Նոր ընդդիմության ակտիվացումը հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը չի կանխում, բայց փլուզում է Կոնգրեսը

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | October 14, 2009 15:37

Հայթուրքական արձանագրությունների դեմ ազգայնական ուժերի պայքարը բեւեռացված քաղաքական համակարգը, ուր միայն իշխանությունն էր ու ընդդիմադիր հայ ազգային կոնգրեսը,ճաքեց, եթե չասենք` փլվեց:

Հայ ազգային կոնգրեսն ու իշխանական կոալիցիան քաղաքական թատերաբեմն ամբողջությամբ զիջեցին խորհրդարանական ընդդիմադիրներին` «Ժառանգությանը» ու Հայ հեղափոխական դաշնակցությանը: Որոշակի բանակցություններից հետո էլ տեղի ունեցավ այդ 2 ուժերի «քաղաքական հարսանիքը», իսկ «ամուսնության վկայականը» դարձավ հոկտեմբերի 1-ի նրանց համատեղ հայտարարությունը, որտեղ ասվում է, թե իրենք կողմ են Հայաստանի ապաշրջափակմանը եւ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, սակայն, այս ամենի հետ մեկտեղ գտնում են, որ արձանագրություններից անհրաժեշտ է բացառել որոշակի կետեր, որոնք չեն բխում մեր ազգային շահերից:

Այս հայտարարությանը շուտով միացան եւս 10 կուսակցություն, որ իր բազմակուսակցական բնույթով կարող է հակադրվել Կոնգրեսին: Այսուհանդերձ նոր ձևավորվող ընդդիմությունը, հայթուրքական արձանագրությունները համարելով հայության համար շատ վտանգավոր, դեռևս ոչ թե արմատական փոփոխություններ է պահանջում, իշխանության փոփոխություն, այլ փորձում է ավելի մեղմ բանաձևով առաջ շարժվել «կողմ ենք, սակայն, եթե»:

Հայտնի է, որ հասարակության մեջ կա ազգայնական մտածելակերպ ունեցող մարդկանց ստվար զանգված, ովքեր պոտենցիալ մեծ ուժ են ներկայացնում, բայց կոնսոլիդացված չեն, հիասթափված են այս կամ քաղաքական ուժի հարմարվողական քաղաքականությունից և նրանց կարծես նոր շունչ ու համակարգող է պետք: Ահա այդ նոր շունչն են ուզում դառնալ քաղաքական դաշտի «նորապսակները» ինչը նրանց որոշ չափով հաջողվում է: Դրա վառ ապացույցն էր հոկտեմբերի 9-ի երթն ու հանրահավաքը, որին ներկա էին տարբեր քաղաքական և ոչ քաղաքական ուժերի ազգայնական ներկայացուցիչներ, ովքեր հանրահավաքը դիտարկում էին ոչ թե որպես ՀՅԴ հերթական ակցիա, այլ իրենց «ոչ»ը բարձրաձայն հայտարարելու հնարավորություն:

Հոկտեմբերի 9-ի հանրահավաքի ժամանակ ՀՅԴ ԳՄ անդամ Վահան Հովհաննիսյանը բացահայտ նշեց, որ իրենց համար իշխանափոխությունն ու հեղափոխությունը նպատակ չէ, սակայն եթե արձանագրությունների ստորագրումը տապալելու միակ ձևը դա է, ապա ՀՅԴն կարող է գնալ նաև դրան. «Հեղափոխության ծարավ ուժերն ասում են, ինչ լավ է, որ մեր առջեւ փոս է գոյացել, գնա Սերժ Սարգսյան, ընկիր այդ փոսը, իսկ մենք կանենք մեր գործը: Իսկ ՀՅԴն ասում է` զգույշ, Սերժ Սարգսյան, մեր առջեւ փոս է, կանգնիր, որպեսզի չընկնես այնտեղ»,- հայտարարել էր Վահան Հովհաննիսյանը: Հայ հեղափոխական դաշնակցությունը իր բնույթով հենց հեղափոխական կուսակցություն է, որը սկսած 1890թ. հեղափոխությունների ճանապարհով է առաջ շարժվում, իսկ այլընտրանք չունենալու դեպքում բռնում ահաբեկչության ճանապարհը:

21-րդ դարը փոխել է Դաշնակցությանը, որ միայն փոսերի մասին է տեղեկացնում իշխանություններին, թե դա մի ուղերձ է, որի ենթատեքստում թաքնված է հեղափոխականությունը: Այսուհանդերձ, այս հայտարարությամբ դաշնակցությունը սկսում է մրցակցել Կոնգրեսի հետ ներկայացնելով իրեն որպես արմատական ընդդիմություն:

Եթե քչերն էին կարծում, որ «քաղաքական նորապսակները» ունեն հատուկ մշակված սցենար ու հրահանգ ազգայնական ուժերին կոնսոլիդացնելու ու կառավարելու, ապա հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում հայթուրքական արձանագրությունների ստորագրումից հետո, հոկտեմբերի 12-ի ՀՅԴի տարածած հաղորդագրությունը ակնհայտ դարձրեց, որ այդ ենթադրությունները անհիմն չեն:

Հաղորդագրությունում Դաշնակցությունը ոչ մի նոր բան չի ասում բացի պայքարը շարունակելու կոչից` հիմա էլ վավերացման դեմ, ու առաջարկում է զինվել ինքնավստահությամբ ու վճռականությամբ: Դաշնակցության նման հարմարվողականությունը ցույց է տալիս, որ նա ոչ թե վճռականորեն դեմ է արձանագրություններին, այլ դեմ լինելը օգտագործում է քաղաքական դիվիդենտներ հավաքելու համար ընտրություններում ձայներ ստանալու համար:

Առավել կոշտ հայտարարությամբ է հանդես եկել «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը, ով նշել է` «Այժմ հայությունն ազգովի կանգնած է վիհի եզրին» եւ անպատշաճ կերպով ընտրված ղեկավարներն ակնհայտորեն մրցում են մեր ինքնության, և շահերի լքման համար»:

Նման ներքաղաքական գործընթացների զարգացումը, ինչ խոսք ավելի մեծ ազդեցություն կթողնեն առաջիկա ընտրությունների, քան արձանագրությունների վավերացման վրա: Հայ ազգային կոնգրեսը այս պահին լռելով ձայներ է կորցնում, քանզի բավական մեծ թվով կոնգրեսականներ իրենց հարցերի պատասխանները ստանում են այլ ուժերից: Ավելին, մի շարք կազմակերպություններ ընդհանրապես անջատվեցին կոնգրեսից ու գործում են առանձին` համագործակցելով Դաշնակցության ստեղծած նորաստեղծ միության հետ:

Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը լրագրողների հետ հանդիպմանը նշել էր, որ հանրահավաքին և երթին մասնակցելու հրավեր ՀԱԿը պաշտոնապես չի ստացել, սակայն ՀԱԿ անդամ կուսակցություններից մեկերկուսի հետ «սեպարատ բանակցություններ տարվել են»: Նա իր խանդը նոր ընդդիմության նկատմամբ ցուցադրեց, ասելով որ իրենք են իսկական ընդդիմությունը, քանի որ պահանջում են նախագահի հրաժարականը, իսկ նրանք չեն պահանջում, հետևաբար կեղծ ընդդիմություն են:

Ու թեև Կոնգրեսի ներկայացուցիչները առանձինառանձին փորձեցին ինչոր բացասական կարծիքներ հայտնել արձանագրությունների նկատմամբ, մասնավորապես նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, սակայն միասնական հայտարարությամբ այդպես էլ հանդես չեկան:

Դիտվել է 1353 անգամ:
Print Friendly

Leave a Reply