Ընտրատեղամասի դիմաց կուտակված «ուրիշ կյանքով ապրող» մարդիկ սպառնում էին Անկախի լրագրողին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 6, 2012 20:47

Ոստիկանները վեճի ժամանակ անհետացել էին

Քաղաքացիական հասարակության ինստիտուտի իրավական շտապ օգնության կազմը ընտրատեղամասերի փակվելուց առաջ եղավ 13/09 և 13/10 ընտրատեղամասերում, որոնք դուռը դռան են ու միմյանցից սեղաններով են բաժանված:

13/09-ում թե ըստ հանձնաժողովի նախագահի, թե ըստ վստահված անձանց խախտումներ չէին արձանագրվել և ամեն ինչ հանգիստ էր: Սակայն բացակայում էր ՀԱԿ վստահված անձը, որն օրվա ընթացքում իրեն վատ է զգացել ու հիվանդանոց են տեղափոխել:

Երկու ընտրատեղամասերն էլ շատ փոքր էին, քվեախցերն իրար գրեթե կպած, երկուսը միասին հազիվ մեկ ընտրասրահի բավարարեին տարածքի առումով:

Երբ դրսում սպասում ենք ընտրատեղամասի փակվելուն և լուսանկարներ անում, հանկարծ հարձակվողական տոնով վրա են հասնում սևազգեստ մի քանի մարդիկ. ընտրատեղամասի դիմաց մոտ երեսուն-հիսուն մարդ է հավաքված, որոնք ներս չեն մտնում, ընտրողներ չեն:

Հանկարծ նկատում ենք, որ ոստիկանները ընտրատեղամասի փակվելուց րոպեներ առաջ անհետացել են: Իսկ սևազգեստները շարունակում են բղավել, թե «նկարները լավով ջնջի, թե չէ լավ կանենք, որ ապառատը ջարդենք: Մենք ուրիշ կյանքով ապրող մարդիկ ենք, մեզ չպիտի նկարեք,  սրանց հետ կապ չունենք»: Շարունակում են սպառնալ, թե իրենց արարքների համար մենք մեղավոր կլինենք: Խոսքի հետ սևազգեստներից մեկը ձեռքը մեկնում է դեպի ֆոտոխցիկը:

Չնայած բղավոցներին, ոստիկանների հետքն անգամ չի երևում: Ու այս ամենը ոստիկանության Էրեբունու բաժանմունքի  հարևանությամբ:

Փաստաբանի միջամտությունից հետո դժվարությամբ վեճը հարթվում է, սևազգեստները մրթմրթալով հեռանում են, երբ համոզվում են, որ իրենց չենք լուսանկարել:

Դիտվել է 1049 անգամ:
Print Friendly

Leave a Reply