրաժեշտ տալով ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղաիյանին` հույս է հայտնել, որ վերջինս նոր պաշտոնավարության ժամանակ ևս կմնա Հայաստանի բարեկամն ու կաջակցի հայ-իրանական մշակութային կապերի զարգացմանը:






Facebook
Tweet This
Email This Post
