Նորընտիր Ազգային ժողովն առաջին նստաշրջանը կգումարի մայիսի 31-ին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 8, 2012 10:50

Նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը գումարվում է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի ընտրությունից հետո՝ երրորդ հինգշաբթի օրը: Քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը կազմվում է, ընտրության արդյունքներն ամփոփվում և ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշում ընդունվում է մայիսի 13-ին: Այսպիսով` հինգերորդ գումարման Ազգային ժողովն անդրանիկ նիստը կգումարի մայիսի 31-ին: ՀՀ Սահմանադրության 68-րդ հոդվածը նշում է.«Նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը գումարվում է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի ընտրությունից հետո՝ երրորդ հինգշաբթի օրը»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`Ազգային ժողովն առաջին նիստի օրը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընտրում է Ազգային ժողովի նախագահ: Ազգային ժողովի առաջին նիստի օրը, ըստ Սահմանադրության, ՀՀ Նախագահն ընդունում է կառավարության հրաժարականը, որից հետո` տասնօրյա ժամկետում վարչապետ է նշանակում պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձին, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա առավել թվով պատգամավորների վստահությունը վայելող անձին:

Կառավարությունը կազմավորվում է վարչապետի նշանակումից հետո 20-օրյա ժամկետում եւ իր կազմավորումից հետո` 20-օրյա ժամկետում Ազգային ժողով է ներկայացնում իր ծրագիրը: Կառավարության ծրագիրն ԱԺ-ի կողմից քննարկվում է արտահերթ եւ քվեարկության դրվում այն ներկայացնելուց հետո` հնգօրյա ժամկետում: Հայաստանում խորհրդարանական ընտրություններն անցկացվել են մայիսի 6-ին: Բոլոր ընտրատեղամասերի նախնական արդյունքներով խորհրդարան են անցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը’ 30,20%, «Ժառանգություն» կուսակցությունը’ 5,79%, Հայ ազգային կոնգրեսը’ 7,10%, ՀՅ Դաշնակցությունը’ 5,73%, Հայաստանի հանրապետական կուսակցությունը’ 44,05%, «Օրինաց երկիր» կուսակցությունը’ 5,49%:

Դիտվել է 1370 անգամ:
Print Friendly

Leave a Reply