“Մայիսի 9-ին ազատագրվեց հայրենի մեր Արցախ աշխարհի սիրտն հանդիսացող Շուշին”. Գարեգին Բ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | May 9, 2012 11:49Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի եւ խաղաղության օրվա առիթով:
Ուղերձում, մասնավորապես, ասվում է.
«Սիրելի հավատավոր զավակներ մեր ի Հայաստան, Արցախ եւ ի Սփյուռս,
Համայն հայության հոգեւոր օրրան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում Ձեզ Մայիսի 9-ի` Հաղթանակի ու Խաղաղության օրվա բերկրալի առիթով:
Այսօր նշվում է ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի օրը, որ տոն է խաղաղության, չարիքի ու ատելության դեմ բարու եւ եղբայրսիրության հաղթանակի: Այս տոնը կրկնակի ուրախությամբ է լցնում սիրտը յուրաքանչյուր հայորդու, քանզի քսան տարիներ առաջ այս օրը` մայիսի 9-ին, ազատագրվեց հայրենի մեր Արցախ աշխարհի սիրտն հանդիսացող Շուշին: Շուշիի ազատագրումը դարձավ արցախաբնակ մեր հայորդիների ազատության եւ ինքնորոշման աստվածադիր իրավունքի պաշտպանության հաղթական պայքարի առանցքային հանգրվաններից մեկը` ոսկե տառերով գրվելով ազգային մեր արդի պատմության տարեգրության մեջ:
Հոբելյանական այս օրը խոնարհումով ենք հիշում Մեծ Հայրենականի եւ Արցախյան հերոսամարտի տարիներին անձնուրացորեն սեփական կյանքը Հայրենիքին զոհաբերած մեր քաջազուն զավակներին` հայցելով, որ բարեգութ տերն հանգստություն պարգեւի նրանց հոգիներին ու հանգչեցնի իր լույս օթեւանների մեջ»: