Ահարոն Ադիբեկյան. “Բաժանվել է մոտ 2.5 միլիոն դոլար ընտրակաշառք”

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 8, 2012 14:00

“Հայաստնում ժողովրդավարությունը հաղթանակեց”,-այսօր` մայիսի 8-ին, Նոյյան Տապան ակումբում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց “Սոցիոմետր” սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը:

“Նախ այն հույսը, որ մենք կունենայինք ավելի արդար ընտրություններ, կարծես թե, արդարացել է: Իրոք եղել են ընտրություններ, մարդիկ եկել են ընտրատեղամասեր, քվեարկել են, քվեատուփերը հաշվարկվել են, արձանագրությունները ճշգրիտ արտացոլել են արդյունքները, միակ վիճարկելի թիվը նստակյաց ընտրողների թվաքանակն է. դա մեզ համար շատ կարևոր խնդիր է, որովհետև եթե մենք ունենք 2.5 միլիոն ընտրող, ապա ակտիվությունը 61-62 տոկոս է, եթե ունենք 2 միլիոն ընտրող, դա արդեն դառնում է 70-75 տոկոս: Սակայն մեր սոցիոլոգների խնդիրն այն չէ, թե քանի հոգի կա, մեզ համար կարևոր է, թե ովքեր են գալու և ինչով են գալու”:

Ադիբեկյանը համաձայն չէր մյուս սոցիոլոգիական-հետազոտական կենտրոնների, այդ թվում` Gallup-ի հրապարակած արդյունքների հետ. “Լավ կլիներ, որ հիմա այստեղ լիներ Gallup-ի հետազոտական խմբի ղեկավարը` պարոն Գևորգ Պողոսյանը, ոմն Արթուր Սարկիսովը, որը վերջին տվյալներով ԲՀԿ-ին տալիս էր ավելի քան 40 տոկոս քվե, իսկ Հանրապետականին` 22 տոկոսի սահմանում, և պարզաբանեին, թե այդ որտեղից են նման թվեր ստացել”:

Փոխարենը Ադիբեկյանն ավելի հավաստի և իրական  համարեց Exit poll-ի տվյալները: Սոցիոլոգը նաև խոսեց նախընտրական վերջին օրերին ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի առողջական վիճակի վատացման մասին` նշելով, որ այդ հանգամանքը սկզբում որոշ մարդկանց հետ վանեց, բայց հետո, երբ  Տեր-Պետրոսյանը կրկին հանդես եկավ արդեն առողջ վիճակում, այդ հետ քաշված զանգվածը նորից ետ եկավ, ու ՀԱԿ-ը շատ չնչին առավելությամբ 7 տոկոսի շեմը հաղթահարեց և անցավ խորհրդարան:

Սակայն Հանրապետության հրապարակի պայթյունի` ընտրազանգվածի վրա ազդեցություն թողնելու վերաբերյալ Ահարոն Ադիբեկանն ասաց, որ ժամկետը շատ կարճ էր` որ ինֆորմացիան հասներ ընտրողներին, նրանք վերլուծեին ու դրա հիման վրա փոխեին իրենց որոշումը ընտրության գնալիս:

Մեծամասնական կարգով թեկնածուների հետ կապված Ադիբեկյանի ղեկավարած սոցիլոգիական կենտրոնը 10 պատվիրատուներից 8-ի համար կանխատեսել է հաղթանակ, իսկ 2-ի համար պարտություն, և, ըստ նրա, այդպես էլ եղել է: Ադիբեկյանը ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ համոզված հայտնեց, որ եթե փող են բաժանել և ձայներ են գնել, ապա դա եղել է միայն մեծամասնական թեկնածուների կողմից և նրանց իսկ միջոցներով, իսկ համամասնականի հարցում Ադիբեկյանը բացառեց, որ կուսակցությունները կարող էին ընտրակաշառք բաժանել: Իսկ որպես ըտրակաշառք  բաժանված գումարների ընդհանուր թիվը, ըստ Ադիբեկյանի հաշվարկնեի,  կազմում է մոտ 2.5 միլիոն դոլար:

Անդրադառնալով ՕԵԿ-ի ցածր ցուցանիշին` սոցիոլոգն ասաց, որ ամեն ինչ եղել է իրենց կանխատեսածով. “ՕԵԿ-ը եղել է, կա ու կմնա, որովհետև նա ունի իշխանական ռեսուրս, և վարիանտ չկա, որ իշխանական թևը նրան ձայն չտա”:

«Անկախ»-ի  հարցին, թե ինչ կարծիքի է օրեր առաջ Ալեքսանդր Ամարյանի կողմից հրապարակված` այս ընտրություններին կրոնական կառույցների ներգրավվածության, ակտիվ մասնակցության ու քաղաքական ուժերին սատարելու մասին,  Ահարոն Ադիբեկյանն ասաց.        “Ամարյանի ասածները ես լուրջ չեմ համարում, որովհետև հանրության առաջ նման հայտարարությամբ հանդես գալուց առաջ պետք է ավելի հիմնավոր փաստարկներ հավաքել:” Ըստ Ադիբեկյանի` եթե աղանդավորը բնակվում է գյուղում, ապա այդ գյուղի գյուղապետն ավելի մեծ ազդեցություն կարող է ունենալ իր քվեի վրա, քան իրենց աղանդավորական կազմակերպության առաջնորդը:

Վահե Մակարյան

Դիտվել է 1780 անգամ:
Print Friendly

Leave a Reply