Սոցիալիստ ադրբեջանցիները պահանջում են Թուրքիայից հետ կանչել ադրբեջանցի դեսպանին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 14, 2009 20:13

Ադրբեջանի Սոցիալիստական կուսակցությունը պահանջել է իր կառավարությանը` հետ կանչել Թուրքիայում գտնվող Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպանին`խորհրդատվության համար:

Կուսակցությունն առաջարկել է Ադրբեջանի Միլի մեջլիսին (ազգային ժողովին)` անհապաղ վերանայել հայ-թուրքական ստորագրված արձանագրության հարցը և համապատասխան կարծիք հայտնել, քանի դեռ այն չի մտել Թուրքիայի խորհրդարան` քննարկման:

Կուսակցության ներկայացուցիչ Ռովշան Հուսեյնովն ասել է, որ Արձանագրությունը չի բխում «Ադրբեջանի  շահերից»:

Կուսակցության`մեջլիսին ուղղված հայտարարության մեջ ասվում է, որ «Թուրքիան, ի նշան Ադրբեջանի հետ համերաշխության, 1993թ.  փակեց Հայաստանի հետ սահմանը և շարունակ հայտարարում էր, որ այն չի բացվի, քանի դեռ Հայաստանը չի վերացրել ադրբեջանական հողերի շրջափակումը: Իսկ այսօր նույն Թուրքիան առանց նախապայմանների արձանագրություն է ստորագրում Հայաստանի հետ»:

ՀՀ ԱԳ նախարարությունը  Հայաստանի կողմից ադրբեջանական հողերի «շրջափակման» մասին  ադրբեջանական լուրերին ի պատասխան մշտապես ասում է, որ սա «ադրբեջանական դասական ապատեղեկատվություն է»:

Ըստ Հուսեյնովի`Ադրբեջանը հասկանում է, որ հարևան պետության հետ հարաբերություն հաստատելը Թուրքիայի գործն է, բայց հայ-թուրքական սահմանի բացումը ներկայումս  մեծ վնաս է հասցնում Ադրբեջանի շահերին:

Համաձայն կուսակցության տարածած հաղորդագրության՝ եթե Թուրքիայի մեջլիսը, առանց Ադրբեջանի շահերն ի նկատի ունենալու, հաստատի Արձանագրությունը, սոցիալիստական կուսակցությունը կստիպի կառավարությանը` դադարեցնել Ադրբեջան-Թուրքիա դիվանագիտական, տնտեսական և քաղաքական հարաբերությունները`սահմանափակելով նաև Ադրբեջանի մասնակցությունը «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» տնտեսական էներգոնախագծի իրագործմանը:

Դիտվել է 1172 անգամ:
Print Friendly

Leave a Reply