ՊԳՖԱ-ն` լրագրողների աչքերով

ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | May 9, 2012 12:37

Լրացավ «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» (ՊԳՖԱ) ֆեյսբուքյան նախաձեռնության 1 տարին: Անաղմուկ, առանց ծնծղաների, առանց տորթ ու շամպայնի, առանց շնորհավորանքների և բաժակաճառերի: Իսկ «ինչու՞» հարցին 1 տարեկան ՊԳՖԱ-ն հավանաբար, տասնամյակների կենսափորձ ունեցողի խոհեմությամբ ու հանդարտությամբ, կպատասխաներ. «երեխա եմ՝ ինչ ա…»: Իրոք, իր գոյության 1 տարվա ընթացքում նա կարողացավ դառնալ գործոն, որի կարծիքը հարգում են, որի հետ հաշվի են նստում…Դրան ՊԳՖԱ-ն հասավ մտածված, համարձակ, հաճախ՝ ոչ ստանդարտ քայլերի շնորհիվ:

Ես էլ որոշեցի ոչ ստանդարտ քայլ անել՝ հարցազրույց վերցնել լրագրողներից (չնայած, եթե ընտրարշավը ավելի երկար տևեր՝ պատգամավորության թեկնածու լրագրողների հետ հարցազրույցները կարող էին ավանդույթ դառնալ): Գիտնականների կարծիքները բավականաչափ լուսաբանվում են, հետաքրիր է ծանոթանալ նաև գիտության խնդիրները բարձրաձայնող եւ ՊԳՖԱ-ի գործունեությանը ծանոթ լրագրողների կարծիքներին:

ՊԳՖԱն 1 տարեկան է: Ի՞նչ կասեք ՊԳՖԱի մեկ տարվա աշխատանքի մասին (ձեռքբերումներ, բացթողումներ):

Մանե Հակոբյան. Ցանկալի կլիներ, որ նման նախաձեռնության կարիք ընդհանրապես չլիներ. գիտության ֆինանսավորման հարցն այս աստիճան դուրս մնացած չլիներ ղեկավարության տեսադաշտից, գիտության զարգացումը դիտվեր որպես երկրի զարգացման գլխավոր խթան, և ըստ այդմ` ֆինանսավորվեր, իսկ գիտնականներին էլ մնար` հանգիստ զբաղվել գործով` չկորցնելով իրենց շա~տ թանկ ժամանակն ու չքայքայելով նյարդեր: Այնուամենայնիվ, ունենք` ինչ ունենք, ու ինչի որ հաջողվել է հասնել ՊԳՖԱ-ին, դա շատ մեծ բան է մեկ տարեկան փոքրիկի համար: Շնորհավորեմ նրան ու փորձեմ թվարկել ձեռքբերումներ. …այն, որ նախաձեռնությանը հաջողվեց հասարակության և իշխանությունների ուշադրությունը դարձնել գիտության խնդիրներին` տեսադաշտի վերջին պլանից տեղափոխելով դրանք առաջինները, լուրջ  ձեռքբերում է: Այն, որ նախընտրական խոստումների մեջ այսօր համարյա բոլոր կուսակցությունները հիշատակում են “գիտություն” բառը, դա ձեռքբերում է, այն, որ վարչապետը անփութորեն չի դիմում գիտնականներին` ասելով, թե` տվեք արտադրանք ու ինքնաֆինանսավորվեք, այլ արդեն կշռադատում է գիտությանը վերաբերվող արտաբերելիք ամեն բառը, ձեռքբերում է: Այն, որ իշխանությունը հասկացել է, որ հեքիաթներով գիտնականներին չի լինի խաբել, ինչպես որ մշտապես արել է ժողովրդի հետ, որ բավական է նրանք համբերությունից դուրս գան ու դիմեն “պահանջելու” մեթոդին, արդեն իրենց ամեն քայլն ու ամեն բառը հիմնավորում պիտի ունենա, ձեռքբերում է: Որ մենք` լրագրողներս, այս մեկ տարում ավելի ենք անդրադարձել գիտության խնդիրներին, քան նախորդ, հնարավոր է` հինգ, գուցե տաս տարիներին, դա ձեռքբերում է: Որ մամուլն ու հեռուստատեսությունը ձանձրույթով ձեռքը թափ չի տալիս գիտությանը վերաբերվող նյութերի վրա, այլ ինքն է առաջարկում գիտության թեմաներ, ձեռքբերում է… Ցանկը մեծ է, կարելի է շատ թվարկել…

