Քաղաքական ցնցումներ չեն լինի
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | May 8, 2012 14:56
Մարդկանց մի որոշակի խումբ պատրաստ է բողոքել, դուրս գալ ցույցերի, պատրաստ են ասել, թե իրենց ինչ դուր չի գալիս քաղաքական համակարգում, բայց դրա հետ մեկտեղ պատրաստ են նաեւ վերցնել մուրաբա: Սա այն բանի ցուցիչն է, որ ավելի ու ավելի տեղի է ունենում քաղաքական դաշտի «նորմալացում»: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում ասաց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նա նշեց, որ ամբողջ աշխարհում էլ այնպես չէ, որ ազգաբնակչությունն ամբողջությամբ քաղաքականությամբ հետաքրքրվի: Միշտ էլ այնպես է լինում, որ մարդկանց, այդ թվում նաեւ քաղաքականապես անտարբեր կամ ընդդիմադիր կեցվածք ունեցողներին, գրավում են դեպի ընտրություններ տարբեր եղանակներով:
«Ու այս առումով` այս ընտրությունների հիմնական, ամենակարեւոր դասը, որ կարելի է քաղել, իմ կարծիքով, հետեւյալն է` քո ձայնը նշանակություն ունի, եւ եթե դու քո այդ ձայնը վաճառում ես, ուրեմն մասնակցում ես այն ամենին, ինչ տեղի է ունենում»,- նշեց Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նա ասաց, որ ընտրությունների արդյունքում խորհրդարանում բազմակուսակցականություն կլինի: Իսկ այն, որ ներկայիս խորհրդարանի կիզակետը հանդիսանում է օլիգարխիան, պահպանվել է: Հաջորդ խորհրդարանում նույնպես այդ պատկերը կլինի, բայց քաղաքագետի համոզմամբ, ավելի քիչ:
Քաղաքագետը համոզմունք հայտնեց, որ որոշակի բողոքներ, միտինգներ, այնուամենայնիվ, կլինեն, բայց դրանք էական փոփոխություններ չեն բերի հայկական քաղաքական իրականություն:






Facebook
Tweet This
Email This Post
