Առավել շատ հանդիպող ընտրախախտումները. 30 ընտրատեղամասերի արդյունքները

ԻՐԱՎՈՒՆՔ, Շաբաթվա լուր | | May 7, 2012 17:43

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի «Ընտրություններ 2012» իրավական նախաձեռնության շրջանակներում մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների օրը  իրավական շտապ օգնության 30 խումբ էր ձևավորվել, որը շրջում էր ՀՀ տարածքի ընտրատեղամասերով և արձանագրում ընտրախախտումները և ընտրությունների ընթացքը:  Իրավական շտապ օգնության կազմում էին մեկական դիտորդ, իրավաբան և լրագրող:

Տողերիս հեղինակը իրավական շտապ օգնության կազմում հետևել է ընտրությունների ընթացքին 1-ին, 9-րդ, 12-րդ և 13-րդ ընտրատարածքների 30 ընտրատեղամասերում:

Ընտրությունների մեկնարկից տասը րոպե անց 1/05  ընտրատեղամասում արդեն մոտ քսան հոգի կատարել էր  իր ընտրությունը, մարդիկ էլ ակտիվ շարունակում էին ժամանել:

Առաջինը   քվեարկողներից էր  Գայանե Վերմիշյանը, ով ՕԵԿ-ի վստահված անձն է տեղամասում:

Հաջորդ ընտրողը տիկին Լաուրան է, ով թոռնիկի ու հարսի հետ էր եկել ընտրության, և մինչ տատիկը քվեարկում է, թոռնիկը դես ու դեն էր վազվզում սրահով մեկ: Տատիկը նշում է, որ աշխատանքի գնալուց առաջ եկել է իր թոռնիկի համար ապագա ընտրելու:

Քվեարկությունն արագ կատարում է ու դուրս գալիս նաև յոթանասունվեցամյա Քնարիկ Կարապետյանը, ով ընտրության է եկել իր ամուսնու հետ: Ասում է, որ վաղ առավոտյան է եկել` ընտրությունների կարևորությունը գիտակցելով. «Եկել ու օրհնել եմ, թող բարի ընտրություններ լինեն»:

Ընտրատեղամասերով շրջայցերից պարզ է դառնում, որ Ավան վարչական շրջանի ընտրողները շատ ակտիվ են, կեսօրվա դրությամբ գրեթե ամեն տեղ արդեն 50 տոկոս մասնակցություն էր գրացվել:

Քվեարկության մեկնարկից մեկ ժամ անց արդեն պարզ է դառնում, որ անձնագրերում դրվող կնիքի հետ կապված խնդիրներ կան. այն 12 ժամ հետո ցնդելու փոխարեն անհետանում է անձնագրում հայտնվելուց րոպեներ անց: Բոլոր ընտրատեղամասերում անցնում են սովորական թանաքի, որը չի

1/17 ընտրատեղամասում խմբով են քվեախուց մտել

ցնդում:

Մի քանի ընտրատեղամասերում փորձարկում ենք քվեախցիկներում կիրառվող գրիչները` վստահ լինելու, որ դրանք էլ ցնդող հատկություն չունեն:

Գրեթե բոլոր ընտրատեղամասերում ականատես ենք դառնում մանր-մունր ընտրախախտումների. 1/01-ում, օրինակ,  ականատես ենք դառնում բաց քվերակության.  Ռազմիկ անունով մի պապիկ լրացրած քվեաթերթիկը ձեռքին դուրս էր եկել քվեախցից, մի երիտասարդ էլ օգնում էր թերթիկները ծրարներում դնել: Պապիկը խուսափեց խոսելուց, թե «ես մեծ մարդ եմ, բան չեմ հասկանում», երիտասարդն էլ վստահեցրեց, որ պատահաբար է հայտնվել քվեախցում:

Հանձնաժողովի նախագահը նկատողություն արեց, սակայն նշեց, որ քվեարկության գաղտնիությունը չի խախտվել:

1/17 ընտրատեղամասում  մեր ժամանման պահին ընտրողների կուտակումներ էին, սահմանավածից ավելին էր նաև ընտրողների թիվը սրահում. «Անկախի» լրագրողը կարողացավ քվեաթերթիկը ձեռքին քսան մարդու հաշվել, չհաշված գրանցման սեղանի մոտ առկա մեծ կուտակումը:

Քվեխցիկներից մեկում էլ երկու հոգով էին ընտրություն կատարում: Լրագրողի նկատառումից հետո միայն ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահ Մարտին  Ղալումյանը միջամտում է և առաջարկում արձանագրություն կազմել:

1/18 ընտրատեղամասում էլ, չնայած ՀԱԿ և ՀՅԴ վստահված անձինք նշեցին, թե խախտումներ չեն արձանագրվել, սակայն ակնհայտ էր, որ հանձնաժողովի նախագահ Գառնիկ Փարսյանը  չափազանց «ջանասիրաբար» էր կատարում իր պարտականությունները` քվեախցիկների մոտից ուղղորդելով ընտրողներին:

1/16 ընտրատեղամասում քվեախցիկների դիրքը ճիշտ չէր

1/16 ընտրատեղամաս  մտնելիս առաջինը, որ նկատում ես, աջում գտնվող քվեախցիկն է, որում կատարվող ամեն ինչ տեսանելի է` թիկունքով դեպի քեզ կանգնած ընտրողի ցանկացած գործողություն նկատում ես:

Ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահ Գարեգին Ղոնյանը, նկատառմանը, թե խախտվում է քվեարկության գաղտնիությունը, նշում է, որ վստահված անձինք իրենց համաձայնությունը տվել են, հետևաբար ամեն ինչ նորմալ է:

Ընտրատեղամասում գտնվելու տասնհինգ րոպեների ընթացքում  չորս անձի օգնում են քվեարկել, մի կին առանց արձանագրության փորձում էր հարևանուհուն օգնել` մեկ ա գիտեմ, թե ումն ա ընտրելու, օգնեմ, սխալ չնշի, մի այլ տատիկ օգնության է կանչում քվեախցից. «Օգնեք, հանրապետականին պիտի ընտրեմ, որ մեկան ա դա»:

Ընդհանրապես օրվա առաջին կեսին ընտրողների թվում գերակշռում են տարեցները, և ցանկացած ընտրատեղամասում գտնվելու րոպեների  ընթացքում այլ անձի օգնությամբ քվեարկելու բազմաթիվ դեպքեր են արձանագրվում: Տպավորություն է, որ 50-ն անց բոլոր մարդիկ չեն տեսնում և առանց կողմնակի ընտրության չեն կարող քվեարկել:

9-րդ ընտրատարածքի 1-6 ընտրատեղամասերում ենք շրջում, խախտումների փունջ է բացահայտվում 9/05 ընտրատեղամասում: Այստեղ նախ և առաջ խախտվում էր ընտրողների քվեարկության գաղտնիության իրավունքը. դեռ մուտքի մոտից կարելի էր հանգիստ տեսնել, թե ինչ ընտրություն են կատարում քվեախցիկներում գտնվող անձինք:

9/05 ընտրատեղամասում հանգիստ կարելի էր տեսնել, թե մարդիկ ում օգտին են քվեարկում

«Ժառանգության»  վստահված անձ Վարազդատ Հարությունյանը նշեց, թե վաղ առավոտից ահազանգում է այդ մասին, սակայն հանձնաժողովի նախագահը որևէ քայլ չի ձեռնարկում: «Ստիպված ես եմ կանգնում այստեղ, որ այլոց թույլ չտամ հավաքվել»,- ասում է նա:

Լևոն Զուրաբյանի վստահված անձ Անահիտ Գասպարյանն էլ ասում է, որ դեռ նախորդ օրվանից  է ահազանգում քվեախցիկների տեղադրության անհամապատասխանության մասին, սակայն ապարդյուն. «Առաջարկել եմ այստեղ վարագույր կախել, կամ թիկունքը դեպի քվեախցիկները դասավորությամբ աթոռներ շարել, ո՞վ է լսում»:

Հանձնաժողովի նախագահ Ավագ Դանիելյանը, սակայն, նշում է, թե  ընտրասրահն է անհարմար և այլ կերպ դասավորել հնարավոր չէր: «Անկախի» լրագրողի պնդումից հետո, թե րոպեների ընթացքում  արդեն երեքից հինգ  մարդու քվեարկության  գաղտնիության իրավունքն է խախտվել, Դանիելյանը թելով պատնեշ է կապում` իբրև թե կանխելու կուտակումները քվեախցիկի թիկունքում:

Ընտրատեղամասում գտնվող ՀԱԿ և «Ժառանգության» վստահված անձինք նշում են, որ օրվա ընթացքում բազմաթիվ խախտումներ են արձանագրել. քվեախցիկներից մեկում դատարկ ծրար է գտնվել, արդեն իսկ քվեարկած անձը երկու անգամ տեղամաս է եկել ու օգնել, որ այլոք քվեարկեն:

Բացի այդ, տարեց ընտրողների մոտ վստահված անձինք գտել էին  այցեքարտի նման թղթեր` վրան պատկերված ՀՀԿ-ի լոգոն անվանումով և համարը քվեաթերթիկում:

«Սա կոնկրետ խախտում չէ, սակայն հասկանալի է, թե ինչ է նշանակում»,- ասում է Հարությունյանը:

Նրա խոսքով` նաև առավոտյան ընտրած մարդիկ են գալիս. «Դեմքով  հիշում եմ, որ տվյալ մարդը քվեարկել է, բայց անձնագրում կնիք չկա, ցնդվել է, այնպես որ ոչ մի ապացույց, այդ մարդիկ հանգիստ ներս են մտնում»:

«Առավոտյան կնիքը չի ստուգվել, դեռ հազիվ բացված հանձնաժողովի նախագահը այն թաթախեց թանաքի մեջ»,- ասում է ` ՀԱԿ-ի վստահված անձ Սոֆյա Յորբեգյանը` հավելելով, որ ՀՀԿ-ի վստահված անձը  բոլորի վրա գոռում է, հրամայում:

«Մի քանի հոգի են  մոտենում խցիկին ու առանց գրանցման միասին քվեարկում, օգնում սրան-նրան, դա եղել է ողջ օրվա ընթացքում»,- ասում է դիտորդ Հռիփսիմե Սուքիասյանը:

Քվեախցիկների դիրքը հարմար չէր նաև 9/04 ընտրատեղամասում, որտեղ ծրարներ հանձնող հանձնաժողովի անդամը նայում էր քվեախցիկին. այստեղ ցանկության դեպքում կարելի էր տեսնել, թե մարդիկ ինչ ընտրություն են կատարում:

Մեքենաները ընտրատեղամասի հարևանությամբ

Ահազանգ է ստացվում, որ 12/33 ընտրատեղամասի բակում լրագրողի են ծեծել: Մեկնում ենք դեպքի վայր: Այստեղ, սակայն, թե հանձնաժողովի նախագահը, թե ՀՅԴ, ԲՀԿ, ՕԵԿ և Անահիտ Բախշյանի վստահված անձինք հավատացնում են, թե ոչնչից տեղյակ չեն և առաջին անգամ են լսում լրագրողի նկատմամբ բռնության մասին: Տեղամասի հարևանությամբ  էլ բազմաթիվ գազելներ են կայանած, որոնց վարորդները, սակայն, խուսափում են ասել, թե ինչու են այդտեղ:

13/32 և 13/33 ընտրատեղամասերի դիմաց մեքենաների կուտակում է` ճանապարհին մեկը մյուսին հաջորդելով 62 համարի երթուղային գազելները մարդկանց են բերում: Երբ իրավական շտապ օգնության մեքենան կայանում է ընտրատեղամասի դիմաց, գազելներն անմիջապես անհետանում են` կայանում են շենքի բակում` սպասելով դիտորդների հեռանալուն:

13/32 տեղամասում ՀԱԿ վստահված անձ Անահիտ Փափազյանը նշում է, որ ժամը չորսից սկսած գազելներով մարդկանց բերում են. «Շատերը չգիտեն էլ, թե ինչի համար են ընտրում, ինչ է ընտրությունը, երբեմն ասում են, թե մեզ ասել են կընտրեք ներքևից երրորդին»:

«Օրինաց Երկիր» կուսակցության  վստահված անձ Արման Ստեփանյան, ով վստահեցնում է, որ ամեն ինչ օրինական հունով է ընթանում, «Անկախի»  լրագրողի նկատառմանը, թե ՀՀԿ-ի դրոշով գազելները տեսել է արդյոք, ագրեսիվ տոնով սկսում է պատասխանել. «Դրոշն ինչ կապ ունի, դրոշն արգելված չէ, մարդկանց ուղղակի լավություն են անում»: Ստեփանյանը գրեթե գոռալով ասում է, թե ինքն էլ կարող է ՀՀԿ-ի դրոշն ամրացնել իր մեքենային և շրջել քաղաքով և դա ոչ քարոզչություն է, ոչ էլ օրենքով արգելված:

ՀՀԿ-ի վստահված անձն էլ, ով առանց վստահված անձի տարբերանշանի է, ագրեսիվ տոնով սկսում է միջամտել ու պաշտպանել Օրինացի իր գործընկերոջը:

Իրավական շտապ օգնության կազմը ընտրատեղամասերի փակվելուց առաջ եղավ նաև  13/09 և 13/10 ընտրատեղամասերում, որոնք դուռը դռան էին  ու միմյանցից սեղաններով էին  բաժանված:

13/09-ում թե ըստ հանձնաժողովի նախագահի, թե ըստ վստահված անձանց խախտումներ չէին արձանագրվել և ամեն ինչ հանգիստ էր: Սակայն բացակայում էր ՀԱԿ վստահված անձը, որն օրվա ընթացքում իրեն վատ էր զգացել ու հիվանդանոց տեղափոխվել:

Երկու ընտրատեղամասերն էլ շատ փոքր էին, քվեախցերն իրար գրեթե կպած, երկուսը միասին հազիվ մեկ ընտրասրահի բավարարեին տարածքի առումով:

Երբ դրսում սպասում ենք ընտրատեղամասի փակվելուն և լուսանկարներ անում, հանկարծ հարձակվողական տոնով վրա են հասնում սևազգեստ մի քանի մարդիկ. Ընտրատեղամասի դիմաց մոտ երեսուն-հիսուն մարդ է հավաքված, որոնք ներս չեն մտնում, ընտրողներ չեն:

Հանկարծ նկատում ենք, որ ոստիկանները ընտրատեղամասի փակվելուց րոպեներ առաջ անհետացել են: Իսկ սևազգեստները շարունակում են բղավել, թե ,նկարները լավով ջնջի, թե չէ լավ կանենք, որ ապառատը ջարդենք: Մենք ուրիշ կյանքով ապրող մարդիկ ենք, մեզ չպիտի նկարեք,  սրանց հետ կապ չունենք: Շարունակում են սպառնալ, թե իրենց արարքների համար մենք մեղավոր կլինենք: Խոսքի հետ սևազգեստներից մեկը ձեռքը մեկնում է դեպի ֆոտոխցիկը:

Չնայած բղավոցներին, ոստիկանների հետքն անգամ չի երևում: Ու այս ամենը ոստիկանության Էրեբունու բաժանմունքի  հարևանությամբ:

Փաստաբանի միջամտությունից հետո դժվարությամբ վեճը հարթվում է, սևազգեստները մրթմրթալով հեռանում են, երբ համոզվում են, որ իրենց չենք լուսանկարել:

Ամփոփելով 12-ժամյա դիտարկումները`կարելի է նշել, որ առավել շատ հանդիպող թերացումներից էին մարդկային կուտակումները և քվեախցիկների ոչ ճիշտ դիրքը: Ահնդիպող խախտումներից էին նաև կուսակցական դրոշներով «զարդարված» մեքենաներով ընտրողներին զանգվածաբար ընտրատեղամաս բերելը, մի քանի հոգով միասին քվեախուց մտնելու փորձերը:

Ընտրախախտում չէ, սակայն կասկածելիորեն չափազանց շատ հանդիպող երևույթ էր նաև ընտրողներին օգնելը քվեախցում, ինչպես նաև մինչև կնիքի թանաքը փոխելը գրանցված ընտրողների չափազանց մեծ ակտիվությունը:

Դիտվել է 1164 անգամ:
Print Friendly

Leave a Reply