Իսկ այն, որ նախաձեռնությանը դեռևս չի հաջողվել ֆինանսավորման հարցում լուրջ արդյունքի հասնել, ես դա բացթողում չեմ համարում: Կարծում եմ, որ հաջորդ տարի ամփոփելիս, դա էլ կնշվի արդեն` որպես ձեռքբերում: Եվ եթե կան բացթողումներ, դրանք հաստատ նախաձեռնության մեղքով չեն…

Յանա Շախրամանյան. Եթե ամփոփենք մեկ տարին, ապա առաջինը՝ կարող եմ ասել, որ ՊԳՖԱ-ի ստեղծումը կարևոր էր ոչ միայն գիտության, այլ ամբողջ հասարակության համար: Քանի որ մեր քաղաքացին գնալով սովորում է պահանջել: Խոսքը չի գնում անիմաստ ու հաճախ վերևներից պատվիրված պահանջների մասին: Խոսքը ռեալ ու ինքնաբուխ շարժումների մասին է: Այն հասարակությանը, որը հիշում է իրեն տրված խոստումներն ու պահանջում է դրանց իրականացումը, գրեթե անհնար է խաբել: ՊԳՖԱ-ն ստիպեց, որ գիտաշխատողների ու գիտության մասին խոսեն: Հիշեն, որ բացի բանկիրներից, թոշակառուներից, ուսանողներից ու մի շարք այլ մարդկանց խմբերից երկիրը գիտնականներ ու գիտություն էլ ունի: Ի դեպ՝ բավականին հզոր ու մրցունակ:

Բոլոր խնդիրների լուծման առաջին քայլը դրանց քննարկումն ու բարձրաձայնումն է: Գիտության մասին սկսեցին խոսել, հետևաբար լուծումներն էլ արդեն ավելի մոտ են: Եղան նաև որոշ նյութական ձեռքբերումներ՝ մրցանակաբաշխությունների միջոցով (նաեւ լրագրողների համար): Սակայն կարծում եմ որ մեր երկրում գիտաշխատողը վստահաբար ավելիին է արժանի:

Ամփոփելով մեկ տարին, կարելի է եզրակացնել՝ ամեն բան շատ լավ սկսվել է. շարունակել է պետք !

Նունե Հովսեփյան. Ինչպես մեկ տարեկան երեխային, այնպես էլ ՊԳՖԱ-ին բնորոշ է քայլերն ավելի աներեր գցելու ձգտումն ու ցանկալի հեռուները հասնելու հաստատակամությունը: ՊԳՖԱ-ի կողմից կարևոր քայլ եմ համարում գիտական լրագրության մրցույթի պարբերաբար կազմակերպումը, ինչը, անխոս, նպաստում է գիտության խնդիրների վերաբերյալ լրագրողների հրապարակումների թվաքանակի աճին: Համոզված եմ՝ ԶԼՄ-ների հետ ճիշտ աշխատելու դեպքում, հնարավոր է հասնել մեծ արդյունքների:

Ասում են՝ մարդու գործունեությունը նման է իր ձեռագրին, ոչ մեկս էլ չենք կարողանում առանց ջնջումների: Հետևաբար ՊԳՖԱ-ի աշխատանքի ընթացքում բացթողումներ էլ շատ կան:

Ոչ թե բացթողում, այլ ինչ-որ տեղ անհիմն եմ համարում կուսակցություններին ուղղված կոչը՝ նախընտրական ծրագրերում ընդգրկել գիտության վիճակի բարելավման վերաբերյալ իրենց առաջարկությունները: Ես էլ, ընտրողների բանակ հավաքելու համար, կարող եմ ասել այն, ինչը գիտեմ՝ կցանկանան լսել իրենց խնդիրներով մտահոգ քաղաքացիները: Այլ հարց է, թե ես առաջիկայում կանդրադառնամ այդ խնդրին, թե ոչ:

