Փետրվարից Հայաստանը խաղաղապահ ուժեր կունենա նաև Աֆղանստանում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | October 14, 2009 14:44

2010-ի փետրվարից հայկական ռազմական ուժերը խաղաղապահ առաքելություն կիրականացնեն Աֆղանստանում: Հայկական զորաջոկատը կտեղակայվի Աֆղանստանի հյուսիսային Կունդուզ նահանգում և կիրականացնի տեղի օդանավակայանի անվտանգության ապահովումը` չմասնակցելով անմիջական ռազմական գործողությունների. այս մասին այսօր Հայաստանում՝ ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնում, Երևան-Բրյուսել տեսակամուրջի ժամանակ ասաց ՆԱՏՕ-ում Հայաստանի դեսպան Սամվել Մկրտչյանը:

Մկրտչյանի խոսքով` այժմ ընթանում է իրավական փաստաթղթերի համաձայնեցման գործընթացը, իսկ  զորքերի թվաքանակը դեռևս հայտնի չէ:

Կունդուզ նահանգում թեժ ռազմական գործողություններ չեն իրականացվում, ներկայումս  այստեղ տեղակայված է գերմանական մի քանի հազարանոց զորաջոկատը:

ՆԱՏՕ-ի հետ համագործակցության շրջանակներում Հայաստանը խաղաղապահ առաքելություն է իրականացնում նաև Կոսովոյում. 70 հայ խաղաղապահները ծառայում են հունական ստորաբաժանման կազմում:

Մկրտչյանն ասում է, որ այսպիսով՝ Հայաստանն իր ներդրումն է ունենում միջազգային խաղաղության ապահովման գործում, ինչպես նաև հայ զինվորականները փորձառություն են ձեռք բերում:

Ներկայումս աշխարհի տարբեր երկրներում ՆԱՏՕ-ի 85 հազար զինվորներ իրականացնում են խաղաղապահ առաքելություն: Ռազմական ուժերի հիմնական մասը տեղակայված է Աֆղանստանում՝ 72 հազար զինծառայող ՆԱՏՕ-ի 28 անդամ և 13 գործընկեր երկրներից: Եվս 12 600 զինվորներ խաղաղապահ առաքելություն են իրականացնում Կոսովոյում: ՆԱՏՕ-ն փոքրաթիվ խաղաղապահ ուժեր ունի նաև Բոսնիա և Հերցեգովինայում, Ալբանիայում, Մակեդոնիայում:

«ՆԱՏՕ-ի նպատակն է ապահովել անմիջական անվտանգությունը և կանխել զանգվածային ոչնչացման զենքի տարածումը»,- ասում է ՆԱՏՕ-ի գործողությունների վարչության պետ Էրիկ Սանդալը: Նրա խոսքով` ՆԱՏՕ-ն այժմ ակտիվ պայքարում է ծովահենության դեմ, ինչը նախապես նրա գործունեության մաս չէր. «ՆԱՏՕ-ն իր գործողությունները հարմարեցնում է ժամանակակից հրամայականներին»:

ՆԱՏՕ-ի միջազգային անձնակազմի ներկայացուցիչ Լորենց Մայեր-Մինեմանն էլ, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, նշեց, որ դա երկկողմ գործընթաց է և, ըստ էության, կապ չունի Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների հետ: Սակայն «Վերջին զարգացումները դրական են, և իրենց ազդեցությունը կունենան անվտանգության ապահովման և Հայաստան-ՆԱՏՕ հարաբերության վրա»:

Դիտվել է 2158 անգամ:
Print Friendly

Leave a Reply