Թիվ 4/28 ընտրատարածքում մինչև քվեարկության ավարտը հերթեր էին. որոշ մարդիկ հեռանում էին՝ առանց քվեարկելու

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 6, 2012 19:12

Թիվ 4/28 ընտրատեղամասում, ի տարբերություն մյուս ընտրատեղամասերի, քվեարկության ողջ ընթացքում հերթեր և կուտակումներ էին առաջանում, դրանք անգամ չէին ավարտվել օրվա վերջին, երբ մյուս ընտրատեղամասերում արդեն հատուկենտ քվեարկողներ էին:

Ժամը 18:30-17:00-ի դրությամ հերթն այնքան էր կուտակվել, որ քաղաքացիներն արդեն բողոքի ալիք էին բարձրացնում: Քաղաքացիներից մեկը հայտնեց, որ արդեն չորրորդ անգամ է գալիս քվեարկության, սակայն կրկին իր հերթը բավականին հեռու է: “Չեմ հասկանում, ինչից է, որ ոչ մի անգամ իմ հերթը չի գալիս,-ասաց նա,-ներսում, ասես, մեղր են բաժանում”:

Հերթում կանգնած քաղաքացիներից մեկն էլ նշեց, որ ինքն արդեն քառասուն րոպե է` կանգնած է, և այդ ընթացքում վստահված անձանցից մեկը ժամանակ առ ժամանակ դուրս է գալիս և ներս հրավիրում լրացուցիչ ցուցակում ընգրկված անձանց:

Այս ընտրատեղամասը տարբերվում է մյուսներից նաև իր անհարմար պայմաններով. այն գտնվում է բնակելի շենքի առաջին հարկում, որի մուտքում և նախասրահում հերթեր են գոյացել: Նեղ ու անհարմար ընտրասենյակում և նախասրահում օդը բավականին ծանր է, և որոշ մարդիկ, չդիմանալով պայմաններին, պարզապես հեռանում են:

Ընտրատեղամասում 1900 ընտրողներից 18:30-ի դրությամբ քվեարկել էր մոտ 960 ընտրող: Այստեղ նաև 58 լրացուցիչ ընտրող կար, որոնցից 50-ը այդ պահի դրությամբ արդեն քվեարկել էր:

Դիտվել է 905 անգամ:
Print Friendly

Leave a Reply