Եվս մեկ անգամ շնորհավորում են ՊԳՖԱ ֆեյսբուքյան նախաձեռնության անդամներին: Հուսանք, որ մեկ տարվա ընթացքում ունեցած բացթողումները նպաստելու են երկրորդ՝ ավելի լավ շանսի ընձեռմանը:

Դանիել Իոաննիսյան. Այս մեկ տարվա գործունեության մասին կասեմ, որ արվեց ամենակարևորը. ակտիվ հասարակությունը հասկացավ, թե ինչու է պետք շեշտակիորեն ավելացնել գիտության ֆինանսավորումը ու միացավ այդ պահանջին:

Շուշան Գալստյան. Ես շատ ուրախ եմ, որ 21-րդ դարի գիտական լավագույն նվաճումներից մեկը` համացանցը միջոց դարձավ հենց նույն գիտության խնդիրները բարձրաձայնելու համար: Շատ մարդկանց նման, ես էլ մտածում էի որ այս նախաձեռնությունը հերթական մի էջ կարող է դառնալ: Բայց այսօր շատ ուրախ եմ, որ նախաձեռնությունը ծառայեց ու շարունակում է ծառայել իր նպատակին: Իր բուռն գործունեության լավագույն ձեռքբերումը եղավ այն, որ պետական այրերը ընդհուպ մինչև հանրապետության նախագահ, իրենց ուշադրությունը սևեռեցին այս հարցին, որի արդյունքը 100 միլիոն դրամի տրամադրումն էր:

Հայկուհի Բարսեղյան. ՊԳՖԱ-ի ամենամեծ ձեռքբերումներից եմ համարում այն, որ գիտությունն այլևս մոռացված երևույթ չէ, թե պետական մակարդակով, թե շարքային քաղաքացիներն այլևս հասկանում են գիտության կարևորությունը: Երբ նոր էի սկսել լուսաբանել ՊԳՖԱ-ի գործունեությունը, նյութերի ներքո հաճախ բացասական մեկնաբանություններ էին լինում` թե գիտնականներն ինչ են անում, որ մի հատ էլ ֆինանսավորման ավելացում են պահանջում: Հիմա նման բան այլևս որևէ մեկից չես լսի, ավելին, նախընտրական քարոզարշավը ցույց տվեց, որ բոլորը կարևորում են գիտության ֆինանսավորման ավելացումը և ժամանակի պահանջներին համապատասխան գիտություն ունենալը:

 

2. -Ինչպիսի՞ն է Ձեր անձնական վերաբերմունքը ՊԳՖԱի առաջ քաշած պահանջներին, մոտեցումներին ու գործունեությանն ընդհանրապես։

 Մանե Հակոբյան. Նախաձեռնության առաջ քաշած հիմնական պահանջը՝ գիտության ֆինանսավորման ավելացումը, համարում եմ արդարացի և, կարելի է ասել, նույնիսկ մի փոքր ուշացած: Շատ ողջունելի է այն փաստը, որ հաճախ որոշումներն ընդունվում, հետագա քայլերը ճշտվում են էջում բաց, երբեմն թեժ, քննարկումների արդյունքում:

Յանա Շախրամանյան. Ի սրտե համաձայն եմ առաջադրված գրեթե բոլոր պահանջներին: Ես ինքս բնակվում եմ գիտաշխատողների թաղամասում ու լսելով չէ, որ գիտեմ ոլորտում եղած խնդիրների մասին:

Նունե Հովսեփյան. Միանշանակ, ողջունում եմ նախաձեռնությունը: Մեկ տարվա ընթացքում նրանք կարողա­ցան իրենց պահանջը լսելի ու հասանելի դարձնել հանրությանը՝ ավելի շատ նախաձեռ­նության մասին իրազեկման խնդիրը լուծեցին, բայց դժվարը դեռ առջևում է…

ՊԳՖԱ-ի կողմից առաջ քաշված պահանջը՝ ավելացնել գիտությանը հատկացվող պետական ֆինանսավորման չափը, խելամիտ ու արդարացված եմ համարում:

Դանիել Իոաննիսյան. Գիտության ֆինանսավորման ավելացման պահանջը դարձավ հանրային և քաղաքական օրակարգի անբաժանելի մասը:

Շուշան Գալստյան. Ես կարծում եմ, որ նախաձեռնությունը ինչ որ չափով արդեն արդարացված է, քանի որ արդեն նկատելի է, որ անհատ ձեռներեցները և պետական պաշտոնյաները ակցիա նախաձեռեռնություններ են կատարում և գիտնակաների համար, ինչպես նաև այս ոլորտի խնդիրները լուսաբանողների համար: Տրամադրում են գումարներ…………..

