Սերժ Սարգսյանի ղեկավարած պատվիրակությունը մեկնում է Թուրքիա

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 14, 2009 15:13

Այսօր կեսօրից հետո նախագահ Սերժ Սարգսյանը կմեկնի Թուրքիա` ներկա լինելու Բուրսայում կայանալիք Հայաստանի և Թուրքիայի ազգային հավաքականների ֆուտբոլային խաղին: Նախագահի հետ Թուրքիա կմեկնեն արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, փոխարտգործնախարարներ Արման Կիրակոսյանը և Շավարշ Քոչարյանը, նախագահի աշխատակազմի և արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան այլ պետական ծառայողներ:

Բուրսայում նախագահն առանձնազրույց կունենա Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի հետ, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը: Գյուլի անունից հայկական պատվիրակության համար ճաշկերույթ և ընդունելություն կկազմակերպվի:

Սարգսյանը խաղից առաջ կհանդիպի հայ ֆուտբոլիստներին` խաղից առաջ նրանց քաջալերելու: Հայկական պատվիրակությունը ֆուտբոլային խաղից հետո Հայաստան կվերադառնա:

Սա նախագահ Սարգսյանի 1-ին այցն է Թուրքիա. անկախությունից ի վեր ՀՀ նախագահի մակարդակով սա 4-րդ այցելությունն է:

Անցած տարի էլ սեպտեմբերի 6-ին Երևանում կայանալիք Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղը դիտելու համար Սերժ Սարգսյանի հրավերով Հայաստան էր ժամանել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: Նրան օդանավակայանում դիմավորեց Էդվարդ Նալբանդյանը, իսկ օդանավակայանից Երևան տանող ճանապարհին Արևմտյան Հայաստանի բնակավայրերի անուններով ցուցանակներով և Ցեղասպանության ճանաչման պահանջի վանկարկումներով բողոքի ակցիա էր կազմակերպել ՀՅԴ-ն:

Դիտվել է 1169 անգամ:
Print Friendly

Leave a Reply