Եկել է խոստումները կատարելու ժամանակը
ԷՍՍԵ | Հայկուհի Բարսեղյան | May 8, 2012 15:51Նախընտրական քարոզչության շրջանում կարծես նորաձև ու պարտադիր դրույթ էր քաղաքական ուժերի համար իրենց նախընտրական ծրագրում անդրադառնալ Գիտության ներկայիս խնդիրներին ու խոստանալ ապահովել գիտության ֆինանսավորման պատշաճ ու շարունակական ավելացում:
Այն, որ գիտության դերը և ֆինանսավորման ավելացումը կարևորվում է, իհարկե ՊԳՖԱ-ի մեկ տարվա գործունեության արդյունք է նաև. այժմ սկսած իշխանավորներից մինչև շարքային քաղաքացի գիտեն, որ երկիրն առանց գիտության ապագա չունի, իսկ գիտությունը փրկելու համար էլ ֆինանսավորում է հարկավոր: Եվ բնական է, որ երկրի համար նման կարևոր խնդիրը և լուծման խոստումները պետք է տեղ գտնեին իրեն հարգող ցանկացած քաղաքական ուժի ծրագրում:
Նախընտրական փուլն ու ընտրություններն արդեն անցյալում են ու եկել է խոստումները կատարելու ժամանակը:
Մայիսի 31-ին կգումարվի 5-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստը: Եվ հետագա ընթացքը ցույց կտա, թե քաղաքական ուժերը որքանով են իրենց խոսքի տերը:
Մասնավորապես, ՀՀԿ-ն, որ խորհրդարանում կունենա մանդատների կեսից ավելին, խոստացել էր ներդնել «գիտության ֆինանսավորման ժամանակակից մեթոդներ», ԲՀԿ-ն, որ խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերից մեծությամբ 2-րդն է, խոստացել էր գիտության համար համապատասխան պայմաններ ապահովել, զարգացնել ենթակառուցվածքները, խորացնել գիտության և տնտեսության միջև կապը, կատարելագործել գիտության ֆինանսավորման մեխանիզմները և ավելացնել բյուջետային հատկացումները:
Գիտության ֆինանսավորումը առնվազն մինչև ՀՆԱ 1 տոկոսին հասցնել էին նախատեսել ՀԱԿ-ը, Ժառանգությունը, ՀՅԴ-ն, որոնք էլի ներկայացված են խորհրդարանում:
Նման մի բան էր նախատեսել նաև ՕԵԿ-ը:
Մեծամասնական թեկնածուներից ոմանք ևս իրենց նախընտրական ծրագրերում անդրադարձել էին գիտության ֆինանսավորման խնդիրներին: Մասնավորապես, թիվ 10 ընտրատարածքից ընտրված պատգամավոր Գարեգին Նուշիկյանը նախընտրական ծրագրով նախատեսում էր «գիտակրթական ոլորտին հատկացվող միջոցների աստիճանական ավելացում և գիտություն-բիզնես համակարգված կապի զարգացում»:
Թիվ 4 ընտրատարածքի պատգամավոր Արտակ Սարգսյանի նախընտրական ծրագրում էլ նախատեսվում էր ավելացնել գիտությանը հատկացվող պետական ֆինանսավորման ծավալները, նախապայմաններ ստեղծել երիտասարդ կադրերի համար գիտություն մուտք գործելու համար, պետական բյուջեի և մասնավոր ծրագրերի շրջանակներում հետևողականորեն ավելացնել գիտության ոլորտին հատկացվող ֆինանսական միջոցների ծավալը, բիզնես-գիտություն համագործակցության զարգացման մեխանիզմներ ստեղծել:
Թիվ 30 ընտրատարածքից ընտրված Էդմոն Մարքույնանն էլ նախատեսել էր գիտության ֆինանսավորումը հասցնել ՀՆԱ 1 տոկոսին` հետագայում տարեկան 0,2 տոկոս աճի միտումով:
Ստացվում է, որ գիտության ֆինանսավորման ավելացման և կայուն զարգացման ապահովման կողմնակից են խորհրդարան մտած բոլոր քաղաքական ուժերը: Մնում է, որ այդ քաղաքական ուժերը կամք դրսևորեն ու իրականացնեն իրենց խոստումները: