Քննարկվում են կոալիցիայի հնարավոր տարբերակները

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 8, 2012 11:01

«168 ժամ» պարբերականը գրում է, որ իրենց տեղեկությունների համաձայն ընտրություններից անմիջապես հետո իշխանությունները սկսել են քննարկել, թե հաջորդ ԱԺ-ում որ ուժերը պետք է կոալիցիա կազմեն և  որ ուժերը մնան որպես ընդդիմություն:

Քննարկվում է կոալիցիայի 2 տարբերակ` ՀՀԿ-ՕԵԿ-«Ժառանգություն» եւ ՀՀԿ-ԲՀԿ-ՕԵԿ տարբերակները: Առայժմ փորձում են հասկանալ, թե նախագահական ընտրություններից ամիսներ առաջ որքանո՞վ է նպատակահարմար 36 մանդատ ձեռք բերած եւ ֆինանսական հզոր ռեսուրսներ ունեցող ԲՀԿ-ին ընդդիմադիր դաշտ մղելու տարբերակը:

Թերթի տեղեկություններով` Սերժ Սարգսյանը փորձում է ամեն ինչ անել, որ ԲՀԿ-ի հետ ունեցած տեւական լարվածությունը հակամարտության չվերածվի: Սակայն, եթե չիրագործվի ԲՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու տարբերակը, ՀՀԿ-ն կոալիցիա կհրավիրի արդեն «Ժառանգությանը»: Ընդ որում` ՀՀԿ-ում ոչ բոլորն են միանշանակ վերաբերվում այդ տարբերակներին: ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանն իր համախոհներով ցանկանում է շարունակել ԲՀԿ-ի հետ համագործակցությունը, իսկ Տիգրան Սարգսյանն իր համախոհներով` ոչ:

Ասում են` ԲՀԿ-ն, իր հերթին, չի ցանկանում ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմել, եթե վարչապետի պաշտոնում մնա Տ.Սարգսյանը: Արդեն սկսվել են նաեւ քննարկումները նոր կառավարության պորտֆելների բաժանման շուրջ: Այս բոլոր հարցերը պետք է հստակեցված լինեն մինչեւ նոր ԱԺ-ի առաջին նիստը եւ գործող կառավարության հրաժարականը` մինչեւ մայիսի 24-ը:

Դիտվել է 1290 անգամ:
Print Friendly

Leave a Reply