Հայկուհի Բարսեղյան. Ի վերջո գիտնականներից լավ ոչ մեկը չգիտի, թե ինչ խնդիրներ ունի գիտությունն ու գիտնականը Հայաստանում: Հայաստանյան իրականությունն էլ այնպիսին է, որ պետք է հետևողականորեն պայքարես իրավունքներիդ ու նպատակներիդ համար: ՊԳՖԱ-ում հավաքված են մարդիկ, ովքեր ուզում են առկա խնդիրներին լուծում գտնել, պատկան մարմիններին ու նաև բոլորին մատնանշում են առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները: Նաև կարևոր է, որ նախաձեռնությունն իր ակտիվությունը չկորցրեց ժամանակի ընթացքում, այլ հետևողականորեն պայքարում է դրված նպատակներին հասնելու համար:

3. – Ի՞նչ նկատառումներից եք ելնում էջում այս կամ այն ձևով դրսևորվելու համար (նյութեր տեղադրել, գրառումներ կամ մեկնաբանություններ կատարել, հավանություն տալ այս կամ այն նյութին, գրառմանը, մեկնաբանությանը):

 

Մանե Հակոբյան. Նախաձեռնության էջում հետևում եմ քննարկումներին, երբեմն հանդես եմ գալիս մեկնաբանություններով՝ որևէ հարց պարզաբանելու, ճշտելու նպատակով կամ տեղադրում եմ գիտության ոլորտին առնչվող իմ հոդվածները:

Յանա Շախրամանյան. Էջում հիմնականում տեղադրում եմ իմ նյութերն ու այն նյութերը, որոնք, ըստ իս, կարևոր ու հետաքրքիր կլինեն նաև մյուսների համար: Նույն սկզբունքով էլ մեկնաբանում կամ հավանություն եմ տալիս այս կամ այն հղմանը:

Նունե Հովսեփյան. Երբ որոշվեց ավարտական աշխատանքիս թեման՝ <<Գիտության խնդիրների լուսաբանումն արդի հայ մամուլում>>, մի պահ երկմտել էի՝ գիտությունն ի˚նչ խնդիրներ ունի որ… 🙂 Սակայն կես ժամն էլ բավական էր, որ համացանցը օգներ հասկանալու գիտության ծանր վիճակը: Գիտական թեմաներով հրապարակումներս էլ նախատեսված են ավարտական աշխատանքի գործնական բաժնի համար:

Էջում տեղադրվող բոլոր նյութերը կարդում եմ: Սակայն հազվադեպ եմ մեկնաբանություններ թողնում, քանի որ չգիտես, թե ով ինչպես կընկալի գրածդ. չեմ սիրում օն-լայն բանավեճեր, հատկապես երբ դիմացինիս անձամբ չեմ ճանաչում: Իսկ հավանություն տալիս եմ միայն այն հրապարակումներին, որոնք իսկապես հավանում եմ՝ և՛ արտահայտված կարծիքի հետ եմ համամիտ, և՛ նյութի շարադրման ոճն եմ հավանում:

Դանիել Իոաննիսյան. Էջում պոստերն անելիս վերջնական նպատակը մեկն է. հասնել Հայաստանում գիտության ֆինանսավորման բազմապատիկ մեծացմանը:

Շուշան Գալստյան. Որպես ապագա գիտնական ինձ շատ են մտահոգում գիտության ոլորտում առկա խնդիրները, և ես էլ այժմ գտնվելով լրատվական դաշտում, ամեն կերպ փորձել եմ վեր հանել այժմէական խնդիրները` չմոռանալով նաև մեր ձեռքբերումների մասին: Այս էջը լավագույն դաշտն է արտահայտվելու և կարծիքներ լսելու առումով:

