Շուշիի ազատագրումը՝ 20 տարի անց. ականատեսների աչքերով (տեսանյութ)

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | May 9, 2012 12:50

Արդեն 20 –րդ տարին է, որ «Մայիսը հաղթանակների ամիս է» արտահայտությունն արտաբերող յուրաքանչյուր ոք նկատի ունի նաև Շուշիի ազատագրումը , որն իր ավարտին հասցվեց 1992 թ մայիսի 9-ի լուսաբացին: Դպրոցական դասագրքերից մինչև հայկական էլեկտրոնային հանրագիտարան՝ հայտնի ակադեմիական ճշմարտություն է, որ Շուշիի գրավումը հայ ազատամարտիկների ռազմական բացառիկ սխրանքն էր, որը բախտորոշ ազդեցություն ունեցավ արցախյան պատերազմի հետագա ընթացքի վրա:

ՀՀ նորանկախ պատմության մեջ Շուշիի ազատագրման օպերացիան կոչվում էր «Հարսանիք լեռներում»: Ինչպես մի քանի անգամ հեռուստատեսությամբ և մամուլով նշել է Շուշիի ազատագրման օպերացիայի հեղինակ, գեներալ-մայոր  Կոմանդոսը` Արկադի Տեր-Թադևոսյանը, օպերացիան կոչվում էր «Հարսանիք լեռներում», որովհետև երբ Շուշիի գրավման համար տարբեր ուղղությունների պատասխանատուները Կոմանդոսի և Սամվել Բաբայանի գլխավորությամբ դրանից մի քանի օր առաջ մարտական պլանը ներկայացրել են այն ժամանակվա Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանին , վերջինս այն անիրագործելի է համարել, սակայն ի պատասխան պնդումների ՝ խոստացել Շուշին գրավելուց հետո անպայման ամուսնանալ: Այսպես օպերացիան ստացավ «Հարսանիք լեռներում» պայմանական անվանումը:

Հիշեցնենք, որ գործողությունն իրականացվել է 4 ուղղություններով՝ միաժամանակյա հարձակումներով՝ մայիսի լույս 8-ի գիշերը ժամը 2.30-ին՝ Քիրսի ռազմական դիրքերը գրավելուց և Լաչին-Շուշի ճանապարհը հսկողության տակ վերցնելուց հետո:

Հայկական Շուշի բերդաքաղաքի, իսկ մինչև ազատագրումը ՝ Ստեփանակերտը հրետակոծող թիվ 1 կրակակետի ազատագրման շոշափելի արդյունքը Ստեփանակերտի բնակիչները զգացին հենց առավոտյան, երբ Շուշիում տեղակայված «Գրադ» կայանքներն այլևս լռել էին:

Այլևս 20 –ամյա վաղեմության փաստագրական կադրերը վկայում են,թե ինչպես հայ ազատամարտիկները Շուշին գրավելուց հետո Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու ավերված գմբեթին ծածանում են հայոց եռագույնը և հաղթանակի համար աղոթք անում եկեղեցում:

Tert.am –ի հետ զրույցում Շուշիի հատուկ նշանակության ջոկատի հատուկ գումարտակի հրամանատար Ժիրայր Սեյֆիլյանը, մեջբերելով Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեսպիսկոպոս Մարտիրոսյանի հուշերը, նշեց, որ Շուշիի ազատագրումն իրենք դիտարկում էին որպես մի յուրահատուկ Խաչակրաց արշավանք:

«Մայիսի 7-ին զինվորները դիմեցին մեզ. ամեն մեկը խաչ էր խնդրում: Խաչերը կախեցինք նրանց պարանոցներից կամ ամրացնում էինք գլխարկների վրա: Ոմանք էլ կրծքի, թիկունքի կամ թևերի վրա ներկով խաչ էին նկարում կամ հագուստին կտորե խաչ կարում: Նույնիսկ խաչեր էին արված զենքերի ու զրահատեխնիկայի վրա: Կարծես Խաչակրաց արշավանք լիներ»,-գրել է Պարգև սրբազանը:

Tert.am –ի հետ զրույցում Շուշիի ազատագրման ջոկատներից մեկի անդամ, դաշնակցական Իգոր Սարգսյանը, ով ուսանողական ջոկատների հետ միասին մասնակցել էր արցախյան պատերազմին և այս թվում՝ Շուշիի ազատագրմանը, ևս նշեց, որ հայ ազատամարտիկները հայոց հնագույն բերդ քաղաքի ազատագրմանը նայում էին հենց այս տեսանկյունից: Նա նաև հավելեց.«Զգացողությունը… կարծես մեր պապերի ամբողջ ուժը և պատասխանատվությունը տված լինեին մեզ: Որ վերջապես պետք է ազատագրենք: Եվ մտածում էինք, որ մեզ է բախտ վիճարկվել ապրելու այդ ժամանակաշրջանում և սեփական ուժերով սեփական հաղթանակը կռելու»:

Ազատամարտիկը հիշեց. «Երբևիցե չենք մտածել, որ կզոհվենք, շատ ուրախ տրամադրություն ունեինք … իսկ ազատագրելու պահն աննկարագրելի է. կար լաց, կար ուրախություն, կար ծիծաղ, կար հպարտություն, եկեղեցու առաջ խոնարհվել էինք արցունքներն աչքերիս և մի տեսակ զարմանալի բան էր»:

Իգորը պատմեց, որ եկեղեցի մտնելուց առաջ ու աղոթք անելուց առաջ նախ այնտեղից հանել են թշնամու թողած արկերը:
Հարցին, թե ի վերջո, Շուշին ինչ էր Հայոց պատմության համար, ի վերջո հայերս սովոր ենք գնահատել միայն հեռավոր անցյալի պատմական անցքերը, ազատամարտիկն նշեց, որ ոչ միայն Շուշիով , այլ ողջ արցախյան պատերազմով Հայոց պետականության 1000-ամյա կորստից հետո առաջին անգամ հայը պատմական հայկական քաղաք ազատագրեց:

Tert.am

Դիտվել է 1594 անգամ:
Print Friendly

Leave a Reply