Վաղը կմեկնարկի Մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | October 14, 2009 16:39

Մանկապատանեկան ֆիլմերի 5-րդ միջազգային փառատոնին այս տարի Հայաստանը ներկայացնելու է «Վեց հեքիաթ», «Ջրառատ» ֆիլմերը: Փառատոնը, որը կազմակերպել է «Երեխաների և պատանիների համար կինոյի և հեռուստատեսության զարգացման Ռոլան Բիկով» հիմնադրամը, անցկացվելու է Երևանում հոկտեմբերի 15-19-ը:

Ներակայացվելու է  51 ֆիլմ՝ 23 երկրներից:

Փառատոնի ղեկավար Նունե Մանուկյանն ասում է, որ հատկանշական է, որ  լինելու են ֆիլմերի պրեմիերաներ` հոկտեմբերի 19-ին Կարեն Շահնազարովի «Հիվանդասենյակ համար 6», 16-ին Բորիս Գրաչևսկու՝ «Տանիք» և 18-ին Նիկոլայ Դենիսովի՝ «Արկածներ Դիկանկայի մոտ գտնվող ագարակում» :

Ֆիլմերը ներկայացվելու են Լեռնային Ղարաբաղում և Հայաստանի տարբեր մարզերում, նախատեսվում են նաև վարպետության դասեր, հոբելյանական միջոցառումներ, հանդիպումներ հանդիսատեսի, մանուկների, պատանիների և արվեստի գործիչների հետ:

«Հանդիպումներ են լինելու նաև դպրոցներում, քանի որ այս միջոցառման ժամանակ մեծ է հանդիսատեսի դերը, նա պետք է մասնակցի քննարկումներին, նրանք լինելու են նաև ժյուրիի կազմում»,-ասում է Մանույանը:

Փառատոնի գեղարվեստական ղեկավար Նելլի Ալելովանն ասում է, որ այս տարի շատ ֆիլմեր են հայտ ներկայացրել փառատոնի համար, սակայն ընտրվել են ֆիլմեր, որոնք կարող են դիտել նաև ծնողները:

«Ֆիլմերը դիտելուց հետո ծնողները պետք է իրենց երեխաների հետ քննարկեն այն, դա կնպաստի ընտանքի ամրապնդմանն ու դաստիարակությանը»,-ասում է նա:

Փառատոնը բարեգործական հիմունքներով է. տոմսերն անվճար բաժանվել են դպրոցներին, բուհերին և այլ կազմակերպությունների:

Դիտվել է 1714 անգամ:
Print Friendly

Leave a Reply