ՀԱԿ-ի առաջիկա ժողովում կվերանայվի կոնգրեսի ռազմավարությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 14, 2009 16:01

Լևոն ԶուրաբյանՀայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը Ցյուրիխում ստորագրված արձանագրությունները բնորոշեց «Ցյուրիխյան ուրացում»` մեկնաբանելով, որ այս գործընթացում Թուրքիան ստացավ գործարքի իր մասնաբաժինը (Ցեղասպանության հարցի կասեցում)` անկախ գործարքի վավերացումից:

«Հայաստանի ստանալիքը` սահմանների բացումը, կախված է Արձանագրություների վավերացումից, ինչը Թուրքիան կապում է Ղարաբաղյան խնդրի հետ,-ասաց նա,-ուստի Հայաստանը կամ կմնա ձեռնունայն, կամ զիջումների կգնա Ղարաբաղի հարցում»:

Ըստ Զուրաբյանի՝ սա Հայաստանին պարտադրված դիվանագիտական քայլ էր, որը պետք էր նաև ԱՄՆ-ին. «Մի լուրջ հարց, որը թունավորում էր Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները, օրակարգից հանվեց»:

Ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ ելքը Զուրաբյանը տեսնում է Սերժ Սարգսյանի և նրա վարչախմբի հեռացման մեջ:

«Մենք երբեք չենք դադարեցրել մեր ակտիվությունը,-ասաց նա,- ակտիվ գործողություններ` չեն նշանակում զանգվածային միջոցառումներ: Սակայն դրանք ևս կլինեն, երբ ՀԱԿ-ի առաջիկա ժողովում վերլուծություններ կարվեն, և կվերանայվի մեր ռազմավարությունը»:

Նոր քաղաքական շարժման` «Սարդարապատի» ստեղծումը Զուրաբյանը նորմալ է համարում.

«ՀԱԿ-ի մաս կազմող ցանկացած քաղաքական ուժ իրավունք ունի առանձին գործելու»,-ասաց նա` վստահեցնելով, որ գաղափարական առումով իրենց նպատակները նույնն են:

Դիտվել է 944 անգամ:
Print Friendly

Leave a Reply