Հայկուհի Բարսեղյան. Այս հարցի էությունն այնքան էլ լավ չհասկացա, բայց փորձեմ պատասխանել: Էջում տեղադրում եմ այն նյութերը, որոնք որ գիտության հետ կապ ունեն կամ իմ կարծիքով առնչվում են գիտությանն ու ՊԳՖԱ-ին: Պարբերաբար հետևում եմ նաև էջում ընթացող քննարկումներին, հավանություն տալիս եմ մեկնաբանություններին և առաջարկություններին, որոնց հետ համակարծիք եմ:

 

4. –ՊԳՖԱ-ի հետ կապված ի՞նչ հիշարժան դեպք, քննարկում, ստատուս կամ մեկնաբանություն է տպավորվել:

 

Մանե Հակոբյան. Հիշարժան դեպքեր ու քննարկումներ` ինչքան ուզեք: Բայց ուզում եմ կարևորել ընդհանուր մի երևույթ. առաջներում շատ էին թերահավատները, որ անվերջ կրկնում էին, թե դա ժամանակի անիմաստ վատնում է ու “պայքար հողմաղացների” դեմ, որ ոչինչ չի փոխվելու…որ գիտնականներին բանի տեղ դնող չի լինելու, նրանց մնում է կամ լքել երկիրը, կամ, զբաղվել ուրիշ գործով, կամ հարմարվել ծայրաղքատ կենցաղին…  Այսօր` մեկ տարի անց, հոռետեսությունը լիովին հետ է քաշվել: Ամեն դրական տեղաշարժ ամրապնդում է համոզմունքն ու առաջ գնալու նոր ոգևորություն բերում:

Յանա Շախրամանյան. Կուզեի առանձնացնել Ծաղկաձորյան եռօրյա սեմինար-քննարկումը, որին ես ներկա էի: Սա շատ լավ հնարավորություն էր անձամբ ճանաչելու նախաձեռնության անդամներին: Ինչպես ասում են՝ հերոսներին դեմքով ճանաչել է պետք: Հիմա, եթե ավելի լուրջ՝ այդ սեմինարի ընթացքում մի բացառիկ դեպք տեղի ունեցավ: Հանդիպումների, այցելությունների ու պայմանավորվածությունների գրաֆիկից դուրս գիտնականներին այցելեց նախագահ Սերժ Սարգսյանը: Իսկ նա բոլոր պահանջների ամենավերին հասցեատերն է: Բարձրաձայնված խնդիրներ, քննարկում, պարզաբանումներ, խոստումներ: Ու, ի վերջո, տարեվերջին, թեկուզ փոքր, բայց ինչ-որ նյութական աջակցություն՝ «Երիտասարդ գիտնականներին ֆինանսական աջակցություն» ծրագիր՝ տարեկան 100 մլն. դրամ ֆոնդով:

Նունե Հովսեփյան. Թերևս չնշեմ, որովհետև ասելու դեպքում խի՛ստ սուբյեկտիվ եմ լինելու:

Դանիել Իոաննիսյան. Բավականին հիշարժան էր անցյալ տարվա դեկտեմբերին Սերժ Սարգսյանի հետ հանդիպումը, երբ հասկացանք, որ մեր երկրի նախագահը չի պատկերացնում, որ կան մարդիկ, ում համար սև ու մեծ ջիփը այլոց արժանիքների գնահատման առառկա չի:

Հայկուհի Բարսեղյան. Ինչ-որ բաներ եղել են, որից զայրացել եմ կամ ուրախացել: Բայց տվյալ պահին կոնկրետ դեպք կամ քննարկում չեմ կարողանում մտաբերել:

 

Հ.Գ.  Օգտվելով հնարավորությունից՝ ուզում եմ ես էլ արտահայտվել.

ՊԳՖԱ-ի գործունեության արդյունքում ես ինձ համար «հայտնագործեցի», որ ունենք բանիմաց, խելացի, նպատակասլաց,, պահանջատեր երիտասարդների հզոր բանակ: Ես սկսեցի հավատալ, որ, իրոք, մի գեղեցիկ օր մեր երկիրը երկիր է դառնալու…

 

Ստեփան Գյոզալյան

Դիտվել է 3242 անգամ:
Print Friendly

Leave a Reply