Դիտորդները և վստահված անձինք 9/05 ընտրատեղամասում բազմաթիվ խախտումներ են արձանագրել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 6, 2012 17:34

9/05 ընտրատեղամասում խախտվում է ընտրողների քվեարկության գաղտնիության իրավունքը. Դեռ մուտքի մոտից կարելի է հանգիստ տեսնել, թե ինչ ընտրություն են կատարում քվեախցիկներում գտնվող անձինք:

Ժառանգության վստահված անձ Վարազդատ Հարությունյանը նշեց, թե վաղ առավոտից ահազանգում է այդ մասին, սակայն հանձնաժողովի նախագահը որևէ քայլչի ձեռնարկում: «Ստիպված ես եմ կանգնում այստեղ, որ այլոց թույլ չտամ հավաքվել»,- ասում է նա:

Լևոն Զուրաբյանի վստահված անձ Անահիտ Գասպարյանն էլ ասում է, որ դեռ երեկվանից է ահազանգում քվեախցիկների տեղադրության անհամապատասխանության մասին, սակայն ապարդյուն. «Առաջարկել եմ այստեղ վարագույր կախել, կամ թիկունքը դեպի քվեախցիկները դասավորությամբ աթոռներ շարել, ով է լսում»:

Հանձնաժողովի նախագահ Ավագ Դանիելյանը, սակայն, նշում է, թե  ընտրասրահն է անհարմար և այլ կերպ դասավորել հնարավոր չէր: «Անկախի» լրագրողի պնդումից հետո, թե րոպեների ընթացքում  արդեն երեքից հինգ  մարդու քվեարկության  գաղտնիության իրավունքն է խախտվել, Դանիելյանը թելով պատնեշ է կապում` իբրև թե կանխելու կուտակումները քվեախցիկի թիկունքում:

Ընտրատեղամասում գտնվող ՀԱԿ և Ժառանգության վստահված անձինք նշում են, որ օրվա ընթացքում բազմաթիվ խախտումներ են արձանագրել. քվեախցիկներից մեկում դատարկ ծրար է գտնվել, արդեն իսկ քվեարկած անձը երկու անգամ տեղամաս է եկել ու օգնել, որ այլոք քվեարկեն:

Բացի այդ, տարեց ընտրողների մոտ վստահված անձինք գտել են այցեքարտի նման թղթեր` վրան պատկերված ՀՀԿ-ի լոգոն անվանումով և համարը քվեաթերթիկում:

«Սա կոնկրետ խախտում չէ, սակայն հասկանալի է, թե ինչ է նշանակում»,- ասում է Հարությունյանը:

Նրա խոսքով` նաև առավոտյան ընտրած մարդիկ են գալիս. «Դեմքը հիշում եմ, որ տվյալ մարդը քվեարկել է, բայց անձնագրում կնիք չկա, ցնդվել է, այնպես որ ոչ մի ապացույց, այդ մարդիկ հանգիստ ներս են մտնում»:

«Առավոտյան կնիքը չի ստուգվել, դեռ հազիվ բացված հանձնաժողովի նախագահը այն թաթախեց թանաքի մեջ»,- ասում է ` ՀԱԿ-ի վստահված անձ Սոֆյա Յորբեգյանը` հավելելով, որ դիտորդներից էլ ՀՀԿ-ի վստահված անձն է բոլորի վրա գոռում, հրամայում:

«Մի քանի հոգի էին մոտենում խցիկին ու առանց գրանցման միասին քվեարկում, օգնում սրան-նրան, դա եղել է ողջ օրվա ընթացքում»,- ասում է դիտորդ Հռիփսիմե Սուքիասյանը:

Նշենք, որ ըստ տվյալների` ժամը 16-ի դրությամբ 1789 ընտրողներից մասնակցել է 857-ը, 41-ին օգնել են, որ քվեաթերթիկը լրացնեն:

Դիտվել է 932 անգամ:
Print Friendly

Leave a Reply